Դժոխքի ձոր անունը կրող կիրճը հայտնի է ժայռամագլցողների շրջանակում որպես Երևանից ոչ շատ հեռու, մայրուղուն մոտ և միևնույն ժամանակ քաղաքակրթությունից կտրված մի վայր, որտեղ կան մշակված հետաքրքիր ուղիներ մագլցելու համար: Բարձր ժայռերի արանքում կա հարմար հարթ տարածություն վրան խփելու համար, իսկ կողքին փոքրիկ գետ է հոսում: Սա Հայաստանի ժայռամագլցմամբ զբաղվողների ամենասիրված վայրերից է, բայց նույնիսկ այս ժայռերի վրա մագլցած մարդկանցից շատերը պատկերացում չունեն ինչ տեսարժան վայրեր են ձորի խորքում:
Դժոխքի ձորի ուսումնասիրությունը
2013-ի ամռանը 2 օրով գնացել էինք Դժոխքի ձոր մագլցելու: Երկրորդ օրը կեսօրին 2 հոգով որոշեցինք իջնել ձորը ուսումնասիրելու: Շոգ էր, երկնքից կրակ էր թափվում, իսկական դժոխք էր: Փշոտ ճանապարհով իջանք մինչև գետի հունը: Գետը համարյա ցամաքած էր: Գնալով կիրճն ավելի խոր և գրավիչ էր դառնում, բայց ուսումնասիրելու ժամանակ չկար, պատրաստված չէինք արշավի, եկել էինք հատուկ մագլցելու նպատակով և վերադարձանք ճամբար այն մտքով, որ անպայման պետք է մի օր հատուկ գալ կիրճն ուսումնասիրելու նպատակով:
Դժոխքի ձորի անհասանելիությունը
2014-ի փետրվարին կրկին տեսա Դժոխքի ձորը Ուրծ լեռան գագաթից: Կիրճի գեղեցկությունն ու անունը կանչում էին: Փորձեցի պարզել ճանապարհը, կամ որևէ տեղեկություն ստանալ ձորի մասին, բայց ապարդյուն: Համացանցում ու գրքերում ոչ մի տեղեկություն չկար: Ո՛չ տեղեկություն, ո՛չ նկար: Սպասելու ժամանակ չկար՝ որոշեցինք գնալ բացահայտելու:
Ընկերներիցս երկուսի հետ քննարկեցինք այս միտքը և որոշեցինք երեքով գնալ Դժոխքի ձոր: Մի քիչ ուշացումով հասանք այն կետը որտեղից պետք է սկսեինք արշավը: Կեսօրին սկսեցինք իջնել ձոր ու քայլել Արածոգետի հոսանքն ի վար: Սկզբում ճանապարհն այնպիսին էր, ինչպիսին լինում է կիրճում․ վերելքներով ու վայրէջքներով շարժվում էինք առաջ և չէինք էլ պատկերացնում, թե ինչ արկածներ են մեզ սպասվում առջևում: Հայտնվեցինք մի գեղեցիկ ու շատ նեղ կիրճում՝ ժայռերը սեղմում էին երկու կողմից, իսկ մեջտեղով գետն էր հոսում` տեղ-տեղ առաջացնելով փոքրիկ ջրվեժներ: Այստեղ կիրճը նման էր դրախտի, և զարմանում էինք՝ ինչու է անունը Դժոխքի ձոր, բայց ամեն ինչ դեռ առջևում էր:
Աշխարհագրական տեղեկություններ
Դժոխքի ձորը (Դժոխաձոր, Արածո կիրճ) գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում` Նախիջևանի սահմանի մոտ: Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից և հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով թափվում է Արաքս: Գետի երկարությունը մոտ 25 կմ է, կիրճի խորությունը` 100-400 մ, լայնությունը` 1,5 – 80 մ: Լանջերը լերկ են, ժայռոտ ու զառիթափ: Կան բազմաթիվ կարստային քարայրներ ու խոռոչներ:
Լինելով լեռնային գետ Արածոգետը սնվում է հիմնականում ձնհալքներից ու անձրևաջրերից և վարարում է ապրիլ-մայիս ամիսներին: Վերին հոսանքներում` Հորթուն գյուղատեղի մոտ, կառուցված է Զանգակատան ջրամբարը:
Արածոգետի հոսանքն ի վար
Կարճատև դադարից հետո շարունակեցինք ճանապարհը: Հասանք մի տեղ, որտեղ գետը մտնում էր ժայռերի արանքը և կողքով անցնելու հնարավորություն չկար: Փորձեցինք լանջով շրջանցել քանի որ գետ մտնելը ժամանակատար է, իսկ մինչև մութն ընկնելը հաշված ժամեր էին մնացել: Տարբեր կողմերից փորձեցինք, բայց ապարդյուն, միակ տարբերակը գետով անցնելն էր: Սկսեցինք հանվել, պահեցինք ջրից «վախեցող» ամենաթարկարժեք իրերը` ֆոտոխցիկներն ու սկսեցինք հերթով մտնել սառը ջուրը ու ժայռերից բռնվելով գնալ առաջ:
Փշոտ ճանապարհն ու կարճատև անձրևի հետևանքները
Ճանապարհը փշոտ էր, դժվարանցանելի, ժայռոտ ու զառիթափ, բայց դա մեզ միայն էլ ավելի էր ոգևորում: Այդ ամենի հետ մեկտեղ անձրև սկսվեց, ճիշտ է կարճատև էր, բայց ժայռերն ավելի սղլիկ դարձան, մանավանդ, որ ցեխն էլ հավասարեցրել էր կոշիկի տակացույի անհարթությունները: Միևնույն ժամանակ անձրևից հետո ժայռերը ավելի կարմրեցին, աննկարագրելի գույների համադրություն էր, իսկ մենք ժամանակ չունեինք հիանալու, պետք է շարժվեինք առաջ՝ մութն ընկնում էր:
Նարեի ջրվեժը
Բնության հետ կռիվ տալով շարունակում էինք ճանապարհն ու մեկ էլ նկատեցինք որ ժայռից ջուր է թափվում՝ առաջացնելով երկհարկանի ջրվեժ: Առաջին հարկը այդքան տպավորիչ չէր, բայց երկրորդը` իսկական հրաշք: Այս ջրվեժի մասին ոչ մի աշխարհագրական տեղեկություն և ոչ մի լուսանկար չկար: Ջրվեժը որոշեցինք անվանել մեր փոքրիկ արշավախմբի միակ աղջկա` Նարեի անունով:
Նարեի ջրվեժի ջուրը քիչ էր, բայց այնպես գեղեցիկ ու հավասարաչափ էր ծորում նեղ ժայռերի արանքից… մենք հիացած էինք մեր փոքրիկ բացահայտումով:
Ջրվեժից հետո…
Մի քիչ էլ վեր ու վար արեցինք անցնելու տեղ ման գալով, և ինչպես սպասելի էր մութն ընկավ: Նախիջևան գնալու ցանկությունը մեծ է, բայց ոչ երեք հոգով: Հանեցինք լապտերները, կողմնացույցը դրեցինք քարտեզի վրա ու սկսեցինք շարժվել դեպի հյուսիս-արևելք:
Թե ոնց հասանք մայրուղուն ու կանգնացրեցինք մեքենա, որով կովեր էին տեղափոխում ընթերցողին երևի չհետաքրքրի…
Հ.Գ. Դժոխքի ձոր ցանկալի է գնալ տեղանքին ծանոթ մարդու ուղեկցությամբ: Կիրճում կան կյանքի համար վտանգավոր հատվածներ, որտեղ պետք է անցնել ապահովմամբ: Մոլորվելու դեպքում կարող եք հայտնվել հակառակորդի դիրքերի մոտ:
Դժոխքի ձոր իրականացրած մեր երկօրյա արշավի լուսանկարներն ու տեսանյութը դիտեք այստեղ` Դժոխքի ձորի հոսանքն ի վար
Տեքստը՝ Տիգրան Շահբազյանի
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի և Կարո Սահակյանի
Էքսպեդիցիոն արշավի անդամներ` Տիգրան Շահբազյան, Նարե Մկրտչյան, Կարո Սահակյան
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: