info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Շախմատ հայկական լեռներում

Շախմատ հայկական լեռներում

Սուրեն Աղաբեկյան

Շախմատ հայկական լեռներում շարքի հեղինակն է մեր լեռնային ուղեկցորդ, բլոգգեր Սուրեն Աղաբեկյանը: Նա արդեն մի քանի տարի է՝ իր բլոգում ներկայացնում է շախմատային խաղերի վերլուծություններ անգլախոս լսարանի համար, ու դա անում է նաև լեռների գագաթներից: «Chess with Suren» յութուբյան ալիքն ունի առանձին ենթաբաժին, որտեղ Սուրենը ներկայացնում է իր վերլուծությունները լեռներում:

Երանոսի լեռներ / Սուրեն Աղաբեկյան

Ինչպե՞ս սկսվեց արշավային կյանքը

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ սկսել է արշավել 2010 թվականից. «Առաջին գագաթը, որ բարձրացել եմ, Լոռու մարզում գտնվող Բովաքար լեռն էր, որից հետո միացա ԵՊՀ ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Բաբուրյանի կազմակերպած արշավին, ու միասին հասանք Արագածի Հյուսիսային գագաթ։ Էդպես էլ մնացի սարերում…»:

Սուրենը պատմում է, որ, որ երբ դեռ նոր էր արշավների գնում ու իր համար նոր սարեր բացահայտում, երբեք չէր պատկերացնում, որ դա կարող է մի օր նաև եկամտաբեր լինել. «…Մինչև ընկերս չառաջարկեց տուրիստների մի փոքր խումբ տանել Գեղամա լեռներ»։

Արարատ լեռան երկրորդ ճամբար / Սուրեն Աղաբեկյան

Խոսելով իր բլոգը սկսելու գաղափարի մասին՝ Սուրենն ասաց, որ ինքը երկար ժամանակ ցանկանում էր YouTube-ում ճամփորդական բլոգ վարել, բայց քանի որ շախմատային բլոգը նվազ ժամանակատար ու ծախսատար է, որոշել է սկզբում դրա վրա կանգ առնել. «Բլոգը վարում եմ անգլերեն լեզվով, հիմնականում վերլուծում եմ պատմական պարտիաներ և ներկայացնում էտյուդների հնարամիտ լուծումները։ Բավականին մեծ աուդիտորիա ունեմ. արդեն ավելի քան 111 հազար հետևորդ… Արշավական բլոգն էլ կարծես սկսել է կամաց-կամաց գլուխ գալ…»:

Շախմատ հայկական լեռներում

Սուրենը գտնում է՝ YouTube-ի անսահման տեսանյութերի լաբիրինթոսում չկորչելու և առանձնանալու համար հարկավոր է ոչ ստանդարտ լուծումներ գտնել. «Որոշեցի գնալ խելահեղ քայլի ու մի օր էլ մագնիսական փոքր շախմատը հետս տարա Աժդահակի գագաթ ու ընկերոջս օգնությամբ նկարեցի առաջին տեսանյութը: Հետևորդներիս դա շատ դուր եկավ, ես էլ նայում, ծիծաղում էի տարօրինակ քայլիս վրա… Այդպես, որոշեցի շարունակել ու տեսանյութերի համար նոր լեռներ թիրախավորել… Տրոիցկու հնարամտությունը փայլեց Աժդահակի ամպամած գագաթին, Տալի թագուհուն զոհաբերեցի Նժույգ լեռան վրա, իսկ Կասպարյանի էտյուդներից մեկն էլ հասցրեցի մինչև Արարատի գագաթ»:

Արարատ լեռան երկրորդ ճամբար / Սուրեն Աղաբեկյան

Սուրենն ընտրել է անգլերեն լեզուն իր բլոգի համար, քանի որ այն օգնում է դուրս գալ միջազգային բազմամիլիոնանոց լսարան: Խոսելով ընթացքում ունեցած դժվարությունների մասին՝ նա ասաց, որ եղել է, որ մի անգամ էտյուդի լուծումն է մոռացել, պատասխանն էլ մնացել էր նստած մարտկոցով հեռախոսի մեջ. «Բարեբախտաբար հնարը գտա… Մի անգամ էլ Աղթամար կղզում ոստիկանը արգելեց տեսանյութ նկարել, և նրան շատ տարօրինակ թվաց, երբ տեսավ շախմատս։ Երբ ասացի, որ սա ընդամենը շախմատ է, և որևէ քաղաքական հարց չեմ քննարկում, կոտրատված անգլերենով ասաց. «Satranc good, tripod problem» (թարգ. շախմատը լավ է, հենակն է խնդիր): Պարզվեց, որ ֆոտոապարատի հենակի (շտատիվ) առկայությունը դիտարկվում է որպես պրոֆեսիոնալ նկարահանում, որի համար հատուկ թույլտվություն է պետք։ Բարեբախտաբար ժանդարմերիան ուշացել էր, և արդեն նույն տեսանյութը 2-րդ անգամ էի նկարում ապահովության համար։ Պարզվեց՝ առաջինը հաջող էր…»:

Շախմատային ուղղությունները

Սուրենն ասում է՝ իր տեսանյութերը նկարելու համար լեռնային ուղղություններն ընտրելիս՝ հիմնականում կարևորում է գեղեցիկ տեսարանը. «Բայց ժայռապատկերներն ու վիշապաքարերը ևս հասցրեցին հայտնվել շախմատի հետ կողք կողքի։ Ի դեպ, մի քանի շատ հաջող տեսանյութեր նկարել եմ հենց ArmGeo-ի հետ արշավի մասնակցելիս։ Հիանալի են ստացվել հատկապես Երանոս, Նժույգ, Այրիքար լեռներում ու Արարատի 2-րդ ճամբարում արված տեսանյութերը»։

Աղթամար կղզի / Սուրեն Աղաբեկյան

Խոսելով առաջիկա տեսանյութերի մասին՝ Սուրենն ասաց, որ եթե խոչընդոտներ չլինեն, նախատեսում է Հերունու ազգային տիեզերական կենտրոնում մի քանի տեսանյութ պատրաստել. «Քանի որ լսարանս մեծ է, շատ հաճախ փորձում եմ այնպիսի տեղեր ընտրել, որոնք կգրավեն արտասահմանցիների հետաքրքրությունը, և ավելի ճանաչելի կդառնան։ Դրան էին միտված ժայռապատկերների և վիշապաքարերի մոտ արված տեսանյութերը, բայց պլանավորում եմ այս շարքը շարունակել»:

Սուրենը գտել է իր երկու սիրելի զբաղմունքը համատեղելու հինալի միջոց, ու շախմատ հայկական լեռներում մտահաղացումը նրան ստեղծագործելու ու շախմատային վերլուծությունները հետաքրքրիր ու ոչ ստանդարտ ձևով ներկայացնելու հնավարություն է տվել:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին