Հայկական լեռնաշխարհի կլիման
Հայկական լեռնաշխարհի կլիման խիստ բազմազան է: Հայաստանում ճանապարհորդը մեկ օրվա ընթացքում կարող է «բևեռային շրջանից» հասնել մինչև մերձարևադարձ:
Կլիմայի նման տարբերությունները պայմանավորված են Հայկական լեռնաշխարհի կլիման ձևավորող գործոններով՝ աշխարհագրական դիրքով, մթնոլորտի ընդհանուր և տեղական շրջանառությամբ, լեռնագրական պայմաններով, լեռնալանջերի դիրքադրությամբ, տեղանքի բացարձակ բարձրությունների տարբերություններով և լեռներով պարփակվածության աստիճանով:
Հարակից տարածքների ազդեցությունը
Լեռնաշխարհի կլիմայի վրա մեծ է նաև հարակից տարածքների՝ Մեծ Կովկասի, Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների չոր շրջանների, արաբական անապատների ու Սև ու Կասպից ծովերի ազդեցությունը: Այս առումով կարևոր է Մեծ Կովկասի կլիմայաստեղծ դերը, որը կլիմայաբաժանարար է լեռնաշխարհից հյուսիս գտնվող բարեխառն կլիմայական գոտու (որտեղ հաճախ ներթափանցում են արկտիկական սառը օդային զանգվածները) և մերձարևադարձային կլիմայական գոտու միջև:
Հայկական լեռնաշխարհը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսում, որտեղ տարվա ընացքում դիտվում են Արեգակի ճառագայթների անկման անկյան զգալի տարբերությունները:
Մերձարևադարձային գոտու հյուսիսում գտնվելու շնորհիվ լեռնաշխարհում պարզորոշ արտահայտված են տարվա չորս եղանակները:
Տարեկան միջին ջերմաստիճանը Հայկական լեռնաշխարհի առավել բարձրադիր շրջաններում բացասական է. Տիգրիսի հովտում 12-14 C է, Մալաթիայի, Խարբերդի, Արարատյան, Նախիջևանի դաշտերում, Դաշտային Արցախում՝ 8-12 C:
Ամռանը, երբ լեռնաշխարհ են ներթափանցում արևադարձային տաք ու չոր օդային զանգվածները, դիտվում է օդի ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը՝ 45 C: Ամենատաք ամիսը հուլիսն է. գոգավորությունների հատակում միջին ջերմաստիճանը 25-29 C է, միջին բարձրություններում՝ 15-20 C, բարձրալեռնային շրջաններում՝ 5-10 C:
Ձմռանն արեգակի բարձրությունը զգալիորեն նվազում է, լեռնաշխարհում հաճախ հաստատվում է անտիցիկլոնային ռեժիմ, և եթե ներխուժում են արկտիկական ցուրտ օդային զանգվածները, ջերմաստիճանը խիստ նվազում է:
Հայկական լեռնաշխարհի կլիմայի բնորոշ առանձնահատկություններից են ուշ գարնանային ու վաղ աշնանային ցրտահարությունները, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Լեռնաշխարհի մթնոլորտի տեղական շրջանառությունը արտահայտվում է լեռնահովտային քամիների, ֆյոնների, բրիզների ձևերով, որոնք նույնպես ազդում են տարածքի կլիմայի վրա: Քամիների առավելագույն արագությունը լեռնանցքներում ու բարձրալեռնային շրջաններում 7-9 մ/վ է, ամռանը բնորոշ լեռնահովտային քամիների առավելագույնը կեսօրից հետո հասնում է 15-20 մ/վ: Ձմռանը գոգավորությունների հատակում գերիշխում են թույլ քամիները կամ անհողմ եղանակները:
Մթնոլորտային տեղումներ
Մթնոլորտային տեղումները խիստ անհավասարաչափ են բաշխված: Դրանց քանակը նույնպես փոխվում է ինչպես հորիզոնական այնպես էլ վերընթաց ուղղությամբ և ըստ լեռնալանջերի դիրքադրության: Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների (Արևելապոնտական, Հայկական Տավրոս, Կորդվաց) արտաքին լանջերին, որոնք արգելակում են խոնավ օդային զանգվածների մուտքը լեռնաշխարհ, թափվում են առատ տեղումներ, իսկ միջլեռնային գոգավորություններում, որտեղ փաստորեն դիտվում է ֆյոնային երևույթ, տեղումների քանակը շատ քիչ է: Առավել շատ տեղումներ թափվում են լեռների սևծովահայաց լանջերին՝ 3000-3500 մմ, խոնավ են նաև Հայկական Տավրոսի հարավահայաց, Կորդվաց լեռների արևմտահայաց լանջերը: Միջին բարձրության լեռնային գոտում տեղումները 800-1000 մմ են:
Ամենաչոր վայրերը միջլեռնային գոգավորություններն են՝ 250-300 մմ: Ամենաքիչ տեղումներ թափվում են Նախիջևանի և Ուրմիայի գոգավորություններում՝ 200 մմ:
Ըստ բարձրության՝ տեղումների քանակն ավելանում է, միջինը՝ 100 մ բարձրաբալիս շուրջ 25-30 մմ-ով: Արագած, Սիփան, Թոնդրակ, Արարատ լեռնագագաթների և մյուս լեռնաշղթաների 3000 – 3500 մ բարձրություններում 800 – 1000 մմ է:
Խիստ անհավասարաչափ է տեղումների տարեկան բաշխումը: Տարեկան քանակի շուրջ 70 %-ը թափվում է գարնանը և ամռան սկզբին՝ մայիս-հունիսին, երկրորդ առավելագույնը՝ աշնանը, Սև ծովի խոնավ մերձարևադարձային ափերին առավելագույնը՝ աշնանն ու ձմռանը: Նվազագույնը ամռանն է: ՀՀ հս-արլ-ում, Արցախում, Զանգեզուրում տեղումնալից է ամառը, երբ տարածք են ներթափանցում Կասպից և Սև ծովերի խոնավ օդային զանգվածները: Ամռանը տեղումները հաճախ ունենում են տեղատարափ բնույթ, ուղեկցվում կարկուտով և ամպրոպներով, առաջացնում հեղեղներ ու ավերածություններ:
Ձմռանը Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ձյուն է տեղում, բայց հաստատուն ձնածածկույթ գոյանում է 1300-1600 մ բարձրություններում, հատկապես միջնաշխարհի ցուրտ շրջաններում հասնում է 1,5 – 2 մ-ի:
Հայկական լեռնաշխարհում կլիմայի բոլոր տարրերը փոխվում են ըստ բարձրության՝ առաջացնելով կլիմայական գոտիներ կամ կլիմայի տիպեր՝ խոնավ մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, չափավոր շոգ, բարեխառն լեռնային, ցուրտ լեռնային, ձնամերձ: