«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»
Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք, ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն:
Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Երևանի միակ և ամենահին գդակագործը
Արդեն մոտ 65 տարի է Ժիրայր Չիթչյանը կամ վարպետ Ժիրայրը նույն արհեստանոցում գլխարկներ է կարում տղամարդկանց համար: Երևանի տղամարդկանց կեսից ավելիի գլխարկները վարպետ Ժիրայրի ձեռքով են պատրաստվել: Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում: Վարպետ Ժիրայրի համար գլխարկ կարելը ո՛չ բարդություն ունի, ո՛չ էլ նրբություն, իր առօրյան է՝ հաճախորդն ընտրում է, ինքն էլ մի քանի ժամվա մեջ պատրաստի գլխարկը հանձնում է տիրոջը: Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ վարպետ Ժիրայրն է Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետը:
Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան
Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը:
Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է զերծ մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:
Մուշուրբա կամ կլկլան բաժակ
Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է Գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում:
Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է: Վարպետ Էդիկը մուշուրբայի պատրաստման համար օգտագործում է պապական մուրճերը, որոնք գաղթի ժամանակ պապերը էրզրումից են բերել:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները:
Լարախաղացություն՝ այժմ արդեն Սլեքլայնինգ
Դժվար է հստակ առանձնացնել լարախաղացությունն արվեստ է, արհեստ թե մշակույթ , սակայն ինչպես էլ այն անվանենք այսօր լարախաղացների գրեթե չենք հանդիպի: Ժամանակին լարախաղացը յուրաքանչյուր ազգային տոնակատարության անբաժան մասն էր կազմում, իսկ այսօր լարախաղացները պարզապես չեն զբաղվում իրենց սիրելի արհեստով: Լարախաղացը երաժշտախմբի նվագակցությամբ պարում է երկու սյուների մեջ ձգված լարի վրա, իսկ նրա խաղակից ծաղրածուն միևնույն ժամանակ գումար է հավաքում հանդիսականներից և կրկնօրինակում լարախաղացի շարժումները:
Այսօր լարախաղացությանը փոխարինելու է եկել ժամանակակից սլեքլայնինգը: Սլեքլայնինգը հատուկ մարզաձև է, որը զարգացնում է հատուկ երկու հենարանների վրա ձգված լարի վրայով քայլելու հմտությունները: Ի տարբերություն լարախաղացության պարանի սլեքլայնը ավելի քիչ է ձգված, որպեսզի ստեղծի թրթռացող դինամիկ գիծ:
Գուցե ժամանակակից սլեքլայնինգը կնպաստի ավանդական լարախաղացության մշակույթի պահպանմանը և ավելի մեծ ճանաչում կստանա երիտասարդության շրջանում:
Կլայեկագործություն – պղինձ փայլեցնելու արհեստը
Կլայեկագործությունը պղնձե տարաները անագով պատելու (կլյակելու) արհեստն է: Նախկինում կենցաղում օգտագործվում էին բացառապես պղնձե տարաներ և ափսեներ, և որպեսզի դրանք օգտագործման ընթացքում չժանգոտվեին նախապես պատվում էին անագով կամ այսպես կոչված կլայեկով: Անագապատող վարպետին անվանում էին կլեկչի: Էջմիածնում ապրող Վաղինակ Մանուկյանը Հայաստանի միակ կլայեկագործ վարպետն էր: Վարպետի համար իր արհեստը ապրելու իմաստ էր, իսկ կլայեկի հոտը՝ առանձնահատուկ հաճույք: Վարպետ Վաղինակը իր արհեստը փոխանցել է որդիներին, որպիսզի պահպանի հայկական հինավուրց և անհետացող արհեստի շունչը:
Արհեստները Հայաստանում միշտ էլ հարգի են եղել: Շատ հաճախ նույնիսկ տվյալ արհեստը ազգանվան հիմք է հադիսացել և ընտանիքին կոչել են հենց այդ ազգանունով: Սակայն գիտության և տեխնիկայի զարգացումը հանգեցրեց մի շարք արհեստների վերացմանը: Այժմ էլ արհեստ ունեցողները յուրահատուկ տեղ են գրավում հասարակության մեջ՝ լինելով իրենց արհեստի բացառիկ կրողները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին