Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ
Իրականում Արարատ բարձրանալու երազանքս վաղուց էր ապրում, բայց անընդհատ հետաձգում էի վերելքս, ներքին երկմտանք կար․ մի կողմից ցանկությունս ուժեղ էր, մյուս կողմից էլ ինձ կանգնեցնող ինչ-որ բան կար։ Առհասարակ, ցանկացած որոշում կայացնելիս, միշտ լսում եմ ներքին ձայնիս, եթե կա արձագանք, ուրեմն ժամանակն է և ես ճիշտ ուղու վրա եմ։ Այդ արձագանքը եղավ Գոմբակ լեռ բարձրանալուց հետո, երբ Արմջեոյի հետ էքսպեդիցիոն վերելք ունեցանք։ Այդ օրը շրջադարձային էր, և անմիջապես վերելքից հետո գրանցվեցի Արարատի վերելքին։
Վերելքն իրականում անմոռանալի էր՝ կյանք փոխող ու շրջադարձային
Անկեղծ կլինեմ, պատրաստվելիս մտածում էի, որ այս վերելքը հրաշալի հնարավորություն է 5000+ մ լեռ բարձրանալիս ուժերս փորձելու 5000+ մ լեռ բարձրանալիս, պատկերացնելու, թե ինչպես օրգանիզմս իրեն կզգա այդ բարձրության վրա: Նաև լավ փորձ է հետագայում այլ 5000+ լեռներ բարձրանալու համար։ Այսինքն էմոցիոնալ բաղադրիչը մինիմալ էր: Ավելի շատ մտահոգվում էի ցրտի և տեսանելիության համար: Շատ էի ուզում պարզ տեսնել գագաթից բացվող տեսարանները և ինչքան հնարավոր է երկար վայելել վերևից։
Իսկ ինչպիսի՞ն էր վերելքն իրականում. անմոռանալի, կյանք փոխող, շրջադարձային և ինչպես հասկացա, ավելի շատ ընթացքն էր շրջադարձային, քան բուն գագաթին հասնելը։
Ինձ համար Արարատը միշտ եղել է վեհ, գեղեցիկ և ուժեղ լեռ: Ամեն օր աչքիդ առաջ է և ամեն օր յուրովի է գեղեցիկ։ Վերելքից հետո նույն կարծիքին եմ, պարզապես արդեն ամեն օր նայելու եմ շնորհակալությամբ լցված աչքերով։
Գիտեի, թե ինչի համար եմ գնացել: Ամեն բան անում էի սիրով ու ամեն պահը վայելելով
Պատասխանիցս կթվա, թե ինձ համար ամեն ինչ հեշտ էր ու հարթ, բայց եթե անկեղծ, ոչինչ ինձ համար դժվար չէր թվում. ո՛չ կարկուտի տակ քայլելը, ո՛չ ցուրտը, ո՛չ գագաթի ուժեղ քամին, ո՛չ առավոտյան վաղ արթնանալը, ո՛չ ամեն օր ծանր իրեր հավաքել, տեղավորելը։ Կյանքումս շատ արշավների ժամանակ ինձ մոտ հարց է ծագել, թե ի՞նչ գործ ունեմ ես այստեղ, այս ծանր եղանակային պայմաններում, բայց այս յոթ օրերի ընթացքում նման հարց երբեք մտքովս չի անցել։ Ցանկացած դժվարություն ընդունել եմ ժպիտով: Ամեն ինչ անում էի սիրով, վայելել եմ ամեն մի պահը: Նույնիսկ, երբ շատ ցուրտ էր, մտածում էի, որ հետաքրքիր փորձություն է և դրանից հաճույք ստանում։ Գիտեի, թե ինչի համար եմ եկել, այդ պատճառով էլ կարողանում էի դժվարությունները հաղթահարել։
Կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով
Արարատն աննկարագրելի էր: Գագաթին ինձ կբնութագրեի օրհնված բառով։ Այն ինձ տվեց նախկինում չզգացած ուժեղագույն էմոցիաներ, գիտակցումը, որ ավելի ուժեղ եմ, քան կարծում եմ, կոփեց ինձ այնքան, որ այլևս ոչ մի դժվարություն անհաղթահարելի չի թվում: Կարճ ասած՝ «море по колено»:
Վերելքի ընթացքում հիշում էի իմ ամենասիրելի երգերից մեկը՝ «Scorpions-Follow your heart»: Երգի միտքը շատ հոգեհարազատ է, քանզի կյանքիս լավագույն որոշումները կայացնում եմ սրտի թելադրանքով։
«This is the time for yourself to be free
You gotta follow your heart,
This is the time in your life and it’s never too late
To see the light in the dark,
You gotta follow your heart».
«Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»
Գագաթ հասնելու պահն ամենահուզիչն էր ինձ համար, երբ չորս ընկերներով հասանք գագաթ և ծնկի իջած լաց էինք լինում։ Տարբեր էմոցիաներ էին խառնվել. և՛ ուրախ էի և՛ հպարտ և՛ երջանիկ՝ աշխարհի երջանիկն էի։ Գագաթին իրար ամուր գրկելու պահն էլ էր շատ հուզիչ, երբ ուրախությունդ կիսում ես քո արշավական ընկերոջ հետ և ևս մեկ անգամ համոզվում, որ Արմջեոյի կարգախոսը իզուր չի ստեղծվել. «Կարևոր չէ՝ ուր, կարևոր է՝ ում հետ»։ Նորից միտք ունեմ վերադառնալ Արարատի մոտ։
Արևածագի լույսով պարուրված երազանքը
Իմ երազանքի ճանապարհը կարկտախառն էր, իսկ իրականում՝ արևածագի լույսով պարուրված: Արարատի արևածագը գեղեցկագույն երևույթներից է, որը երբևէ կտեսնեք կյանքում։
Կյանքս փոխվեց 5165-ով, ինչի համար ես անվերջ շնորհակալ եմ։
Անի Մոսյան