Չաուխ. ճամփորդություն Կովկասյան լեռներում
Չաուխի ճամփորդությունը Armenian Geographic-ի 2022թ.-ի Վրաստանում պլանավորած ճամփորդություններից առաջինն էր, որով տրվեց նաև Կազբեկի և Մեծ Աբուլի վերելքների, Միմինոյի հայրենիք՝ Տուշեթի ճամփորդությունների մեկնարկը:
Անկախ նրանից արշավները տեղի են ունենում Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս, իրենց շուրջ համախմբում են գաղափարակից մարդկանց, արշավականների և պարզապաես ընկերների: Չաուխը նույնպես բացառություն չէր: Մասնակիցներից յուրաքանչյուրը փնտրում էր արկածներ, ակտիվ հանգիստ, տպավորություններ, այդ ամենն ամրապնդելով կյանքի հիշողություններով։
Չաուխի մասին՝ Սվանեթից
Մասնակիցների հետ զրուցելուց հետո հասկացանք, որ անհնար կլինի պատմել Չաուխի ճամփորդությունից և չանդրադառնալ Սվանեթի՝ անցած տարվա ճանապարհորդությանը: Այն բոլոր մասնակիցները, որոնք եղել էին Սվանեթում, Չաուխ մեկնելու գլխավոր պատճառներից մեկը համարում էին հենց Սվանեթից ստացած տպավորությունները, որոնք մինչ օրս հիշում են շատ պարզ և մեծ ոգևորությամբ:
Այդ մասին իր զգացողություններով կիսվեց արշավական, Արարատի վերելքի ժամանակ ձևավորված Hey You-ի անդամներից Մերի Անտոնյանը: Սվանեթից ստացած նրա տպավորություններն անբացատրելի շատ էին, բայց փորձել ենք ներկայացնել միայն մի փոքր հատված: Ահա թե ինչը Մերիին տարավ Չաուխ՝ կովկասյան հզոր լեռների և խիտ բնության նոր բացահայտումներով. «…անհամեմատելի է Սվանեթը: Ստիպում է մարդուն վերջնական կտրվել կյանքից՝ ասես լինելով 8-րդ մայրցամաքը: Վայրի բնություն, հին քաղաքակրթության հետքեր, ճարտապետություն, մեկը մեկից հզոր լեռներ, բա ուտելիքնե՜րը»:
Բիրթվիսի կիրճ
Վստահաբար կարելի է ասել, որ Բիրթվիսի կիրճի արշավն առաջին իսկ օրը դարձել է Վրաստանի ճամփորդության հիշարժան պահերից մեկը: Նույնիսկ միայն Բիրթվիսի կիրճի նկարները նայելիս արդեն տպավորվում ես, հասկանում, թե որքան խորհրդավոր ու գեղեցիկ է ամեն ինչ, բայց մասնակիցներից շատերը վստահաբար պնդեցին, որ կիրճն առավել գրավիչ է, քան իրականում: Վարդ Գրիգորյանը նույնիսկ ասաց, որ այն ինչ-որ առումով Հայաստանն էր հիշեցնում. «…հատվածաբար Տավուշն էր հիշեցնում՝ Մթնաձորի կիրճը»:
Խոսել ճանապարհորդություններից, նոր բացահայտումներից և մոռանալ քեզ ընկերակցող մարդկանց անհնար է, ինչի մասին նշեց Արմինե Մարուքյանը: Նա պատմեց Բիրթվիսի կիրճից մի փոքրիկ դրվագ, որի շնորհիվ ևս մեկ անգամ համոզվել էր, որ շրջապատված է իր նման մարդկանցով. «Անցնում էինք ամենածառաշատ մասերով, երբ սովորական մի թռչուն սուր ձայնով երգում էր, իսկ մենք լուռ կանգնած և մեծագույն հիացմունքով լսում էինք: Մի կողմից ծիծաղելի էր՝ մեծ մարդիկ ենք, բայց ասես առաջին անգամ էինք թռչնի ձայն լսում»:
Իսկ Վարդուհի Եսայանի Բիրթվիսի կիրճի նկարագրությունն արժանի է առանձնահատուկ ուշադրության. «…միշտ էլ հաճելի է բազկաթոռին նստած, կարմիր խալաթով ու մի բաժակ թեյով հետևել անձրևի ընթացքին, բայց մենք արդեն կիրճում էինք ու պատրաստ սպասում էինք Բիրթվիսի հրաշքին, որը դարձավ կյանքիս ամենասիրուն հեքիաթը։ Անձրևից հետո արևի շողերն էլ ավելի ուժեղ գունային ընդգծվածություն էին հաղորդել հսկա ծառերի կանաչին ու նեղլիկ կիրճին, որի ճանապարհը տեղ-տեղ այնքան էր նեղանում, թվում էր՝ կարող է մնաս ժայռերի արանքում»:
Ու երբ թվում է, թե այլևս ոչինչ չի կարող ամբողջացնել Բիրթվիսի կիրճի նկարագրությունը, առաջարկում ենք բաց չթողնել նաև Մարիամ Ղազարյանի խոսքերը, որոնք փոքրիկ, բայց շատ կարևոր դետալի նման ամբողջացնում են պատկերը. «Կիրճը խորհրդավոր էր, առավել գեղեցիկ, քան նկարները կարող են փոխանցել: Աշխարհից կտրված էր թվում և կարծում եմ՝ եթե անիրական կերպարների հանդիպեինք կիրճում, այդքան էլ չէինք զարմանա»:
Զակագորի ամրոց
Հատկապես լքված վայրեր այցելելիս սկսում ենք մտածել պատմության, մարդկանց, անցած իրադարձությունների, կյանքի մասին: Զակագորի ամրոցում նման մտքեր է ունեցել նաև Արմինեն. «…մտածում էի այդ ամենը կառուցած մարդկանց մասին և փորձում հասկանալ, թե ինչն է մարդկանց ստիպում գնալ սարերի մեջ, ցուրտ ու դժվար պայմաններում բնակվել»:
Զակագորի ամրոցից և լքված բնակավայրից ստացած տպավորությունները մի փոքր հակասական էին: Ինչպես նշեց Գևորգ Մովսիսյանը. «Լքված բնակավայրեր այդքան էլ չեմ սիրում, չնայած բնությունը շատ գեղեցիկ էր»: Գուցե չտպավորվելու պատճառը նաև հարազատության պակասն էր. «…որն ունենում եմ Հայաստանում մեր հին բնակատեղիներն այցելելիս, – հավելեց Վարդը:
Զակագորի ամրոցից տպավորված էր հատկապես Աստղիկ Թորոսյանը, որն ինչ-որ չափով արդեն ծանոթ էր վրացական ամրոցաշինական արվեստին. «Տրուսոյի հովտում աչքերս ու զգայարաններս ջերմացնող առավելությունը հենց հովիտը շրջապատող ձյունածածկ սարերի ու անկյունային փոքրիկ գյուղի վերևում գտնվող՝ արտահայտված աշտարակներով ամրոցի համադրությունն էր։ Կարծես լավագույն տեղում, լավագույն տեսարաններով, լավագույն դիզայիներների կողմից կառուցված «ամառանոց» լիներ»:
Կազբեկի հետ հանդիպումը
Չաուխի ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև հնարավորինս մոտենալ Կազբեկին: Եվ մասնակիցների տպավորությունները լսելուց հետո հասկացանք, որ այդ օրն ու արշավը մի քանիսի համար եղել են բեկումնային և ճակատագրական՝ ավելի մոտեցնելով նրանց երազանքին:
Նրանց շարքերում էին Հովհաննես Նազարյանն ու Վարդ Գրիգորյանը, որոնք կիսվեցին Կազբեկի հետ կապված իրենց նպատակներով և Հովհաննեսը պատմեց. «Կազբեկի մոտ լինելն ինձ համար ամենատպավորիչ պահն էր, քանի որ նրա մոտ վերադառնալու ժամանակն ավելի է մոտենում՝ վերջին 5 տարին սպասում եմ Կազբեկի գագաթին կանգնելու մասին»: Իսկ Վարդն էլ ավելացրեց. «Լեռն ինձ չվախեցրեց իր հզորությամբ, ընդհակառակը ավելի մեծացրեց այդ բարձրությունը հաղթահարելու ցանկությունս»:
Ի տարբերություն Հովհաննեսի և Վարդի, մասնակիցների մեծ մասը չէին էլ պատկերացրել, որ կարող են այդչափ տպավորվել Կազբեկով. «Իմ պլաներում չէր մտնում այդքան սիրել Կազբեկը, բայց Կազբեկը տեսա տարբեր կողմերից, հնարավորինս հեռվից ու մոտիկից, ուժեղ էր, շքեղ էր։ Կազբեկը դարձավ այն քիչ 5000+ լեռներից մեկը, որը նախատեսում եմ բարձրանալ»,- պատմեց Մերին:
«Աչքերս պաչեմ»
Կազբեկը Գևորգ Մովսիսյանին նույնպես անտարբեր չթողեց. «Կազբեկը տեսնելիս միանգամից ցանկություն առաջացավ այն հաղթահարելու»: Բայց Գևորգը նաև նշեց, որ անշուշտ մի օր կցանկանար Չաուխի գագաթին լինել, չէ որ յուրաքանչյուր արշավական ձգտում է հնարավորինս շատ լեռներ հաղթահարել:
Վարդուհի Եսայանը Կազբեկից ստացած տպավորությունն արտահայտել էր երկու բառով, որոնք արշավի ընթացքում պիտի դառնային թևավոր խոսքեր. «…երբ մտանք Ստեփանծմինդա ու Կազբեկի գագաթից շատ փոքր հատված երևաց՝ քարացել էի: Այդքան վախենալու սիրուն ու վախենալու հզոր: Անդադար կրկնում էի «պաչեմ աչքերս», որը հետո պետք է դառնար քառօրյա արշավի թևավոր խոսքերից մեկը»:
Իր հզորությամբ ու անհասանելիությամբ Կազբեկն Արմինեին ստիպեց զգալ մարդու փոքրությունը.«…հասկանում ես՝ ինչքան ժամանակավոր ես դու, ինչքան անկարևոր են քո ամենօրյա հոգսերն ու ինչ լավ կլիներ այդ գիտակցումը քեզ հետ քաղաք տանեիր»: Կազբեկն անշուշտ հիշարժան էր, ֆանտաստիկ, բայց նաև հիասքանչ ու գեղեցիկ, ինչպես նկարագրեց Մարիամ Ղազարյանը. «Լեռը անմատչելի էր թվում ու անդադար կարող էիր նայել՝ ամեն նոր ամպի հետ լեռը լրիվ նոր տեսք էր ստանում ու առավել տպավորիչ դառնում»:
Չաուխ. բարի հսկան
Ճամփորդության մասնակիցներին Կազբեկն ու Չաուխը բաժանեցին երկու խմբի: Չնայած Արմինեն չէր էլ մտածել, թե ինչպիսի սպասումներ ունի Չաուխից, նրա համար լեռը դարձավ ամենատպավորիչ պահը: Իսկ Չաուխ լեռան նրա նկարագրությունը երևի թե լավագույններից է. «Հեռվից սարը մեծ ու անմատչելի էր թվում, ինչքան մոտենում էինք, բարիանում էր։ Արշավի ժամանակ վայելեցինք բնությունը, հյուրանոցի սագերին երես տվինք ու անընդհատ մտածում էի, որ կյանքը հիասքանչ է»:
Խոսելով Չաուխից ստացած տպավորության մասին և համեմատելով Կազբեկի հետ, Մարիամ Ղազարյանը նշեց. «Չաուխը՝ իր ժայռերով ու ձյունածածկ լանջերով, մոտակա լիճը՝ Չաուխի արտացոլանքով, ինչպես նաև Չաուխ լեռան տեսարանով սրճարանն ավելին էին, քան կարող էի պատկերացնել»:
Ինչպես Աստղիկ Թորոսյանն ասաց, Չաուխ նրան տարավ «Գարուն, անտառ, ձյունոտ սարեր տեսնելու ու քաղաքային անցուդարձից կտրվելու ակնկալիքները»: Հանգստություն փնտրելու մասին խոսեց նաև Հովհաննեսը. «Մեծամաշտաբ լեռան ստորոտում գտնվելը շատ դրական էներգիայի և հանգստության աղբյուր էր՝ այն, ինչ պետք էր»:
Իսկ ահա Վարդուհի Եսայանի խոսքերի հետ գրեթե բոլորը կհամաձայնեն. «Կարծում եմ, բոլորիս մոտ ամենավառ հիշողությունը մնացել է ճանապարհին տեղակայված սրճարանից, որի տարածքում գունավոր ու փափուկ աթոռներ ու փայտից սեղաններ էին դրված, շուրջն էլ սագեր ու բադեր էին պտտվում՝ սնունդ հյուրասիրվելու սպասումով։ Այնպիսի տպավորություն էր, կարծես դուրս էինք եկել պասիվ հանգստի ու հայտնվել լեռնային դրախտում` երկրի վրա»:
Աստղիկ Թորոսյանի խոսքերով Չաուխի ճամփորդությունն «անհնարին իդեալական» էր, չնայած որ առանձնահատուկ տրամադրվածություն չի ունեցել. «…այդպես որ պլանավորեիր չէր ստացվի, որ երազեիր Չաուխ լեռան տեսարանով լճի ափին քնել, հետո նույն տեսարանով՝ ճոճի մեջ, հանգստանայիր զով ու արևոտ եղանակին՝ չէր լինի: Իսկ մենք այդ ամենը մի ամբողջ օր վայելել ենք։ Անուշ լինի))»:
«Օջախում»
Չաուխի մասին դեռ երկար կարելի էր պատմել, բայց ամփոփենք ճանապարհորդությունն «Օջախ»-ի պատմությամբ, որի մասին նշեցին Մարիամ Ղազարյանն ու Վարդուհի Եսայանը: Վարդուհին պատմեց. «Այդպես ենք անվանել Հրաչուհու ավտոմեքենան և մեքենայի 5 անդամներին։ Դժվարանցանելի, երբեմն ձանձրալի ու երկար ճանապարները հենց «Օջախ»-ի շնորհիվ են ավելի հեշտ ու պարտադիր լիքը հումորներով անցել»:
Չաուխի ճամփորդությունն արդեն հիշողություն է, ևս մի ընկերության, նպատակների ու տարբեր կյանքերի միաձուլման պատմություն:
Ճամփորդության պատվին Մերին հումորային սթիքերներ էր պատրաստել՝ ներառելով այդ հինգ օրերի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից հատվածներ և այդ ընթացքում թևավոր դարձած արտահայտություններ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: