Բեզոարյան այծ
Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը (լատ.՝ Capra aegagrus), սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճղակավոր կենդանի է, լեռնային վայրի այծ, որն ապրում է բազմազան կլիմայական պայմաններում՝ անապատայինից մինչև լեռնային գոտիներ: Բեզոարյան, կամ վայի այծը ներկայիս տնային այծերի հիմնական նախնիներից է: Բեզոարյան այծերն իրենց անվանումը ստացել են ստամոքսում առկա կարծրացած մազափնջի շնորհիվ, որն այլ կերպ անվանում են բեզոար: Նախկինում մարդիկ բեզոարը համարել են հաջողության խորհրդանիշ, ինչն էլ Բեզոարյան այծերի քանակի կրճատման պատճառ է հանդիսացել: Տեսակը գրանցված է եղել նախկին ԽՍՀՄ կարմիր գրքում: 1996 թ-ից գրանցված է ԲՊՄՄ կարմիր ցուցակում «խոցելի»՝ Vulnerable կարգավիճակով:
Որտե՞ղ կարելի է հանդիպել Բեզորյան այծերի
Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաները և Գնիշիկի կիրճը: Առանձին խմբեր պահպանվել են Խուստուփ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:
Ընդհանուր բնութագիր
Արուների զանգվածը հասնում է 95 կգ-ի, էգերինը՝ 55 կգ, մարմնի երկարությունն արուների մոտ 129-152 սմ է, էգինը՝ 100-110 սմ: Արուների եղջյուրները կարող են հասնել մինչև 130 սմ, էգերինը՝ 25-40 սմ: Եղջյուրները ծառայում են հիմանականում պաշտպանության և պայքարի համար:
Բեզոարյան այծերի մազածածկը տարբերվում է կախված տարածաշրջանից և կլիմայական պայմաններց, այն կարող է լինել միագույն և բազմագույն: Հիմնական հանդիպող գույներն են մոխրագույնը, շագանակագույնը, սպիտակը և սևը: Ամռանը մազածածկույթը կարճանում է, իսկ գույնը դառնում կարմրավուն: Նրանց մազածածկը մեծաապես նպաստում է նրանց հարմարվողականությանը՝ օգնելով դիմադրել լեռնային դաժան կլիմայական պայմաններին:
Հիմնականում ապրում են խիտ ծառաթփային բուսականությամբ վայրերում և տարածքային մեծ փոփոխություններ չեն կատարում: Ձմռանը ուղղվում են դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ: Այծերը հիմնականում սնվում են խոտերով և տերևներով, սակայն իրենք սնունդ են ծառայում հովազների, արջերի և գայլերի համար:
Բազմացումը
Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը, իսկ ձագերը ծնվում են մայիսի կեսերին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ձագ: Մայրը կաթով կերակրում է 5 ամիս, այնուհետև սկսում են սնվել խոտերով և տերևներով: Էգերը սեռահասուն են դառնում 3, իսկ արուները 1.5-2.5 տարի անց: Այծերի կյանքի միջին տևողությունը 13-14 տարի է: Էգերն ապրում են ձագերի հետ, իսկ արուները առանձին կամ 4-5 հոգանոց խմբերով: Զույգավորման շրջանում արուն իր մարմնից յուրահատուկ յուղ է արտադրվում, որն էլ գրավում է էգերին: Արուները երբեմն դաժան մենամարտեր են ունենում էգերի համար:
Հայաստանի Հանրապետությունում տեսակը հիմնականում պահպանվում է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Արևիք» և «Սևան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում և հարավային Հայաստանի մի շարք արգելավայրեում:
Բեզոարյան այծերը, որպես տուրիզմի զարգացման խթան
Վայոց Ձորի Շատին գյուղում գործող «Դիտակետ»-ը հնարավորություն է տալիս այցելուներին հետևելու բեզոարյան այծերին, տեսնել թե ինչպես են նրանք իջնում ձոր՝ ջուր խմելու: Քարքարոտ ու ժայռոտ տարածքի շնորհիվ այծերը կարողանում են խուսափել վայրի գազանների հարձակումներից և մագլցելով ժայռերը փախչել: Բեզոարյան այծի պոպուլյացիան, հանդիսանալով եզակի և անհետացման եզրին գտնվող տեսակ, կարող է գրավել ոչ միայն մասնագետների ուշադրությունը, այլ նաև կարող է յուրահատուկ այցեքարտ հանդիսանալ Հայաստանի տուրիզմի զարգացման համար՝ ստեղծելով հայկական նոր բրենդ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: