Բերդավան ամրոց
Բերդավան ամրոցը գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել է 17-րդ դարում: Գրավոր աղբյուրներում ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: 1983թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել են հյուսիսարևելյան երկու աշտարակները և այլն:
Ճարտարապետական նկարագիր
Ճարտարապետական հորինվածքով՝ եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր և պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Մուտքից հարավ՝ անկյունային մասում, պարսպի հաստատության մեջ կան աստիճաններ։
Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են:
Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջը, ժամանակին եղել են շինություններ՝ կացարաններ, պահեստներ և այլն։ Այդ մասին են վկայում վերջերս՝ նորոգման առիթով, ներսի 2-3 մ հաստությամբ կուտակված հողաշերտը հանելիս հայտնված ձուլվածքի կտորները, փուքսի մնացորդները, կավանոթները, մետաղական կազինը և այլն։
Կառուցվածքային առանձնահատկություններ
Պատերն արտաքուստ ամրացված են ½ կամ ¾ գլանի ձև ունեցող 11 բուրգերով, որոնցից 2-ը՝ մոտ 2 մ շառավղով տեղադրված են արևմտյան պատի անկյուններում, մյուսները՝ 1,2 – 1,5 մ շառավղով։
Պատերի հաստությունը 1,2 մ է, բարձրությունը տարբեր՝ պայմանավորված ռելիեֆի արևելք – արևմուտք ունեցած թեքությամբ: Ներկայումս արևմտյան և հարավարևմտյան մասերում դրանք ունեն 5,5 մ բարձրություն, արևելյան և հյուսիսարևելյան մասերում՝ 10,5 մ։ Պատերի բարձր մասում՝ բուրգերի միջև՝ ներքին բակի մակարդակից ավելի քան 5,5 մ բարձրության վրա, կան 12-15 սմ բացվածքով պատուհաններ, որոնք, ըստ երևույթին, ծառայել են որպես դիտաճեղքեր։ Դրանցից 1 մ ցածր պատերի մեջ կան կլոր խոռոչներ։
Եկեղեցի. խաչքարեր
Չնայած Բերդավան ամրոցի հիմնականում կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով և կրաշաղախով, այնուամենայնիվ պատերի որոշ հատվածներում անկանոն կերպով տեղադրված են ավելի վաղ շրջանի պատկանող քանդակազարդ բեկորներ, երբեմն կարելի է նաև նկատել խաչքարային լուծումներով հատվածներ: Բերդավան ամրոցի հարավարևմտյան աշտարակի պատում քանդակված է հավասարաթև խաչ, որը եզերված է գալարազարդ շրջանակով:
Ամրոցի հարավարևմտյան կողմում գտնվում է մի եռանավ եկեղեցու մնացորդներ՝ պահպանված են միայն պատերը՝ ամբողջական բարձրությամբ։ Եկեղեցու պատերում, նույնպես, պատահական և անկանոն ձևով տեղադրված են խաչքարերի բեկորներ: Այն իր հորինվածքով և հարդարանքով բնորոշ է ուշ միջնադարին: Եկեղեցուց 50մ դեպի հարավ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը՝ բազմաթիվ տապանաքարերով և խաչքարերով: Ուշագրավ է 13-րդ դարի թևավոր խաչքարը, որի արևմտյան ճակատին փորված են խաչապատկեերներ և մարդկային ֆիգուրաներ:
Հիշատակություններ
Բերդավան ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ստացվում է, որ Բերդավանի ամրոցը առնվազն XII դ. գոյություն է ունեցել։ Ներկայից ամրոցի մնացորդների տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.:
Բերդը վերանորոգել են 1983 թ.:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: