Բեխի Անապատ
Բեխի Անապատ կամ Տանձափարախի՝ գտնվում է Սյունիքի մարզի Բեխ գյուղից 4 կմ հարավարևելք: Տեղակայված է ամայի տեղում, շրջապատված է սաղարթախիտ անտառներով։ Անապատի նախնական հուշարձանը կառուցված է եղել 7-րդ դարից ոչ ուշ, վերակառուցվել է 17-րդ դարի 20-ական թվականներին։
Բեխ գյուղ
Բեխը Սյունիքի հինավուրց գյուղերից է։ Գյուղի անունը, որպես Տաթև վանքի սեփականություն հիշատակվում է Ստ․ Օրբելյանի օգտագործած աղբյուրների մեջ։ Բեխում իշխել են երկու նշանավոր մելիքական տներ՝ Մելիք Փարսադանյանի և Թորոս իշխանի։ Վերջիններս առաջիններից էին, որ Կապանում սկսեցին պղնձի արդյունահանումն ու ձուլումը՝ դառնալով մրցակից հույների համար: Մելիք Փարսադանյաններին է պատկանել նաև Հալիձորի բերդն իր շրջակայքով:
Գյուղի կենտրոնում է գտնվում միանավ թաղակապ եկեղեցին: Տարբեր ժամանակների նախշազարդված, վիմագրերով հարուստ տապանաքարեր են ագուցված եկեղեցու պատերին: Գյուղը մինչ օրս անփոփոխ պահպանել է իր անունը։
Ճարտարապետություն
Բեխի անապատը կազմված է եկեղեցուց, որը թաղածածկ դահլիճի հորինվածք ունի, իսկ հյուսիսային կողմում կանգուն է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատունը։ Մյուս օժանդակ շինություններից` պարիսպներից, միաբամության բնակելի սենյակներից միայն հետքերն են պահպանվել։ Քանդված է եկեղեցուն արևմտյան ճակատին կից եռակամար գավիթ-նախասրահը։ Անապատից` մոտավորապես 50 մ դեպի արևելք, գտնվում է մի մատուռ։
Բեխի անապատն ունի մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ, որոնք արժեքավոր են ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության համար։ Նախ հետաքրքիր է սեղանատան տեղադրությունը։ Եթե մյուս համալիրներում առանձնացված է եկեղեցուց, ապա այստեղ այն այն կից է եկեղեցուն։ Հետաքրքիր է նաև եկեղեցու և սեղանատան պատերի շարվածքում օգտագործված ավելի հին կառուցվածքի բեկորներների առկայությունը, ինչը լույս է սփռում Բեխի անապատի իրական անվան և Սյունիքի հնագույն վանքերից մեկի տեղադրությունը ճշտելու հարցի վրա։
Տաթևի Մեծ Անապատ
Պատմություն
Անապատի սեղանատունն ու եկեղեցին կառուցված են կիսամշակ բազալտից և որձաքարից, 17-րդ դարին բնորոշ շինարարական տեխնիկայով, իսկ շարվածքում օգտագործված բեկորները բոլորովին ուրիշ քարից են` դեղնակարմրավուն տուֆաքարից։ Բեկորներում հանդիպում են ատամնավոր քիվի, քանդակազարդ զարդագոտու հատվածներ։ Եկեղեցու արևմտյան ճակատին արտաքուստ ագուցված քարի վրա պահպանվել է ուռուցիկ գրված արձանագրության մի կտոր։ Փորագրության ձևը հատուկ է 12-ից 14-րդ դարերին։ Ակնհայտ է, որ Անապատի տեղում եղել է` ավելի հին հուշարձան, որը ամբողջովին քանդվել է և քարերը մասամբ օգտագործվել են նորը կառուցելու ժամանակ։
Քանդակազարդ բեկորների և արձանագրության ոճական առանձնահատկություններից պետք է ենթադրել, որ Անապատի նախնական հուշարձանը կառուցված է եղել 7-րդ դարից ոչ ուշ և կանգուն է եղել մոտավորապես մինչև 14-րդ դարը, որից հետո քանդվել է կամ երկրաշարժից, կամ թշնամիների կողմից։
Անապատի պատմության վերաբերյալ կարևոր տեղեկություն է հաղորդում Ստ. Օրբելյանը և հենց նրա մոտ ենք գտնում հուշարձանի հին անունը։ Ստ. Օրբելյանը գրում է, որ Սիսիական տոհմի Ձագիկ մեծ իշխանի որդի Վահանը մինչև իր անունը կրող Վահանավանքի հիմնադրումը (911 թ.) երկար ժամանակ անցկացրել է այդ նշանավոր մենաստանում։
Սյունիքի 17-րդ դարի բոլոր անապատներն հասել են մինչև մեր օրերը և հայտնի են նրանց տեղերը։ Տանձափարախ կոչված վայրում կանգուն է միայն մեկը վերոհիշյալ Բեխի անապատը։ Այս փաստը ոչ մի կասկած չի թողնում, որ նշված համալիրը պատկանում է Սյունիքի հինավուրց անապատներից մեկին` Տանձափարախին, որը հիմնովին վերակառուցվել է Արիստակեսի կողմից 17-րդ դարում։ Եվ պատահական չէ, որ Բեխ գյուղի բնակիչները մինչև վերջերս այն կոչել են Արիստակեսի անապատ։
Տանձափարախի անապատը միջնադարում եղել է նաև հայտնի մշակութային կենտրոն։ Այստեղ գրվել են ձեռագրեր, աշխատել է Գրիգոր Տաթևացու աշակերտ Մաթևոս վարդապետը։ Տանձափարախի անապատը 17-րդ դարում վերականգնվելով, գործել է հավանաբար մինչև 18-րդ դարի վերջերը` եկեղեցում գտնվող մի խաչքարի վրա կա 1751 թ. արձանագրություն։ Սակայն հետո այն լքվում է և նրա անունը չի հիշատակվում ոչ մի տեղ։
Ավանդազրույց
Այս յուրահատուկ սրբավայր-ամրոցի մասին գրել է Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում:
Րաֆֆին գրում է. «Քաջազնական հոգին, միանալով կրոնական զգացմունքների հետ, հրաշքներ էր գործում: Պաշարվածները ընտրել էին մահը, քան թէ անձնատուր լինել. «Արևը մոտենում էր իր մուտքին: Սույն միջոցին Մխիթար սպարապետը Տեր-Ավետիքի հետ, թողնելով Դավթին փոքրաթիվ պահապանների հետ բերդի մէջ, իրանք ամրոցի գաղտնի դռնով դուրս են գալիս՝ իրանց հետ ունենալով մի քանի հարյուր սպառազեն տղամարդիկ: Նրանք անակնկալ կերպով հարձակվում են թշնամու գլխավոր բաժնի վրա: Որովհետև մութը պատած էր այն ժամուն, թշնամին շփոթվում է. նրանք կարծում են, թէ պաշարվածներին դրսից օգնություն հասավ: Ամբողջ բանակի մէջ տիրում է խռովություն և իրարանցում: Սկսվում է կոտորածը: Նույն միջոցին թշնամու խառնիճաղանճ բազմությունը թողնում է բերդը: Նրանք սկսում են ցրվել: Նույն ժամին բերդից դուրս է գալիս և Դավիթ- Բեկը, միանում է իր ընկերների հետ: Թշնամին փախչում է: Դրանք հետամուտ էին լինում: Նրանցից ընկնում են մի քանի հազար հոգի, խլում են հարյուրից ավելի դրոշակներ եւ հարուստ պատերազմական մթերք:
Սյունյաց նահանգը մաքրվեց օսմանցիներից: Այդ եղավ 1727 թվին»:
Դեպի Բեխի Անապատ իրականացրած արշավի ժամանակ քայլեցինք նաև դեպի Կավարտի հունական եկեղեցի։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: