Դեբեդի կիրճ
Դեբեդ գետը կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից: Երկարությունը 178 կմ է, որից 152 կմ-ը հոսում է Հայաստանի տարածքով: Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ գետն է: Դեբեդի կիրճի խորությունը Թումանյան կայանի մոտ կազմում է 350 մ: Դեբեդի կիրճն ու գետը պատկերավոր նկարագրված են Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագառվում է Դեբեդի կիրճում միայնակ գիշերելուց հետո:
Դեբեդի ափամերձ հատվածում գտնվում են բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ Հաղպատ, Սանահին, Ախթալա, Քոբայր, Հոռոմայր եկեղեցիները և այլն:
Սանահին և Հաղպատ
Սանահինի և Հաղպատի վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կա մի լեգենդ, որը պատմում է Հաղպատ և Սանահին վանքերի կառուցման մասին:
Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին և սկսում աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջև վեճ է ծագում: Որդին գժտվում է հոր և ենթավարպետի հետ և թողնելով շինարարությունը հեռանում է: Մեկ ուրիշ իշխան հրավիրում է նրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ որ շենք է բարձրանում: բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին և երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. Հա՛խ պատ է (իսկական ամուր պատ է): Այս ասելով, վարպետը փաթաթվում է որդուն, համբուրում նրան և հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ: