info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սասնո Բոլոր

Սասուն

Սասնո Բոլոր

2025 թ․-ի ապրիլի 18-24-ը իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։ Սա առաջին ուղևորությունն է, որն իր մեջ ներառում է պատմական Սասուն գավառի բոլոր շրջանները։ Երթուղու մեջ ընդգրկված են ոչ միայն Սասունի նշանավոր սրբատեղիներն ու տեսարժան վայրերը, այլև ոչ հայտնի ու շատ քիչ այցելվող հայկական հուշարձանները, որոնց զգալի մասն այս պահին ոչնչացման եզրին է։ Նյութական-մշակութային շերտն ուսումնասիրելուց բացի բացառիկ հնարավորություն ենք ունենալու շփվել տեղի հայ համայնքների հետ, ուսումնասիրել տեղի արհեստները, խոհանոցը, հավատալիքները։

Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ

Վաղ առավոտյան՝ անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական ասահմանները, կուղևորվենք Կարս, որտեղ կունենանք կանգառ ճաշի համար։
Այնուհետև Սարիղամիշով կուղևորվենք դեպի Բասենի դաշտ՝ հետևելով Արաքս գետի հոսանքին։

Սասնո բոլոր

Կշարունակենք ճանապարհը դեպի Մշո Բուլանուխ, իսկ ճանապարհին մեզ կուղեկցեն գարնանային Կոփի դաշտը և Բլեջան լեռան համայնապատկերը։
Օրվա ավարտին կունենանք հանդիպում Մուշի հայ համայնքի հետ։
Գիշերակացը Մուշում։

Օր 2։ Դեպի Խոյթ

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Խութ-Բռնաշեն (պատմական Սասունի հյուսիս-արևելք)։ Այնուհետև կշարունակենք դեպի Կծանք գյուղ, որտեղից թեթև քայլարշավ կիրականացնենք դեպի Սուրբ Աղբերիկ՝ Սասունի առաջին եպիսկոպոսանիստ վանքը։ 

Օրը խոստանում է հագեցած լինել, քանի որ այստեղից մեր ճանապարհը շարունակվում է ընդհուպ մինչև Մարութա լեռան արևելյան փեշեր՝ գյուղ Արծվիկ, Սուրբ Դանիել։ 

Սասնո բոլոր

Ավելի ուշ կուղևորվենք Խութի Վարի Շենիստ, որտեղ հանդիպելու ենք հայ մեղվապահների հետ։ Կշարունակենք դեպի Տափ գյուղ, որտեղ կայցելենք կավագործության միակ ու վերջին արհեստանոցը Սասունում, այնուհետև կունենանք թոնրի պատրաստման մաստեր կլաս։
Ընթրիք և գիշերակաց Դատվանում` Վանա լճի ափին։

Օր 3։ Կամուրջների երկիր Սասուն

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Սասունի հարավ` Հազզոյի շրջան։
Հետևելով պատմական Մետաքսի ճանապարհին կհայտնվենք գեղատեսիլ Նորշենում, որտեղ մասամբ պահպանվել է Սասունի ամենատպավորիչ կամուրջներից մեկը՝ հիմքերում իջևանատուն-սենյակներով։
Կտեսնենք նաև Կուսգետի ջրամբարը, Հազզոյի բերդը։

Բաթմանի կամուրջ

Օրվա երկրորդ կեսին կհասնենք Սասունի հարավային դարպասին` Բաթմանա կամրջին։
Շարժվում ենք Սասունի արևմուտք։ Այստեղ է Գդորնի քարե կամուրջը և մի ամբողջ քարանձավային քաղաք` գեղատեսիլ Խուլբաջուր գետի վրա։
Փասուր գյուղում կունենանք հանդիպում տեղի հայ արհեստավորների հետ։ 

Գիշերակացը՝ Խուլբում։

Օր 4։ Սյան Սյունը

Նախաճաշ հյուրանոցում
Մեկնում ենք դեպի Սասունի սիրտը՝ Սյան սյուն կամ Դավթի բերդ, գյուղ Քաղքիկ։ Այստեղից բացվող Ծովասարի համայնապատկերով էլ կշարժվենք դեպի Սասունի մեկ այլ խորհրդավոր սրբատեղի՝ ժայռափոր Ժռենց վանք։
Այնուհետև շարունակում ենք երթուղին դեպի Բսանաց գավառ, որտեղ մեզ է սպասում Սուրբ Պետրոս Մատնեվանք կամ Գոմոց վանքը, որին հասնելու համար թեթե քայլարշավ կունենանք։

Գոմոց վանք

Սասունի վերջին հոգևոր կենտրոն, փառահեղ ու լեգենդար Գոմոց վանքի բարձունքից էլ կվայելենք Մարաթուկի տպավորիչ համայնապատկերը և կմեկնենք Խաբլջոզ՝ Սասնա ջրի կարմրախայտ համտեսելու /հյուրասիրություն Արմջեո-ի կողմից/։
Հագեցած օրը կավարտենք Բացի գյուղում՝ վայելելով միջնադարյան բերդն ու տեղի հայերի հյուրընկալությունը։
Գիշերակաց Խուլբում:

Օր 5։ Քաջ Տալվորիկ

Նախաճաշ հյուրանոցում և Մեկնում Տալվորիկ։

Մեր ճամփորդության 5-րդ օրը, թերևս, ամենահագեցածն է լինելու՝ ճոխ տեսարանների և անմոռանալի զգացողությունների առումով։ Գարնանային Տալվորիկի լեռները, Տալվորիկի ջուր գետը, Բերդի քարից բացվող տեսարանները, քաջերի օրրան Տալվորիկի միակ մուտք ու ելք համարված Սատանի կամուրջը, որն իրականում ավելին է, քան պարզապես կամուրջ․․․ Սակայն այս և մնացած գաղտնիքների մասին կխոսենք արդեն տեղում։

Սասնո բոլոր

Այս ամբողջ ընթացքում կանցնենք նաև Հոփեր, Մամըկա, Կթորնի, Դուալենք, Արտխո, Փուրխ, Խլհովիտ գյուղերի տարածքներով։
Այնուհետև մեզ է սպասում Դարկոշ լեռան լանջին թառած Ընձքարը, իր՝ մինչ օրս որպես գործող սրբատեղի ծառայող Սուրբ Գևորգ նշանավոր վանքով։ Օրը կավարտենք տեղի հայ ընտանիքների հետ ջերմ երեկոյով։
Գիշերակացը՝ Մուշում։

Օր 6։ Անդոկապատում

Նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Սասնո Շատախ։
Ճեղքելով արևելյան Տավրոսը Մուշից` հյուսիս կենտրոնական հատվածով նորից մուտք ենք գործում Սասուն, անցնելով Սիմ լեռան թունելով: Այս օրվա երթուղին նվիրում ենք Անդոկին՝ Սասունի հյուսիսային պահապանին։ Անցում կունենանք Սեմալ և Շենիկ գյուղերով, որտեղից Անդոկի համայնապատկեր կվայելենք ամենաազդեցիկ՝ հյուսիս-արևելյան կողմից։
Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Սասունի երբեմնի ամենամեծ գյուղը՝ Գելիեգուզան։ Այստեղ կայցելենք Թուխմանուկի մատուռ /ներկայում բնակելի տուն/ և Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանատեղի։

Մշո Առաքելոց վանք

Քիչ ավելի հարավ շարժվելով կհասնենք նաև Աղբի գյուղ, որտեղ կտեսնենք Աղբիի կիսապահպանված բազիլիկ տաճարը։
Անցումներ կունենանք Քոփ, Գեղաշեն, Շուշնամերկ, Տափըք գյուղերով։
Տուրը եզրափակում ենք վերելքով Մշո Առաքելոց` Մուշի և Սասունի սահմանագծին` Ծիրնկատարի լանջին:
Գիշերակաց Էրզրումում։

Օր 7։ Վերադարձ Երևան

Նախաճաշ հյուրանոցում։ 

Առավոտյան զբոսանք Կարինում։ 

Կանգառ Կարսում՝ ճաշի համար։ 

Կարս

Անցում վրաց-թուրքական և վրաց-հայկական սահմաններով։

Ժամանում Երևան։

Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:

Սոֆիա Հակոբյան