info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աշնանային արշավներ / Ինչպես պատրաստվել

Աշնանային արշավներ

Աշնանային արշավներ ասելով գուցե շատերն առաջին հերթին պատկերացնում են անձրև, ցեխ, մռայլ և տհաճ եղանակ։ Բայց իրականությունը լրիվ այլ է։ Աշնանային Հայաստանը յուրօրինակ աշխարհ է, որը բացահայտելու համար պետք է մի փոքր պատրաստվածություն։

Հայաստանում մենք ունենք հնարավորություն ականատես լինել տարվա բոլոր չորս եղանակների փոփոխությանը։ 365 օրերի ընթացքում մենք գարնանը վայելում ենք նորաթուխ խիտ կանաչի և սպիտակ գագաթների համադրությունը, ամռանը՝ 3000 մ և բարձր լեռնային տեսարաններն ու ջրային աշխարհը, ձմռանը՝ ամբողջությամբ ձնածածկ գագաթներն ու դրանց վեհությունը։ Իսկ ի՞նչ է տալիս մեզ աշունը։

Աշնանային արշավների առավելությունները

Որքան էլ աշունն ասոցացվի մշտական անձրևների և դեպրեսիայի հետ, արշավականների համար դա այդպես չէ։ Ավելին, աշունը նույնիսկ կարելի է համարել արշավային կյանքի ամենաակտիվ ընթացքը։ Արշավականներից շատերի համար հատկապես աշունն է ամենտպավորիչ ու իդեալական ընթացքը արշավներ գնալու համար։

Չկան միջատներ

Համաձայնեք, որ անկախ ամառային ջերմացնող եղանակից, երբ կարելի է մտածել, թե քայլում ենք շատ թեթև հագուստով, առավել հաճախ մենք պայքարում ենք չջրազրկվելու , չարևահարվելու, և իհարկե, տարատեսակ միջատներից պաշտապնվելու դեմ։ Արշավականների մի մասը նախընտրում է կրել երկարաթև հագուստ՝ պաշտպանվելով միջատներից և լրացուցիչ արևայրուք ստանալուց, իսկ մի մասն օգտագործում է բազմաթիվ սփրեյներ կամ դեղամիջոցներ միջատների խայթոցներից խուսափելու համար։

Այս իմաստով, աշնանը մենք լրիվ հանգստանում ենք, քանի որ չկան այդքան նյարդայնացնող միջատները, օդն ավելի մաքուր է, իսկ երկարաթև հագուստը ջերմացնում է, պաշտպանելու փոխարեն։ 

Արշավականներ, արշավականներ և էլի արշավականներ

Քանի որ անձրևային և մի փոքր ցուրտ եղանակը վանում է ոչ արշավականներին, բազմաթիվ տեսարժան վայրերում, ջրվեժների, լճերի մոտ չկան իրենց ընտանեկան ժամանցը և բարձր երաժշտությամբ խնջույք կազմակերպող մարդիկ։ Չկա այնքան շատ աղբ, որ կարելի է հանդիպել ամռանը, հատկապես այն վայրերում, ուր կարելի է հասնել ամենագնաց մեքենաներով։

Իսկ ի՞նչ է փնտրում արշավականը բնության գրկում։ Ճիշտ է, լռություն։ Այս իմաստով, աշնանային երթուղիներում կարելի է հանդիպել մեծամասամբ միայն արշավականների, ովքեր նույնկերպ լուռ և մաքուր պահելով վայելում են բնությունը։

Ձայները

Եթե նույնիսկ դու մտածում ես, որ աշունը դեպրեսիվ է, իսկ քայլել թափվող տերևներով նշանակում է միմիայն ավելի խորացնել դեպրեսիան, միևնույն է, գոնե մեկ անգամ պետք քայլես աշնանային երթուղիներով։ Ջրառատ գետակների շշնջոցը, խշխշացող տերևները կլինեն քո ամենաիրական հակադեպրեսանտները։

Երանգներ

Աշունն այն միակ եղանակն է, որի ընթացքում կարելի է ականատես լինել գույների փոփոխությանը։

Քայլել անտառով ու միաժամանակ նկատել կարմիրի, նարնջագույնի, դեղինի, կանաչի բոլոր երանգները։

Կենդանական աշխարհը

Իսկ ինչպե՞ս կարող է անտառային երթուղին մեզ զարմացնել խորը աշնանը, երբ ծառերը տերևաթափ են լինում։ Պատասխանն ակնհայտ է՝ իր կենդանական աշխարհով։ Արշավականների տեսադաշտն ավելի է ընդլայնվում և նախկին սաղարթախիտ ծառերն այլևս չեն խանգարում նկատել ու հիանալ կենդանական աշխարհով, թռչուններով։ 

Աշնանային արշավները Հայաստանում

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին

Ինչպե՞ս հագնվել աշնանային արշավների մասնակցելիս

Առհասարակ արշավային հանդերձանքը, անկախ եղանակային պայմաններից, պետք է լինի շերտերով։ Այստեղ կարող ենք կիրառել նաև ձմեռային արշավնների մյուս գլխավոր կանոնը՝ չթրջվել։ Քանի որ աշնանը եղանակային պայմանները կարող են լինել խիստ անկանխատեսելի, չենք կարող բացառել, որ ջերմացնող արևն ինչ-որ պահի կվերածվի հորդառատ անձրևի։ Ուստի կարևոր է ամբողջ հանդերձանքի ճիշտ ընտրությունը։

Անձրևապաշտպան թիկնոց

Աշնանային արշավների մասնակցելիս անևրապաշտպան թիկնոցը պետք է լինի մեր հանդերձանքի անբաժան մասը։ Ժամանակ խնայելու տեսանկյունից առավել հարմար են պոնչո անձրևպաշտպան թիկնոցները, քանի որ կարելի է շատ արագ անձրևից պաշտպանել ամբողջ մարմինն ու ուսապարկը։ Հակառակ դեպքում, հարկավոր կլինի առանձին մտածել նաև ուսապարկի պաշտպանիչ շերտ ձեռք բերելու մասին։


Սակայն առավել հորդառատ անձրևների ժամանակ երբեմն մեկ անձրևապաշտպան շերտը բավաան չէ։ Ուստի վստահ եղեք, որ ուսապարկում տեղ եք հատկացրել նաև անձրևապաշտպան բաճկոնի համար։

Ջրակայուն կոշիկներ

Խորհուրդ կտանք խուսափել և չգնել այնպիսի արշավային կոշիկներ, որոնք նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար։ Աշնանային կոշիկները պետք է պարտադիր լինեն ջրակայուն, քանի որ կատարում են միանգամից երկու գործառույթ՝ պաշտպանում են ոտքերը թրջվելուց և ավելի տաք են պահում ոտքերը։

Ինչպես ընտրել արշավային կոշիկ

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր 

Զանգապաններ

Հատկապես խոր աշնանը տեղումներն ավելի հաճախակի են լինում, երբեմն անձրևից վերածվելով ձյան։ Նման իրավիճակում ջրակայուն կոշիկ ունենալն արդեն բավական չէ, քանի որ հորդառատ անձևրի պատճառով ոտքերը միևնույն է կթրջվեն վերևից՝ ջուրը ամբողջ հագուստի վրայով կիջնի և կներթափանցի կոշիկների մեջ։

Իսկ զանգապանները կլինեն հավելյալ պաշտապնություն, քանի որ վերևից ամուր գրկում են ոտքերը։ Իսկ թե ինչպես ընտրել ճիշտ արշավային զանգապաններ, կարող եք կարդալ այստեղ։

Աշունը բնավ միայն անձրևների և մռայլ գույների մասին չէ, հակառակը։ Պարզապես պետք է ճիշտ պատրաստվել աշնանային արշավներին, ունենալ համապատասխան հանդերձանք, և ամենակարևորը, սիրել քաղաքից դուրս կյանքն ու հնարավորինս փորձել ստեղծել մեր հարամարավետության գոտին։  

Առաջիկա արշավները