Քարանձավի անապատ
Աշխարհի տարբեր ծայրերից շատ զբոսաշրջիկներ են այցելում Օհանավանք և Սաղմոսավանք, սակայն շատ քչերին է հայտնի նրանց մոտավորապես մեջտեղում գտնվող մի ժայռափոր վանքային համալիրի մասին, որը գտնվում է Քասաղի կիրճում:
Հայաստանի լեռներում թաքնված և դժվարամատչելի սրբատեղիները թեկուզ ոչ հաճախ, բայց ունենում են այցելուներ, սակայն այստեղ չկան ուխտավորների հետքեր: Այս վայրը կարծես ջնջվել է ժողովրդի հիշողությունից:
Մենք համատեղեցինք արշավն ու ժայռամագլցումը այս պատմական վայրի հետ, որպեսզի հետաքրքրություն առաջացնենք դեպի այս ժայռափոր համալիրը:
Այս քարանձավային համալիրը տեղացիները կոչում են Կարմիր վանքեր: Հավանաբար պայմանավորված ժայռերի կարմիր գույնով: Ըստ մեզ հասած մատենագրական աղբյուրների այս համալիրը կառուցվել է 12-րդ դարում և կոչվել է Քարանձավի անապատ, որը մերձ է Սաղմոսի վանքին:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ինչպես բոլոր վանքերը այս քարանձավներն էլ ունեն իրենց փոքրիկ եկեղեցին, ըստ Սիմեոն Երևանցու այն կոչվել է Սուրբ Աստվածածին:
Քարանձավներից մեկի մեջ կա մի նեղ ու երկար անցք, որը տանում է դեպի երկրորդ հարկ: Վերև կարելի է բարձրանալ միայն լեռնագնացային ապահովմամբ: Նեղ անցքով բարձրանալը այդքան էլ դժվար չի, բայց իջնելը բավականին դժվար է ու վտանգավոր: Առանց մասնագետի ապահովման երկրորդ հարկ բարձրանալ խորհուրդ չենք տալիս:
Երկրորդ հարկը բավականին ապահով ապաստարան է: Այս խցերում կարելի էր ապահով պատսպարվել, չվախենալով գազաններից ու անկոչ հյուրերից: Այստեղից հնարավոր է հսկել ցանկացած տեղաշարժ ձորի մեջ և գետի ողջ երկայնքով: Կարելի է ենթադրել, որ այս քարանձավները ժամանակին հաղորդակցվում էին, սակայն դարերի ընթացքում ժամանակն ու բնությունը այստեղ շատ բան է փոխել:
Լուսանկարները՝ Սերգո Առաքելյանի, Կորյուն Բոքսյանի և Տիգրան Շահբազյանի