Չախալաբերդ ամրոցը, որը հայտնի է նաև Բազաբերդ անվամբ գտնվում է Լոռու մարզի՝ Վրաստանի հետ սահմանամերձ Ջիլիզա համայնքի վարչական տարածքում:
XIII դարի պատմիչ Վարդան Արևելցու վկայությունների հիման վրա նշվում է, որ բերդը կառուցել է Հայկ Նահապետի թոռ Բազը, ըստ այլ աղբյուրների՝ այն կոչվել է նաև Բուզ:
Պատմություն
Բազաբերդ ամրոցը գտնվել է Մեծ Հայքի Գուգարք Աշխարհի Տաշիր-Ձորափոր գավառում։ Շրջապատված է հին բնակավայրերի ավերակներով և խիտ անտառներով:
Ամենավաղ հիշատակությունները բերդի մասին հանդիպում ենք պատմիչ Վարդան Արևելցու մոտ, որից երևում է, որ Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի մահից (977 թ․) հետո Բազաբերդը որպես ժառանգություն անցնում է նրա կրտսեր որդի՝ Կյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենին։ X դարում այն արդեն նշանավոր բերդերից է եղել, որից հետո անցել է Զաքարյաններին։
Ճարտարապետություն
Բերդամրոցը մեզ է հասել ավերված վիճակում։ Համեմատաբար լավ է պահպանվել միջնաբերդը և ներսում բոլորակ հատակագծով սենյակներ ունեցող կիսաբոլորակ երկու աշտարակներով հզորացված արևմտյան պարիսպը: Արևելյան պարսպին կից ներքուստ առկա են քառանկյուն հատակագծով մի քանի սենյակների մնացորդներ: Պարիսպների շարվածքն իրականացված է տեղական անմշակ քարով և կրաշաղախով:
Բերդն ունի երկու մուտք՝ արևելյան ու արևմտյան: Գլխավորն արևելյանն է՝ կրկնահարկ կամարով, վերին կամարը կրկնակի լայն է ստորինից և փոքր ինչ ետ ընկած. ծառայել է մուտքը պաշտպանելու համար: Միջնաբերդի (հյուսիս-արևմտյան) պարսպին կից առկա են կացարանների և օժանդակ շինությունների մնացորդներ: Միջնաբերդի սահմաններից դուրս՝ բերդի հարավային ու արևելյան հատվածներում պահպանվել են պարիսպների մնացորդներ, որոնք նույնպես ամրացված են եղել բուրգերով ու աշտարակներով:
Ամրոցը շրջապատված է եղել 10-12 մ բարձրությամբ 2-3 մ հաստությամբ բրգաշար պարսպով:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Աստղիկ Թորոսյանի
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: