Սասնո Բոլոր
2025 թ․-ի ապրիլի 19-24-ը (ներառում է 3 ոչ աշխատանքային օր) իրականացնելու ենք բացառիկ ճամփորդություն դեպի Սասուն։ Սա առաջին ուղևորությունն է, որն իր մեջ ներառում է պատմական Սասուն գավառի բոլոր շրջանները` Ծովասարը, Շատախը, Խութ Բռնաշենը, Խուլբ-Խիյանքը, Բսանացը, Տալվորիկը, Մարաթուկը, Հազզո-Խաբլջոզը, Մոտկանը և Սասունի լեռներից սկիզբ առնող բոլոր խոշոր գետերի` Սասնա ջրի, Խուլբաջրի, Տալվորիկի ջրի ու Խարզանի ավազանները։
Երթուղու մեջ ընդգրկված են ոչ միայն Սասունի նշանավոր սրբատեղիներն ու տեսարժան վայրերը, այլև ոչ հայտնի ու շատ քիչ այցելվող հայկական հուշարձանները, որոնց զգալի մասն այս պահին ոչնչացման եզրին է։ Նյութական-մշակութային շերտն ուսումնասիրելուց բացի բացառիկ հնարավորություն ենք ունենալու շփվել տեղի հայ համայնքների հետ, ուսումնասիրել տեղի արհեստները, խոհանոցը, հավատալիքները։
Օր 1։ Երևան – Բավրա – Կարծախ
Վաղ առավոտյան՝ անցնելով հայ-վրացական և վրաց-թուրքական ասահմանները, կուղևորվենք Կարս, որտեղ կունենանք կանգառ ճաշի համար։
Այնուհետև Սարիղամիշով կուղևորվենք դեպի Բասենի դաշտ՝ հետևելով Արաքս գետի հոսանքին։
Այստեղից ճանապարհը շարունակում ենք դեպի Մշո չքնաղ Բուլանուխ՝ վայելելով գարնանային Կոփի դաշտը և Բլեջան լեռան համայնապատկերը։
Օրվա ավարտին կունենանք հանդիպում Մուշի հայ համայնքի հետ։
Գիշերակացը Մուշում։
Օր 2։ Դեպի Սասնո Շատախ և Խոյթ
«Սասնո բոլոր» ճամփորդությունը սկսում ենք Սասունի սրտից՝ Ծովասարից ու Շատախից, որոնց տարածքի զգալի մասը շատ հեղինակներ կոչել են նաև Բուն Սասուն: Սասունի երբեմնի ամենամեծ գյուղ՝ ընկուզաշատ Գելեգուզան հասնելու համար Մշո դաշտից շարժվում ենք հարավ՝ Սիմ լեռան թունելով հաղթահարելով Արևելյան Տավրոսի լեռներն ու հայտնվելով Սասուն աշխարհում:
Սեմալն ու Շենիկը, որոնք ժամանակին Սասունին տիրել ցանկացողների կողմից առաջին հարվածն ընդունողներն էին, առաջինն են դիմավորում մեզ: Վայելելով Անդոկի ամենաֆանտաստիկ՝ հյուսիսային կողմից բացվող ազդեցիկ համայնապատկերը շարժվում ենք Գելիեգուզան՝ դեպի Թուխմանուկի մատուռ, Աղբյուր Սերոբի և Հրայր Դժոխքի գերեզմանատեղի:
Այնուհետև, ընկղմելով Սասնո Շատախի խորքերը և անցնելով Աղբի, Շուշնամերկ, Գերմավ և Տափըկ գյուղերի կողքով, լեռնային ճանապարհով տեղափոխվում ենք դեպի Խութ-Բռնաշեն։
Պատմական Սասունի հյուսիս-արևելյան այս հրաշագեղ կտորը իր զմրուխտե մարգագետիններով և ծաղկած սարերով մեր առաջ է բացում լրիվ այլ՝ ավելի մեղմիկ Սասուն: Մեր նպատակակետն է Կծանք գյուղը, որտեղից թեթև քայլարշավ կիրականացնենք դեպի Սուրբ Աղբերիկ՝ Սասունի առաջին եպիսկոպոսանիստ վանքը և նախաքրիստոնեական ժամանակներից այստեղ սրբացված ջրի աղբյուրը:
Այնուհետև կուղևորվենք Տափ գյուղ, որտեղ կայցելենք կավագործության միակ ու վերջին արհեստանոցը Սասունում, կունենանք կավե թոնիրների պատրաստման մաստեր կլաս։ Այս օրը Բռնաշենի գյուղերից մեկում մեզ են սպասելու նաև տեղի հայ մեղվապահները:
Գիշերակաց Դատվանում` Վանա լճի ափին։
Օր 3։ Կամուրջների երկիր Սասուն
Առավոտյան կուղևորվենք դեպի Սասունի հարավ` արևաշատ Հազզոյի շրջան, պտույտ կատարելով Մոտկանի վսեմ լեռների շուրջ:
Հետևելով պատմական Մետաքսի ճանապարհին կհայտնվենք զարմանահրաշ Նորշենում, որտեղ մասամբ պահպանվել է Սասունի ամենատպավորիչ կամուրջներից մեկը՝ հիմքերում իջևանատուն-սենյակներով։
Կտեսնենք նաև Կուսգետի ջրամբարը, կհասնենք Սասունի հարավային դարպասին` Բաթմանա կամրջին։
Շարժվում ենք Սասունի արևմուտք` Խիյանի և Խուլբի շրջան: Այստեղ է Գդորնի քարե կամուրջը և մի ամբողջ քարանձավային քաղաք՝ գեղատեսիլ Խուլբաջուր գետի վրա։
Օրն ավարտելու ենք բացառիկ այցով. ընդամենը երկու տարի առաջ պեղված և վաղ քրիստոնեական շրջանի պատկանող մի ամբողջ համալիրով, որը հասցրել են տեսնել հատուկենտ մասնագետներ միայն, և իհարկե` մենք։
Գիշերակացը՝ Խուլբում։
Օր 4։ Սյան Սյունը
Մեր բացառիկ ուղևորության, թերևս, ամենաբացառիկ օրվան մոտեցանք:
Մեկնում ենք դեպի Սասունի պատմության սկզբնակետը՝ Սյան սյուն կամ Դավթի բերդ։ Խորհրդավոր, գաղտնիքներով լի ու եզակի այս վայրում թաքնված է ոչ միայն մեր էպոսի կորիզը… այլև… այ այդ մասին տեղում:
Այստեղից բացվող Ծովասարի համայնապատկերով էլ կշարժվենք դեպի Սասունի մեկ այլ խորհրդավոր սրբատեղի՝ ժայռափոր Ժռենց վանք։
Շարունակում ենք երթուղին, էլ ավելի մխրճվելով կենտրոնական Սասունի խորքերը, դեպի Բսանաց գավառ, որտեղ մեզ է սպասում Սուրբ Պետրոս Մատնեվանք կամ Գոմոց վանքը, որին հասնելու համար թեթև քայլարշավ կունենանք։
Սասունի վերջին հոգևոր կենտրոն, փառահեղ ու լեգենդար Գոմոց վանքի բարձունքից էլ կվայելենք Մարաթուկ լեռան, Բադըրմուտ, Մըջգեղ, Գոմք, Քիլիս, Կորընկես, Ջրթնիկ, Թաթուկ, Փշուտ գյուղերի տպավորիչ համայնապատկերը:
Թվում է՝ էլ ինչ է պետք Սասնո բոլոր պտտվողներին երջանկության համար: Բայց, արի ու տես, օրվա գլխավոր անակնկալը դեռ առջևում է: Ուղևորվում ենք Մարաթուկի շրջան՝ տեղի հայերի բացսիրտ հյուրընկալությունն ու դեռ հայերեն հնչող խոսքն ու զրույցը վայելելու:
Բացառիկ այս փորձառությունը բազմաթիվ խնդրանքներով չէր կարող իր տեղը չգտնել «Սասնո բոլոր» երթուղում, քանի որ Սասունն, ինչպես գիտենք, առաջին հերթին մարդիկ են:
Ուղևորության այս հատվածի մյուս մանրամասները մինչ այցի օրը կմնան խիստ գաղտնի՝ տեղի մեր հայրենակիցների անվտանգությունից ելնելով:
Մեր գերհագեցած անմոռանալի օրն ավարտելու ենք Խաբլջոզում Սասնա ջրի ափին՝ տեղական կարմրախայտի ընթրիքով (հյուրասիրություն Արմջեոյի կողմից):
Օր 5։ Երկաթ ծնող ու ծռող Տալվորիկ
Մեր ճամփորդության 5-րդ օրը, թերևս, ամենաթեժն է լինելու՝ ճոխ տեսարանների և անմոռանալի զգացողությունների առումով։
Ասում էին՝ Գելիեգուզանը Սասունի սիրտն էր, իսկ Տալվորիկը՝ երկաթե դարպասը:
Վաղ առավոտյան նախ կշտապենք Փասուրում գտնվող հայ երկաթագործների արհեստանոց՝ Տալվորիկյան երկաթագործության ավանդույթները պահած վերջին սերնդի հետ անձամբ ծանոթանալու:
Այնուհետև կտեսնենք գարնանային Տալվորիկի լեռները, դրանց լանջերից ամեն անկյունից թափվող սառնորակ ջրերը, Բերդի քարի բարձունքից բացվող տեսարանները, քաջերի օրրան Տալվորիկի միակ մուտք ու ելք համարված Սատանի կամուրջը և դրա շուրջ նախաքրիստոնեական պաշտամունքային ավազանները։
Այս ամբողջ ընթացքում կանցնենք նաև Հոփեր, Մամըկա, Կթորնի, Դուալենք, Արտխո, Փուրխ, Խլհովիտ գյուղերի տարածքներով։
Եվ վերջապես՝ Մուշ վերադարձից առաջ, մեզ է սպասում Խուլբի շրջանի գոհարի՝ Դարկոշ լեռան լանջին թառած Ընձքարը, իր՝ մինչ օրս գործող սրբատեղի Սուրբ Գևորգ վանքով և շուրջը տարածվող հայաբնակ թաղամասերով:
Գիշերակացը՝ Մուշում։
Օր 6։ Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի: Հյուրանոցում նախաճաշելուց հետո հետդարձի ճանապարհն ենք բռնում՝ այս անգամ Խնուսով անցնելով դեպի Կարս, Ջավախք և կեսգիշերին մոտ հասնելով Երևան:
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ Սոֆիա Հակոբյանը:
Ճամփորդության արժեքը՝ 690 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Թուրքագետ գիդի ծառայություն
- Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
- Գիշերակացերը հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
- Կարմրախայտի հյուրասիրություն
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ)
- Ճաշտն ու ընթրիքը
- Ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։