info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հոկտեմբերի 9 – Հայաստանի լեռների օր

Հայաստանի լեռների օր

Հայաստանի լեռների օր

Ամեն ժողովուրդ և երկիր ունի իր խորհրդանիշները, ինչպես օրինակ՝ եգիպտական բուրգերը Եգիպտոսում, Հիսուսի արձանը Բրազիլիայում, Քարե արձանները Զատկի կղզում կամ Թաջ Մահալը Հնդկաստանում: Հայաստանի դեպքում շատ խորհրդանիշների մեջ առանձնացվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը՝ 5165 մ բարձրությամբ:

Վերելք Մասիս լեռ

Արարատը՝ որպես խորհրդանիշ, տարբերվում է բազմաթիվ ազգերի խորհրդանիշներից նրանով, որ սա ուղղակի մի երկրի մշակույթ կամ բնաշխարհ բնութագրող խորհրդանիշ չէ, այլ ապագայի խորհրդանիշ: Սա խորհրդանիշ է, որին պետք է հասնենք: Դարի սկզբի իրադարձություններից հետո երբ Արևելյան Հայաստանը անկախացավ, իսկ Արևմտյանը անորոշ ժամանակով մնաց Թուրքիայի կազմում, աշխարհասփյուռ հայության համար Մասիսը դարձավ բռնազավթված հայրենիքի և այն վերադարձնելու խորհրդանիշ:

Մեր բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է

Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Մեր բնակավայրի աշխարհագրական անունն արդեն իսկ խոսում է մեր կենցաղի ու մշակույթի մասին: Հայկական լեռնաշխարհ՝ հայերի աշխարհ, շրջապատված լեռներով ու ձորերով: Ցավով պետք է հիշել, որ այսօր մեր հայրենիքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի ընդամենը մի փոքր՝ հյուսիս-արևելյան մասը:

Հայկական լեռնաշխարհ / Բարդող լեռ

Որոշ մարդիկ դեռ կարծում են, որ մենք ապրում ենք Կովկասում և հայերը կովկասցիներ են, բայց սա մտածված մոլորություն է, որի մեջ հավանաբար մեզ գցեց ԽՍՀՄ-ը և առիթից օգտվեց Թուրքիան՝ Հայկական լեռնաշխարհը կոչելով Արևելյան Անատոլիա, բայց սա առանձին թեմա է:

Ապրել ծովի ափին և լողալ չիմանալ

Խոսելով Հայաստանից ու լեռներից՝ չեմ կարող չանդրադառնալ նրան, որ ապրել լեռներում և չգնալ լեռներ նման է նրան, որ ծովի ափին ապրողը լողալ չիմանա: Հայաստանում լեռնագնացությունը պետք է խրախուսվի պետական մակարդակով, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում և հայ լեռնագնացների դպրոցը կարող է հզոր ռազմավարական դեր ու նշանակություն ունենալ:

Հայաստանի լեռների օր / Արա լեռ

Ցավոք այսօր ինչպես շատ բնագավառներում այստեղ նույնպես ամեն ինչ հիմնված է անհատների վրա: Անհատ լեռնագնացներ իրենց միջոցներով ու ջանքերով բարձրանում են լեռներ, լուսանկարում, հավաքում ինֆորմացիա և մատուցում հանրությանը՝ այդ կերպ հետաքրքրություն արթնացնելով նաև մյուսների մեջ:

Նոր ալիք լեռնագնացության մեջ

Վերջին տարիներին Հայաստանում լեռնագնացության նոր ալիք է բարձրանում: Նոր այնքանով, որ հետխորհրդային տարիներին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված անկում էր ապրել նաև լեռնագնացությունը: Լեռնագնացության զարթոնքին նպաստում են նաև սոց. ցանցերը, քանի որ լուսանկարները արթնացնում են հայրենիքը սեփական աչքերով տեսնելու և ճանաչելու ցանկություն: Միայն լեռնագնացը հնարավորություն ունի Հայաստանը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից և հստակ պատկերացնել Հայաստանի աշխարհագրությունը:

Լեռների օր

2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր:

Հայաստանում վերջին տարիներին հոկտեմբերի 9-ը նշում ենք՝ որպես Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:

Վերելք Մասիս լեռ

1829 թ. մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավա­խմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբով­յանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցող: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից:  2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15: 15-ին, Պարրոտը, Աբովյանը և  4 ուղեկցորդներ հասնում են Մասիսի գագաթ:

Շնորհավոր բոլոր հայ լեռնցիների օրը, բոլոր նրանց օրը ում սիրտը լեռներում է:

Տիգրան Շահբազյան

Ստորև ներկայացնում ենք մեր արշավների ընթացքում արված լեռնային լուսանկարներ:

Հարգանքներով՝

Հայկական աշխարհագրական նախագիծ

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: 

Բլոգ Հայաստանի մասին