Դեղձնուտի վանք
Դեղձնուտի վանք հոգևոր-մշակութային կենտրոնը գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 9կմ դեպի հարավ-արևմուտք: Ճարտարապետական հորինվածքով, զարդաքանդակների և արտաքին հարդարանքի շնորհիվ համարվում է հայ արվեստի պատմության կարևորագույն մշակութային հուշարձան:
Պատմությունը
Ըստ արձանագրությունների վանքի կառուցումը սկսվել է 1258թ.-ից, իսկ ավարտին հասցվել 1274թ.-ին.: Համարվում է, որ Դեղձնուտի վանքն իր ծաղկման գագաթնակետին է հասել Մահկանաբերդի իշխան Սադունի տիրապետության օրոք՝ լինելով հոգևոր և մշակութային կենտրոն: Ձեռագրերի հիշատակությունները վկայում են նաև, որ Դեղձնուտի վանքը եղել է գրչության կենտրոն՝ հռչակ ստանալով Առաքել վարդապետի շնորհիվ: Նրա մոտ ուսանելու էին գալիս տարբեր գավառներից, նույնիսկ այնպիսի հռչակավոր հոգևոր կենտրոնից, ինչպիսին էր Գանձասարի վանքը:
13-րդ դարի երկրորդ կեսից հետո պատմական կամ վիմագրական տեղեկություններ Դեղձնուտի մասին չկան: Սակայն վանքի շուրջ՝ ավելի ուշ կառուցված շինությունները, վկայում են այն մասին, որ վանքն իր գործունեությունը շարունակել է նաև հետագայում:
Վանքի շինարարական արձանագրությունները սակավ են՝ կատարված ավերված խաչքարի վրա, որտեղ նշվում է վանքի հիմնադիր՝ Առաքել վարդապետի մասին: Ըստ երևույթին նա հարկ չի համարել դրա մասին վկայելու բոլոր կառույցների հիմնաքարերի կամ պատերի վրա: Խոսելով վանքի հարդարանքի մասին, չենք կարող անտեսել այն փաստը, որ վանքի յուրաքանչյուր կառուցվածքային հորինվածք զարդարված է տարբեր տեսակի՝ բուսական, երկրաչափական նախշերով:
Ճարտարապետությունը
Դեղձնուտի վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, նրա գավիթից և փոքր եկեղեցուց: Սակայն հիմնական հուշարձանային խմբից բացի վանքի շրջակայքում են գտնվում գյուղատեղ Դեղձնուտը, փոքր մատուռը և գերեզմանոցը:
Գյուղատեղին ձգվում է վանքի հյուսիս-արևմուտքից մինչև արոտավայրերը տանող ճանապարհը: Բացի հյուսիս-արևմտյան կողմից, տարածքը հիմնականում խիտ անտառածածկ է՝ փարթամ բուսականությամբ: Այս տարածքում կան բազմաթիվ բնակելի շենքերի ավերակներ: Կառույցները, որոնք ավելի մոտ են գտնվում վանքին, ամենայն հավանականությամբ, պատկանել են միաբանությանը, իսկ ավելի փոքրերը՝ տեղացիներն:
Գյուղատեղիի հյուսիս-արևմտյան ծայրով ձգվում են գերեզմանոցներն ու մատուռը՝ գտնվելով ճանապարհի եզրին՝ բլրի վրա: Մատուռը կառուցված է կապտավուն որձաքարի մանր կտորներով, սակայն պահպանվել են միայն մեկ մետր բարձրության պատերը: Մատուռի շրջակայքում է տարածված պատմական գերեզմանոցը, որտեղ գտնվել են բազմաթիվ անմշակ տապանաքարեր և խաչքարերի քառակուսի սրբատաշ պատվանդանները: Ցավոք վերոնշյալ խաչքարերը չեն պահպանվել, ինչպես նաև որևէ արձանագրություն, որից պարզ կլիներ մատուռի և գերեզմանոցների ստեղծման տարեթվերը: Սակայն այս կառուցվածքների ճարտարապետաշինարարական հորինվածքը ինքնին վկայում է մատուռի և վանքի ժամանակամերձ լինելու մասին:
Գլխավոր եկեղեցի
Այն ունի ուղղանկյուն հատակագիծ, կառուցված է բաց մոխրագույն և դեղնավարդագույն անդեզիտի սրբատաշ քարերից: Հորիվածքը գմբեթային է, սակայն առանց սյուների: Մուտքի կողմերից գտնվում են չորս հիմնական և երկու երկրորդական որմնասյուները, որոնք հենվում են արևմտյան պատի վրա:
Եկեղեցու արտաքին ճակատներն առհասարակ մշակված են մեծ վարպետությամբ և գեղագիտական ճաշակի վառ արտահայտմամբ: Հյուսիսային, հարավային և արևելյան պատերին կան երկուական անկյունային որմնախորշեր, որոնք զարդարված են ճոխ քանդակներով: Զարդաքանդակների հորինվածքով և կատարողական բարձր արվեստով, առավելապես ուշադրության է արժանանում արևմտյան դռան շրջանակը՝ լինելով հայկական եկեղեցաշինության մեջ լավագույն շքամուտքերից մեկը:
Գավիթ
Գավիթն իր լուծումներով նման է գլխավոր եկեղեցուն: Գտնվում է վանքի արևմտյան կողմում՝ կից տեղակայված: Կառուցված է նույն բաց վարդագույն սրբատաշ անդեզիտի քարերից և ինչպես եկեղեցին՝ առանց սյուների է: Հիմնված է ութ որմնասյուների վրա, որոնք միանում են կամարներին և խաչաձևվում՝ անկյուններում կազմելով կառույցի ծածկը: Վերջինս հատակի հետ միասին սալածածկ է:
Հետաքրքիր լուծում ունեն գավթի հյուսիսային և հարավային պատերի վերևում կորացող հատվածների շարվածքները: Ներքևից դեպի վերև հաջորդաբար ամեն նոր շարք շարված է նախորդից մի քանի սմ տարբերությամբ՝ ձևավորելով ոչ թե հասարակ հարթ մակերես, այլ՝ աստիճանաձև: Հարավային պատի մեջ բացվում են զույգ պատուհաններ՝ միմյանցից առանձնացված ութանիստ սրբատաշ սյունով: Գավիթն ունի երկու մուտք, որոնցից գլխավորն արևմտյան պատի կենտրոնում է՝ դրսից քանդակազարդ շրջանակի մեջ առնված, իսկ երկրորդը՝ հյուսիսային պատի մեջ՝ հյուսիս-արևմտյան կամարին կից, որը տանում է դեպի բնակելի շենքերը։
Գավթի հատակին ընկած է մի տապանաքար, որի արձանագրություններն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ այն վանքի հիմադիր Առաքել վարդապետի գերեզմանաքարն է՝ առանց մահվան ստույգ թվագրման:
Խաչքարը
Այն գտնվում է գլխավոր եկեղեցու մուտքի մոտ՝ հյուսիսային կողմում գտնվող պատվանդանի վրա: Խաչքարը բաժանված է բեկորների և ընկած է գավթի հատակին՝ պատվանդանից ոչ հեռու: Խաչքարի պահպանված բեկորները հավաքել են 1948թ. Դեղձուտի վանքի մաքրման աշխատանքների ժամանակ՝ հնարավորինս ամբողջականացնելով խաչքարի տեսքը: Խաչքարը միասնական տեսքի բերելը շատ կարևոր էր՝ առկա արձանագրության շնորհիվ: Ցավոք, չի հաջողվել խաչքարն ամբողջական վերականգնել՝ մի շարք հատվածների բացակայության պատճառով:
Չնայած դրան, խաչքարը մեզ տալիս է որոշակի տեղեկություններ: Այն համարվում է հայկական բարձրաքանդակ խաչքարի լավագույն օրինակ՝ զուրկ ավելորդություններից՝ կատարված լինելով վարպետորեն և բարձր ճաշակով: Այն ոչ՛ գերեզմանական կոթող է, ոչ՛ էլ պատմական որևէ իրադարձության հավերժացման հուշարձան: Առաքել վարդապետի մտահաղացմամբ, այն պետք է պատմեր վանքի բոլոր կառույցների մասին՝ ամփոփելով մեկ տեղում ողջ տեղեկությունը: Ի տարբերություն մյուս արձանագրությունների, որոնք հիմնականում կապված են նվիրատուների հետ՝ տալով տեղեկություններ նրանց մասին, այս խաչքարն անփոխարինելի է, քանի որ վկայում է վանքի 1250-70-ականներին կառուցվելու մասին:
Այս արձանագրության շնորհիվ մենք իմանում ենք, որ վանքի գլխավոր եկեղեցին, գավիթն ու խաչքարը կառուցել է Առաքել վարդապետը: Խաչքարը կանգնեցվել է վանքի մյուս կառույցներն ավարտելուց հետո՝ 1274թ.: Խաչքարի հեղինակներն են Պողոս և Քաղաք վարպետները: Եվ հավանական է, որ վանքի մյուս կառույցների եթե ոչ ճարտարապետները, ապա քանդակազարդ վարպետները, նույնպես նրանք են: Այս վարկածն առաջ է քաշում հնագետ, պատմաբան Ս. Բարխուդարյանը, հիմք ընդունելով եկեղեցիների, գավթի և խաչքարի զարդաքանդակների հորինվածքային նմանությունները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: