Ինչպես լիցքավորել գաջեթներն արշավների ժամանակ
Ժամանակակից քաղաքային կյանքում մենք մի շարք էլեկտրական սարքավորումներ ենք օգտագործում: Եվ չնայած շատերը պնդում են, որ գնում են սարեր, որպեսզի կտրվեն քաղաքային կյանքից, հեռախոսներից և ինտերնետից, միևնույն է՝ մենք սարերում էլ մի շարք գաջեթների կարիք ենք ունենում: Օրինակ՝ սմարթֆոն, որը և՛ հեռախոս է, և՛ ֆոտոխցիկ, և՛ GPS նավիգացիոն համակարգ: Բացի այդ, մենք օգտագործում ենք նաև էքշն տեսախցիկներ, լապտերներ, GPS նավիգացիոն համակարգեր, ռադիոսարքեր, էլեկտրոնային գրքեր և այլն: Եվ եթե առանց ֆոտոխցիկի և էլեկտրոնային գրքի դուք հաստատ ողջ կմնաք սարերում, ապա հեռախոսն ու ռացիան պետք է միշտ հասանելի լինեն և չլիցքաթափվեն: Ձեր բջջային հեռախոսը պարզապես թիթիզություն չէ սարերում, այլ շատ կարևոր գործիք: Այնտեղ կան ձեր քարտեզները և ի վերջո, եթե ինչ-որ դեպք պատահի, հնարավոր է, որ հեռախոսն անհրաժեշտ լինի օգնություն կանչելու համար: Ընդհանուր առմամբ երբեք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում, այդ իսկ պատճառով, անգամ մեկ օրանոց քայլարշավների ժամանակ, պետք է իմանալ, թե ինչպես իրականացնել գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ:
Արտաքին մարտկոց կամ Powerbank
Դա ապահովելու ամենապարզ ձևը արտաքին մարտկոց՝ Powerbank ունենալն է: Դրանք լիցքավորում են բոլոր հիմնական սարքավորւոմները, որոնք ունեն USB մուտք: Powerbank ընտրելիս հիմնական ցուցանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել, մարտկոցի տարողունակությունն է, որը չափվում է միլիամպեր/ժամ՝ “Mah” ցուցանիշով: Բնականաբար որքան շատ, այնքան լավ: Սակայն քաշի և չափսերի մասին էլ պետք չէ մոռանալ: Որքան մարտկոցի տարողունակությունը շատ է, այնքան ծանր է լինելու powerbank-ը: Սովորաբար 10.000 միլիամպերը բավարար է 4000 միլիամպեր/ժամ մարտկոցով հեռախոսը երկու անգամ լիցքավորելու համար:
Հաշվի առեք նաև հոսանքի կորուստը, որը տեղի է ունենում powerbank-ի ապահովիչների և փոխարկիչների պատճառով: Բացի տարողությունը, ուշադրություն դարձրեք նաև դուրս եկող հոսանքի ուժին՝ դրանից է կախված, թե որքան արագ այն կլիցքավորի ձեր սարքը:
Ստանդարտ ցուցանիշ է համարվում 1 ամպեր/ժամ ուժով միակցիչը, սակայն պատահում է, որ մի քանի միակցիչ է լինում, որոնցից մեկը 2, 2.5 և անգամ 3 ամպեր/ժամ հոսանքով: Նաև հաշվի առեք, թե քանի սարք եք լիցքավորելու: Եթե դուք միայն սմարթֆոն պետք է լիցքավորեք, ապա մեկ USB միակցիչով Powerbank-ը բավարար է: Բայց եթե դուք մի քանի սարք ունեք, կամ ձեր ընկերոջ հեռախոսը նույնպես պետք է լիցքավորել, ապա ավելի լավ է ձեռք բերեք երկու կամ մի քանի միակցիչներով Powerbank: Եթե դուք ակտիվ հանգստի սիրահար եք և հաճախ եք բնության գրկում էքստրեմալ իրավիճակներում հայտնվում, ապա ձեր powerbank-ը ևս պետք է պատրաստ լինի էքստրեմալ պայմաններին: Ցանկալի է ընտրել մետաղյա թաղանթով, ջրադիմացկուն տարբերակ, որի միակցիչները ռետինե խցաններով պատշտպանված կլինեն ջրի և փոշու ներթափանցումից:
Եվս մեկ խորհուրդ powerbank-երի հետ կապված՝ ձեզ մոտ մի քանի powerbank պահեք: Ավելի լավ է ունենալ երկու 7000 միլիամպերանոց, քան մեկ մեծը, քանի որ դրանք կարող են վնասվել, փչանալ կամ ցրտից լիցքաթափվել: Նման դեպքերում միշտ լավ է ունենալ պահեստային տարբերակ:
Powerbank-երն ունեն մեկ թույլ կողմ՝ դրանք աշխատում են 3.7 վոլտ լարմամբ: Այսինքն մի շարք սարքեր ի զորու չեն լիցքավորվել առանց հատուկ փոխարկիչների: Իսկ դրանք կրկին քաշ և տեղ են զբաղեցնում ձեր ուսապարկում: Այդ պատճառով, օրինակ ֆոտոխցիկի, ռադիոսարքերի համար, ավելի լավ է պահեստային մարտկոցներ ձեռք բերել և միշտ լիցքավորված վիճակում պահել ուսապարկում: Իսկ լապտերների դեպքում ցանկալի է ձեռք բերել այնպիսիք, որոնք կրկին ունեն փոխվող մարտկոցներ՝ AA կամ AAA տեսակի: Դուք կարող եք այդ չափսի վերալիցքավորվող մարտկոցներ ձեռք բերել, որպեսզի ամեն անգամ գումար չվատնեք նորերը գնելու համար, բայց մի քանի մեկ անգամյա մարտկոցներ պարտադիր պահեք ուսապարկում, որպես պահեստային տարբերակ:
Արևային վահանակներ
Ինչ վերաբերում է արևային վահանակներին, ապա դրանց արդյունավետությունը մի փոքր վիճելի հարց է: Քանի որ կոմպակտ և թեթև վահանակները, որոնք նպատակահարմար են կրել ուսապարկում, միշտ չէ, որ բավարար հզորությամբ և կայուն հոսանք են ապահովում սարքերը լիցքավորելու համար: Դրանց հետ պետք է միջանկյալ մարտկոց ունենալ՝ powerbank, որն ունակ է լիցք վերցնել նման անկայուն հոսանքի աղբյուրից: Սմարթֆոնների և այլ գաջեթների մարտկոցներն առավել պարզունակ են և հնարավոր է թույլ հոսանքի դեպքում ընդհանրապես չլիցքավորվեն, կամ անեն դա շատ դանդաղ: Այս ողջ համակարգը կարող է մի ամբողջ կիլոգրամով ավելացնել ձեր ուապարկի քաշը: Այդ իսկ պատճառով պետք է լավ մտածել, արդյո՞ք դրա կարիքը կա, թե՞ ոչ: Եթե ձեր քայլարշավը չի տևելու մեկ շաբաթ կամ ավել, եթե այն լիովին ավտոնոմ չէ, ապա արևային վահանակ ունենալն անիմաստ է: Արևային վահանակները լինում են շատ տարբեր հզորությունների՝ 0.5-ից մինչև 75 վատ:
Իրատեսական է ուսապարկում կրել առավելագույնը 20-25 վատ հզորություն ապահովող արևային վահանակ: Առավել հզորներն արդեն շատ ծանր կլինեն: Նմանատիպ վահանակներ կարող եք վերցնել երկարատև քեմփինգների ժամանակ, երբ ճամբարում տարբեր սարքեր կան, և դուք համեմատաբար պասիվ հանգստով եք զբաղված լինելու: Հաշվի առեք նաև այն, որ արևային վահանակի հզորությունն անմիջականորեն կախված է արևից: Այն պետք է ողջ մակերեսով ուղղված լինի դեպի արևը, իսկ առավելագույն հզորություն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղ արև և անամպ երկինք լինի: Հզորությունը կախված է նաև աշխարհագրական դիրքից: Օրինակ Երևանում ավելի մեծ հզորություն կստացվի ապահովել, քան, օրինակ՝ Հելսինկիում:
Ինչպես խնայել լիցքը
Եվ վերջում մի քանի խորհուրդ ձեր գաջեթների լիցքն ավելի երկար պահելու համար:
- Պաշտպանեք բոլոր սարքերն ու մարտկոցները ցրտից: Փաթաթեք տաք շորերի և անջրանցիկ տոպրակների մեջ, որպեսզի չթրջվեն: Խոնավ շորն ավելի շուտ կսառեցնի, քան տաք կպահի:
- Բոլոր հեռախոսները, պլանշետներն ու ֆոտոխցիկներն էլ ունենում են խնայողական ռեժիմ՝ ակտիվացրեք այն, որպեսզի ձեր գաջեթները քիչ էներգիա վատնեն:
- Լեռներում, այսպես թե այնպես, ռադիոծածկույթ հիմնականում չի լինում: Եվ քանի որ ցանցի բացակայության դեպքում հեռախոսն ուժեղացնում է ալեհավաքի հզորությունը, որպեսզի կարողանա ցանց գտնել՝ այն արագացնում է մարտկոցի լիցքաթափումը: Այդ իսկ պատճառով սմարթֆոնները դրեք «ինքնաթիռի ռեժիմի» վրա: Այն անջատում է հեռախոսի ալեհավաքը և մնացած բոլոր անլար կապի մոդուլներն՝ ինչը զգալիորեն երկարացնում է մարտկոցի կյանքը: Այս ռեժիմով լեռներում հնարավոր է հեռախոսի մեկ լիցքով երեք օր քայլել, օգտվելով միայն GPS-ից և ժամանակ առ ժամանակ ֆոտոխցիկից: Նույն հեռախոսը քաղաքային պայմաններում մեկ լիցքով հազիվ թե երկու օր ապրի:
- Ձեր սմարթֆոնը կամ ցանկացած այլ սարք կարող է անսպասելի լիցքաթափվել: Մի՛ վհատվեք: Փորձեք տեղափոխել այն տաք վայր, դրեք այն ուսապարկի մեջ՝ շրջապատված տաք շորերով, կամ ձեր բաճկոնի տակ: Հավանաբար այն պարզապես սառել է և տաքանալուց հետո դեռ մի որոշ ժամանակ կաշխատի՝ մինչև լիովին լիցքաթափվելը:
- Ունեցեք պահեստային հեռախոս: Վերցրեք ձեր կոճակներով հին Nokia-ն, կամ Sony Ericsson-ը, որը հեռու մի դարակում եք մոռացել: Քաջ հայտնի է, որ այդ հեռախոսները կարող էին շաբաթներով պահել լիցքավորումը: Այստեղ դրանք շատ պետք կգան:
- Եվ ի վերջո հստակ սահմանեք առաջնահերթ իրավիճակները: Օգտվեք սմարթֆոնից միայն անհրաժեշտության դեպքում՝ այսինքն խաղեր մի խաղացեք, ֆիլմեր մի դիտեք, թողեք ինտերնետը սոցիալական ցանցերով և գործնական նամակագրություններով հանդերձ: Հեռախոսը ձեզ կարող է անհրաժեշտ լինել, երբ անելանելի իրավիճակում հայտնվեք, կամ օգնություն կանչելու կարիք ունենաք:
Այսքանն այն մասին, թե ինչպես պետք է իրականացնել գաջեթների վերալիցքավորումն արշավների ժամանակ: Թեև խորհրուդրների մեծ մասն ակնհայտ էին, բայց պետք էր չէ՞, որ որևէ մեկը դրանք մեկ նյութի մեջ հավաքագրեր:
Արշավեք ապահով!
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: