Հոկտեմբերի 9 – Հայաստանի լեռների օր
Ամեն ժողովուրդ և երկիր ունի իր խորհրդանիշները, ինչպես օրինակ՝ եգիպտական բուրգերը Եգիպտոսում, Հիսուսի արձանը Բրազիլիայում, Քարե արձանները Զատկի կղզում կամ Թաջ Մահալը Հնդկաստանում: Հայաստանի դեպքում շատ խորհրդանիշների մեջ առանձնացվում է Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Մասիսը՝ 5165 մ բարձրությամբ:
Արարատը՝ որպես խորհրդանիշ, տարբերվում է բազմաթիվ ազգերի խորհրդանիշներից նրանով, որ սա ուղղակի մի երկրի մշակույթ կամ բնաշխարհ բնութագրող խորհրդանիշ չէ, այլ ապագայի խորհրդանիշ: Սա խորհրդանիշ է, որին պետք է հասնենք: Դարի սկզբի իրադարձություններից հետո երբ Արևելյան Հայաստանը անկախացավ, իսկ Արևմտյանը անորոշ ժամանակով մնաց Թուրքիայի կազմում, աշխարհասփյուռ հայության համար Մասիսը դարձավ բռնազավթված հայրենիքի և այն վերադարձնելու խորհրդանիշ:
Մեր բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է
Մենք հազարամյակներ շարունակ ապրում ենք մեր բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում: Մեր բնակավայրի աշխարհագրական անունն արդեն իսկ խոսում է մեր կենցաղի ու մշակույթի մասին: Հայկական լեռնաշխարհ՝ հայերի աշխարհ, շրջապատված լեռներով ու ձորերով: Ցավով պետք է հիշել, որ այսօր մեր հայրենիքը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի ընդամենը մի փոքր՝ հյուսիս-արևելյան մասը:
Որոշ մարդիկ դեռ կարծում են, որ մենք ապրում ենք Կովկասում և հայերը կովկասցիներ են, բայց սա մտածված մոլորություն է, որի մեջ հավանաբար մեզ գցեց ԽՍՀՄ-ը և առիթից օգտվեց Թուրքիան՝ Հայկական լեռնաշխարհը կոչելով Արևելյան Անատոլիա, բայց սա առանձին թեմա է:
Ապրել ծովի ափին և լողալ չիմանալ
Խոսելով Հայաստանից ու լեռներից՝ չեմ կարող չանդրադառնալ նրան, որ ապրել լեռներում և չգնալ լեռներ նման է նրան, որ ծովի ափին ապրողը լողալ չիմանա: Հայաստանում լեռնագնացությունը պետք է խրախուսվի պետական մակարդակով, քանի որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում և հայ լեռնագնացների դպրոցը կարող է հզոր ռազմավարական դեր ու նշանակություն ունենալ:
Ցավոք այսօր ինչպես շատ բնագավառներում այստեղ նույնպես ամեն ինչ հիմնված է անհատների վրա: Անհատ լեռնագնացներ իրենց միջոցներով ու ջանքերով բարձրանում են լեռներ, լուսանկարում, հավաքում ինֆորմացիա և մատուցում հանրությանը՝ այդ կերպ հետաքրքրություն արթնացնելով նաև մյուսների մեջ:
Նոր ալիք լեռնագնացության մեջ
Վերջին տարիներին Հայաստանում լեռնագնացության նոր ալիք է բարձրանում: Նոր այնքանով, որ հետխորհրդային տարիներին երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված անկում էր ապրել նաև լեռնագնացությունը: Լեռնագնացության զարթոնքին նպաստում են նաև սոց. ցանցերը, քանի որ լուսանկարները արթնացնում են հայրենիքը սեփական աչքերով տեսնելու և ճանաչելու ցանկություն: Միայն լեռնագնացը հնարավորություն ունի Հայաստանը տեսնել թռչնի թռիչքի բարձրությունից և հստակ պատկերացնել Հայաստանի աշխարհագրությունը:
Լեռների օր
2003 թվականից սկսած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 11-ը նշվում է որպես Լեռների միջազգային օր:
Հայաստանում վերջին տարիներին հոկտեմբերի 9-ը նշում ենք՝ որպես Հայ լեռնագնացի օր կամ Հայոց լեռների օր: 1829 թվականի հենց այդ օրը Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետի՝ սրբազան Մասիսի գագաթին:
1829 թ. մարտի 30-ին բնախույզ-աշխարհագրագետ Ֆ. Պարրոտը իր արշավախմբով գալիս է Հայաստան` նպատակ ունենալով ուսումնասիրել Արարատ լեռը: Սեպտեմբերի 8-ին նրանք ժամանում են Էջմիածին, որտեղ Պարրոտը ծանոթանում է Աբովյանի հետ: Աբովյանը միանում է արշավախմբին` որպես թարգմանիչ և ուղեկցող: Արշավը սկսվում է Արարատի ստորոտին գտնվող Ակոռի գյուղից: 2 անհաջող փորձից հետո՝ սեպտեմբերի 27-ին (նոր տոմարով հոկտեմբերի 9-ին) ժամը 15: 15-ին, Պարրոտը, Աբովյանը և 4 ուղեկցորդներ հասնում են Մասիսի գագաթ:
Շնորհավոր բոլոր հայ լեռնցիների օրը, բոլոր նրանց օրը ում սիրտը լեռներում է:
Տիգրան Շահբազյան
Ստորև ներկայացնում ենք մեր արշավների ընթացքում արված լեռնային լուսանկարներ:
Հարգանքներով՝
Հայկական աշխարհագրական նախագիծ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: