Բերդավանք վանական համալիրը գտնվում է Ոսկեպար գյուղից մոտավորապես 6կմ դեպի արևմուտք: Վանքն այդպես են կոչում տեղացիները, սակայն անվան մասին մեզ հասած այլ տեղեկություններ չկան: Առաջին անգամ համալիրի մասին վկայություններ հանդիպում են 13-րդ դարում: Եվ եթե անվան հետ կապված անհամեմատ դժվար է որևէ բան պարզել, ապա ճարտարապետական տեսանկյունից որոշակի հետևություններ կարող ենք անել:
Իր կառուցողական հորինվածքով, կրկնհարկ զույգ ավանդատներով կենտրոնագմբեթ եկեղեցին շատ նման է Կիրանցի վանքին, և ինչպես 13-րդ դարում Հայաստանի հյուսիսարևելյան հնավայրում պահպանված շատ հուշարձաններ, Բերդավանքը նույնպես, հայ քաղկեդոնական ժամանակաշրջանում ձևավորված հոգևոր կառույց է:
Ճարտարապետությունը
Բերդավանք վանական համալիրը կազմված է կենտրոնագմբեթ եկեղեցուց, իսկ ամբողջ տարածքը պաշտպանված է բազմանկյուն պարսպապատով: Բերդավանքը կառուցվել է 4․5-4․8սմ թրծված աղյուսներից, որոնցից շատերը ջնարակապատված են եղել կապույտ երանգով: Այն ունեցել է կրկնապարիսպ, ինչից պահպանվել է միայն հարավարևելյան հատվածը՝ անկյունային կիսաշտարակով: Իսկ բազմանկյուն պարիսպը հզորացված է եղել երեք կիսաբոլորակ աշտարակներով, սակայն պարսպից պահպանվել է միայն արևելյան հատվածը, որն ունի 73.5մ երկարություն:
Բերդավանք վանական համալիրի եկեղեցին՝ սրահի քիվերի հետ միասին, ամբողջությամբ քարակերտ է: Դրսից զարդարված է գեղեցիկ զարդաքանդակներով, իսկ ներսից ամբողջովին պատված ՝ հարուստ որմնանկարներով: Ցավոք, այսօր որմնանկարները հազիվ նկատելի են միայն այն հատվածներում, որտեղ պահպանվել են սվաղի շերտերը: Ժամանակին 25.40 x 16.82մ կազմող համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգուն են մնացել հյուսիսային կրկնահարկ ավանդատունը և խորանի հյուսիսային կորության մի մասը: Բերդավանքը Ոսկեպարի հուշարձաններից մեկն է:
Նյութը պատրաստելիս օգտվել ենք Ս. Կարապետյանի «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գրքից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: