Գիշերակացով քայլարշավներն ամենասիրվածն ու ամենահետաքրքիրն են: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ենք հասցնում անցնել երկար տարածություններ, տեսնել ավելին, նոր կապեր հաստատել, գտնել ընկերներ, ամբողջովին լիցքաթափվել քաղաքային կյանքից և վայելել բնության մեջ հանգիստը: Սա իրոք այսպես է: Վրանային գիշերակացն իրենից ենթադրում է մի շարք ռիսկերի ավելացում, պատասխանատվության և զգոնության առավել բարձր մակարդակ յուրաքանչյուր մասնակցից: Մենք որոշ չափով անդրադարձել ենք դրանցից մի քանիսին, ուստի այս անգամ որոշեցինք ներկայացնել մի քանի խորամանկություն վրանային գիշերակաց իրականացնելիս չմրսելու և հանգիստ քնելու համար: Սա ձեզ պետք կգա Արարատի, Հյուսիսային Արագածի, կամ Գեղամա լեռներում թրեքինգների ժամանակ:
Օրվա ընթացքում քայլելիս մենք մեծ քանակությամբ էներգիա ենք ծախսում և ծանրաբեռնում մեր մարմնի մկաններն ու մնացած օրգանները: Դա պետք է վերականգնել լիարժեք սնվելով և լավ քնելով: Սնվելու մասին արդեն խոսել ենք, հիմա ցանկանում ենք զրուցել գրագետ վրանային գիշերակաց ապահովելու մասին: Ի՞նչն է կարևոր վրանում հանգիստ քնելու համար։ Ճիշտ է՝ չմրսել։ Մրսելուց օրգանիզմը սկսում է հավելյալ էներգիա ծախսել հիպոթերմիայից և ցրտահարումից պաշտպանվելու համար, արդյունքում չի ստացվում լիարժեք քնել, գիշերն անցնում է անհանգիստ, իսկ առավոտյան դուք ուժասպառ և քնկոտ եք լինում՝ կազդուրված և ուժերը վերականգնած լինելու փոխարեն:
Պատրաստվում ենք գիշերակացին
- Նախ և առաջ մանրամասն պետք է ուսումնասիրել այն տեղանքը, որտեղ պատրաստվում եք արշավ իրականացնել: Նկատել եք չէ՞, ցանկացած թեմայի մասին խոսելիս առաջին խորհուրդը դա է: Միշտ պետք է նախապես ուսումնասիրել տեղանքը: Անգամ եթե օգտվում եք պրոֆեսիոնալ ուղեկցորդի ծառայությունից, միևնույն է դուք ինքներդ որոշակի պատասխանատվություն եք կրում ամբողջ ծրագրի բարեհաջող և անվտանգ ընթացքի համար: Այդ իսկ պատճառով մի գնացեք արշավ առանց համապատասխան տեղեկություն ունենալու՝ հույսը դնելով միայն ուղեկցորդի վրա:
- Ընտրեք տեղանքին և եղանակային պայմաններին համապատասխան գույք՝ մասնավորապես վրան, քնապարկ և ներքնակ: Եթե դուք ունեք համապատասխան ներքնակ և քնապարկ, ապա համարեք, որ չեք մրսի, կարող եք մնացածը չկարդալ: Չէ, կատակում ենք, կարդացե՛ք, որովհետև անկախ ձեր ունեցած գույքից պետք է գրագետ լինել անվտանգության հետ կապված ցանկացած հարցում:
- Նախքան քնապարկ մտնելը՝ տաքացեք: Քնապարկը չունի ակտիվ ջեռուցող մասնիկներ, այն մեկուսացնում է ձեզ արտաքին աշխարհից՝ ձեր իսկ մարմնի ջերմաստիճանով: Եվ եթե դուք սառած մտնեք քնապարկ, ապա ավելի ուշ կտաքանաք: Կոպիտ ասած, ջերմացնելու փոխարեն, քնապարկը կմեկուսացնի ձեր «սառնությունը»: Դրա համար մինչև քնապարկ մտնելն արժե թեթև նախավարժանք կատարել, կամ տաք թեյ խմել: Սակայն վերջինիս պատճառով գիշերը ստիպված կլինեք արթնանալ և դուրս գալ բնական կարիքները հոգալու:
- Պառկեք քնելու տաք հագնված: Չնայած, սա վիճելի հարց է և միանշանակ չէ: Բանն այն է, որ եթե հագուստը շատ հաստ լինի կամ սեղմող, այն կարող է խափանել արյան ազատ շրջանառությունը: Այն նաև քիչ տեղ է թողնում օդի համար, իսկ դուք տաքանում եք տաք «օդային գրպանի» շնորհիվ:
- Պաշտպանեք գլուխն ու ոտքերը ցրտից: Ոտքերը, հատուկ ֆլիսե գուլպաների բացակայության դեպքում, կարող եք փաթաթել ֆլիսե սրբիչով կամ ֆլիսե փափուկ, բայց ոչ շատ հաստ բաճկոնով: Գլխարկ հագնել արժե, որովհետև գլուխը ցրտահարելու դեպքում կարող եք տհաճ հետևանքներ և առողջական խնդիրներ ունենալ: Սակայն չի կարելի կիպ գլխարկ հագնել, որը կսեղմի արունատար անոթները: Ավելի լավ է պարզապես շարֆ փաթաթել, քան կիպ գլխարկ կրել: Ֆլիսից թեթև գլխարկներ են լինում, ընտրեք նմանատիպ մի բան:
- Պահպանեք քնապարկը սառը գետնից: Եթե ձեր ներքնակը բարակ է, լրացուցիչ փրկարարական ծածկոց փռեք, ոտքերի և գոտկատեղի հատվածում դրեք դատարկ ուսապարկը, բաճկոնը, ցանկացած փափուկ բան, որը սառը գետնից հեռու կպահի ձեզ:
- Շատ սնվեք: Սնունդը էներգիայի՝ հետևաբար, ջերմության աղբյուր է օրգանիզմում: Կերեք ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ սնունդ, խմեք քաղցր հեղուկներ:
- Ցանկալի է ունենալ առանձին հագուստ քնելու համար: Այն ավելի փափուկ, մարմինը չսեղմող և տաք պետք է լինի: Իդեալական է այս դերում ֆլիսը: Առանձին չոր, մաքուր հագուստով միշտ ավելի հաճելի է քնել, իսկ օրվա ընթացքում հագած թերմոներքնազգեստը կհասցնի չորանալ մինչև լուսաբաց:
- Ապահովեք վրանի օդափոխությունը: Եթե ձեր վրանը չունի օդափոխւթյան համար ցանց և փոքրիկ պատուհաններ, ապա վերևի մասից մի փոքր բացեք վրանի մուտքի շղթան: Եթե վրանը չօդափոխվի, ձեր արտաշնչած օդից վրանի պատերին խտվածք կհավաքվի, և առաջացած խոնավությունը ձեզ ավելի կսառեցնի:
- Օգտագործեք ջեռակներ: Կարող եք օգտագործել հատուկ աղային ջեռակներ, կամ պարզապես պլաստիկ շշի մեջ տաք ջուր լցրեք և դրեք քնապարկում։
*Ուշադիր եղեք ժամանակին շիշը հանել քնապարկից՝ մինչև սառելը։
* Չի կարելի եռման ջուր լցնել պլաստիկ շշի մեջ, այն կարող է հալվել: Ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ եռման աստիճանի:
- Եթե վրանում մի քանի հոգով եք լինելու, իրար մոտ պառկեք: Այդպես դուք նաև իրար կտաքացնեք: Եթե վրանում երեք հոգով եք, ապա ամենամրսկանը պետք է պառկի ձեր երկուսի մեջտեղում: Այդպես նա պատշտպանված կլինի ցրտից: Անհրաժեշտության դեպքում քնապարկերը պետք է իրար միացնել և միասին պառկել: Դա երաշխավորում է մի քանի անգամ ավելի տաք պայմաններ, քան եթե առանձին պառկեք:
Գազօջախով վրանը տաքացնել չի կարելի: Արշավային գազօջախները մեծ քանակությամբ ածխաթթու գազ են արտանետում, ինչը փակ տարածություններում վտանգավոր է կյանքի համար:
Գազօջախը վրանում կարելի է վառել միայն լավ օդափոխություն ապահովելու դեպքում և կարճ ժամանկով:
Եվս մեկ խորհուրդ ձեր գաջեթների համար: Որպեսզի ձեր գաջեթների մարտկոցները ժամանակից շուտ չլիցքաթափվեն ցրտից, վրանային գիշերակացի ժամանակ դրանք նույնպես դրեք քնապարկի մեջ, կամ պահեք ուսապարկում՝ տաք շորերով փաթաթած:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: