Արջերի քարանձավ կոչվող այս վայրը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից ուղիղ գծով 3 կմ հեռավորության վրա: Հայկական լեռնաշխարհի ամենամեծ ու գեղեցիկ կարստային քարանձավներից է: Գտնվում է ծովի մակերևույթից 1655 մ բարձրության վրա: Հայտնաբերվել է որսորդների կողմից 1978 թվականին:
Օդերևութաբանական ուսումնասիրությունների տվյալով՝ քարանձավի միջին ջերմաստիճանն է 10,2° C: Քարանձավի ընդհանուր երկարությունը 3500 մետր է, որը երկրի ընդերք է խորանում ավելի քան 700 մ:
Անվանումը կապված է սրահներից մեկում հայտնաբերված արջերի ոսկորների հետ:
Հսկայական դահլիճները
Անձավը գրեթե ամբողջությամբ ձևավորված է կալցիումի կարբոնատով, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ ու բազմապիսի ստալակտիտներ (շթաքարեր) ու ստալագմիտներ (պտկաքարեր):
Ամենագեղեցիկ ու տպավորիչ ստալակտիտներն ու ստալագմիտները գտնվում են անձավի հարավային ծայրում: Հենց դա է պատճառը, որ պետք է գնալ մինչև վերջ: Քարանձավի ներսում բազմաթիվ հսկայական դահլիճներ կան, որոնք իրար են միանում նեղ միջանցքներով, որոնցով անցնել հնարավոր է միայն սողալով:
Առանց ուղեկցորդի Արջերի քարանձավ մտնելը վտանգավոր է կյանքի համար:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի