Ինչպե՞ս խուսափել արջերից
«Արջը եկավ, վրանը քանդեց, ամբողջ ուտելիքը տակն ու վրա արեց, մարդկանց էլ հոշոտեց»:
Նման պատմություններ ենք պատկերացնում, երբ խոսում ենք արջի մասին: Եվ, իհարկե, մեր բնակչության մի զգալի մաս նրա մեջ տեսնում է թշնամու՝ զարհուրելի դիվական գազանի, ում պետք է սատկացնել: Բնականաբար, այդ մարդիկ մեր բլոգի թիրախային լսարանը չեն, բայց, այնուամենայնիվ, տիրող բացարձակ անտեղյակության և անգրագիտության մթնոլորտը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ սկսում է հեղինակություն ու ազդեցություն ունենալ մարդկանց վրա: Արագածում 2019-ի ամռանը տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ արջը հարձակվել էր երկու զբոսաշրջիկի վրա, որի արդյունքում նրանցից մեկը մահացել էր, միայն ավելի սրեց այս խնդիրը թե՛ արշավականների, թե՛ մնացած հանրության շրջանակներում՝ անիմաստ խուճապ բարձրացնելով:
Խնդիրը նրանում է, որ շատերը «փրկվածի սիստեմատիկ սխալի» պատճառով արշավ գնալիս երբեք չեն մտածել նման խնդիրների մասին: Մարդիկ ունեն այսպիսի մոտեցում՝ չէ՞ որ դժբախտ դեպքը երբեք իր հետ չի պատահի: Նույն կերպ մարդիկ լսել են, որ սարերում արջեր են լինում, բայց չեն մտածել, որ մի օր իրենց երթուղու վրա էլ կարող է արջ հանդիպել: Այդ պատճառով էլ նման խուճապի ականատես եղանք: Անհրաժեշտ է ունենալ տարրական գիտելիքներ խնդրի մասին, ինչպես ասում են․ «տեղեկացված ես, ուրեմն զինված ես»:
Այս նյութը պատրաստելիս առաջնորդվել ենք ռուս կենդանաբան Միխայիլ Կրեչմարի դասախոսություններով: Կրեչմարը հանդիսանում է արջերին և բնությանը նվիրված մի շարք գիտական աշխատությունների, փաստավավերագրական ֆիլմերի և գրքերի հեղինակ: Քսան տարուց ավել ուսումնասիրել է արջերի հոգեբանությունը, անդամակցում է «Արջերի Հետազոտման և Պահպանման Միջազգային Կազմակերպությանը»: Մի խոսքով, իր գործի մասնագետն է, և կարելի է հիմնվել նրա խորհուրդների վրա:
Եկեք խոսենք այն իրական վտանգի մասին, որն արջերն իրենցից ներկայացնում են: Կրեչմարի դասախոսություններից եկանք այն եզրակացությանը, որ Արագածի արջի դեպքը ավելի շուտ բացառություն էր՝ բոլոր օրինաչափություններից դուրս: Առաջին հերթին սա առաջին դեպքն էր տվյալ տարածքում: Իսկ ավելի մանրամասն դուք կիմանաք նյութը ամբողջությամբ կարդալուց հետո:
Արջերը Հայաստանում
Հայաստանում կարելի է հանդիպել գորշ արջի: Նրանց բնակման արեալը բավականին մեծ է: Գորշ արջեր կան գրեթե ողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում, Կովկասում, հեռավոր արևելքում, Միջին Ասիայում, Հայկական Լեռնաշխարհում և միջագետքում: Ժամանակին ապրել են Արաբական թերակղզում և Հյուսիսային Աֆրիկայում, սակայն հիմա գրեթե վերացել են այդ տարածքներից: Հայաստանում հանդիպում են Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում: Գրանցվել են ծովի մակարդակից 400-ից մինչև 3000 մ բարձրություններում: Ինչպես հասկանում ենք արջը շատ տարածված կենդանի է, նա հեշտ հարմարվում է նոր պայմանների՝ ցուրտ կամ շոգ կլիմա, սննդի պակաս և այլ վտանգներ: Արջի ճաշացանկը բավականին մեծ է: Բնականաբար, նախընտրում է միս, սակայն հիմնականում սնվում է հատապտուղներով, ընկուզեղենով, մանր կրծողներով, բույսերի արմատներով: Հայաստանում արջերի թվաքանակի հստակ մշտադիտարկում չի անցկացվել: Բայց համարվում է, որ թվաքանակը կայուն է:
Այն որ արջերը հաճախ մտնում են գյուղեր, չի վկայում նրանց մեծ թվաքանակի մասին: Այլ վկայում է կերի պակասի և իրենց բնական կենսատոպերի քայքայման մասին: Արջերը, ինչպես նաև գայլերը, ճարահատյալ մտնում են գյուղեր և այլ բնակավայրեր սնունդ հայթհայթելու համար: Արջերը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, որպես ռիսկային տեսակ:
Որպեսզի հասկանանք արջերի հոգեբանությունն ու կենսակերպը, եկեք բաժանենք նրանց տարիքային խմբերի:
Արջերի Տեսակները
∗Քոթոթներ
Մեկ և երկու տարեկան, քաշը 5-10 և մինչև 60 կիլոգրամ համապատասխանաբար: Քոթոթները կարող են վնասել ճամբարը, քրքրել տոպրակներն ու ուսապարկերը, շուռ տալ տարբեր իրեր: Իրենք իրենցից վտանգ չեն ներկայացնում մարդու համար, բայց՝ մայրը միշտ մոտակայքում է, իսկ մայրն ամենավտանգավորն է: Առճակատման դեպքում երբեք չի նահանջի և կյանքի գնով կպաշտպանի քոթոթներին: Միշտ հիշե՛ք, եթե տեսնեք արջի քոթոթներ, ապա մայրը պարտադիր մոտակայքում է: Ոչ մի դեպքում չմոտենա՛ք քոթոթնեերին, չկերակրե՛ք, չսիրե՛ք, չնկարվե՛ք նրանց հետ: Առհասարակ, չկա ավելի վատ բան, քան վայրի կենդանուն մարդկային սնունդ տալը: Եթե նրանք սովորեցին մարդկանց սննդի համին և սիրեցին այն, ապա հաստատ հետագայում մտնելու են բնակավայրեր, վրանային ճամբարներ և ավիրեն ամեն ինչ: Արդյունքում դուք պոտենցիալ վտանգի մեջ եք դնում թե՛ տվյալ կենդանուն, թե՛ այլ մարդկանց: Ոչ մի դեպքում չի կարելի քոթոթներին նեղացնել: Եթե նրանք ինչ որ մի բանից վրդովվում են, սկսում են շատ տիպիկ ծղրտոցով ձայներ արձակել՝ կանչելով մորը: Ի՞նչ կլինի մոր հայտնվելու դեպքում… եթե չկռահեցիք, շարունակեք կարդալ և կիմանաք:
∗Դեռահասներ
Սրանք 3 – 7 տարեկան, 60 – 150 կիլոգրամ զանգվածով արջերն են: Դեռ լիովին չհասունացած, բայց մոր կողմից արդեն վտարված դեռահասներ են: Սովորաբար մի քանի տարի շրջում են երկու-երեք հոգանոց խմբերով: Նրանք դեռ չունեն սեփական տարածքներ և թափառում են մի արջի տարածքից մյուսը՝ սնունդ հայթհայթելու նպատակով: Տարիքի հետ կապված չափազանց հետաքրքրասեր են: Կարող են մոտենալ մարդուն, մտնել ճամբարներ կամ շինություններ: Փորձի բացակայության պատճառով շատ վտանգների մասին չգիտեն և անզգույշ են: Սակայն, նրանց շատ հեշտ է վախեցնել և քշել ձեռքի տակ եղած իրերով աղմուկ հանելով: Այնուամենայնիվ, ֆիզիկապես ոչ պինդ մարդուն հեշտությամբ կտապալեն և կարող են անգամ անզգուշաբար սպանել:
∗Քոթոթների հետ մայրեր
Ունենում են 70 – 220 կիլոգրամ զանգված: Հաճախ են գնում ընդհարումների քոթոթներին պաշտպանելու նպատակով: Պրակտիկորեն անհնար է վախեցնել և նրանց հեռու քշել: Պետք է չափազանց զգույշ վարվել նրանց հետ: Մորը կամ քոթոթներին նկատելիս, հնարավորինս արագ և զգույշ լքեք այդ տարածը։
∗Հասուն արուներ և միայնակ էգեր
Այս տեսակը իր փորձի հաշվին խուսափում է մարդուց: Իրենց տարածքը պաշտպանում են ուրիշ կենդանուց կամ մարդուց: Հանդիպելու դեպքում կփորձեն քշել նրան: Ագրեսիվ են սովի, տարածքի և ավարի պաշտպանության ժամանակ: Եթե անսպասելիորեն անհանգստացրել եք արջին, այն կարող է հարձակվել: Հնարավոր են մարդու վրա ակտիվ որս անելու դեպքեր: Սա տեղի է ունենում սովի ժամանակ: Այդ ժամանակահատվածն է ուշ աշունը և վաղ գարունը, երբ նոր է քնից դուրս եկել և սոված է, կամ տարվա վերջ է և անհրաժեշտ է ձմեռվա ճարպային շերտ հավաքել: Չնայած, աշնանն ավելի վտանգավոր է, քան գարնանը, որովհետև գարնանն արջը ինչ-որ ժամանակ վառում է պաշարած ճարպը, մինչ սնունդ հայթայթելը: Այս տեսակն ագրեսիվ է բազմացման ժամանակ: Վռնդվում են որոշակի դժվարությամբ, սակայն, որպես կանոն, ընդհարումներից խուսափում են: Բայց, միաժամանակ, հենց այս տեսակի դեպքում, անսպասելի հարձակումները շատ դժվար է կանխել: Պետք է հասկանալ մի պարզ բան՝ արջը մարդակեր հրեշ չէ և չունի ձեզ պարտադիր սպանել, հոշոտելու առաջադրանք: 90% դեպքերում ոչինչ տեղի չի ունենում և յուրաքանչյուրը գնում է իր ուղղությամբ: Բանն այն է, որ հենց այս տեսակը հանդիսանում է իր արեալում ամենաուժեղ կենդանին և գործնականորեն գտնվում է սննդային շղթայի գագաթին: Սեռահասուն խոշոր արջը սովոր չէ հաշվի նստել որևէ մեկի հետ, կամ ճանապարհ զիջել այլ կենդանու: Այդ պատճառով էլ, եթե դուք ձեր վրանը տեղադրել եք արջի ճանապարհին, նա պարզապես տրորելով կանցնի դրա վրայով: Եթե դուք այդ ընթացքում վրանի մեջ լինեք, ապա ավարտը ցավալի կլինի:
Արջերի հետ ընդհարման պատճառները
Գյուղեր, բնակավայրեր ներխուժումը բնորոշ է դեռահաս արջերին և քոթոթներով մայրերին: Սրա պատճառ կարող են հանդիսանալ.
- սննդի մեծ թափոնների կուտակումներ՝ թռչնաֆաբրիկաների մնացորդների ոչ պատշաճ ուտիլիզացիա: Կենդանական ծագման մնացորդները թաղվում են ոչ պատճշաճ եղանակով և հողի բարակ շերտից հոտը գրավում է արջերին
- Բնական սննդի պակասը
- Մարդու կողմից նրանց բնակության տարածքների զավթումն ու կենսոտոպերի վերացումը
- Արջի կողմից վերահսկվող տարածքներ ներխուժումը․ արջերը միայնակ ապրող կենադնիներ են, որոնք ունեն տարածքներ: Եթե մարդը մտնում է արջի տարածք և այնտեղ հանդիպում նրան, ապա արջը կփորձի մարդուն վռնդել, քշել իր տարածքից: Այսպիսի դեպքերում, եթե անզգույշ վարվեք, հնարավոր է արջին սադրել հարձակման: Խոշոր որձերն ունեն բնավորության մեկ վատ գիծ՝ նրանք սովոր չեն ճանապարհ զիջել որևէ մեկին: Հանդիպակաց շարժման ժամանակ նա պարզապես ձեզ տրորելով կանցնի, կամ եթե մեքենայով եք, շուռ կտա մեքենան: Այս կետն ավելի է բարդանում, եթե արջը քոթոթների հետ է, կամ եթե հսկում է ավարը: Խնդիրն այն է, որ ավարը պարտադիր չէ ձեզ տեսանելի լինի: Արջը կարող է այն թաքցրած լինի թփերի մեջ, կամ թաղած լինի հողի տակ: Դուք, չիմանալով այդ, մոտեցել եք վտանգավոր հեռավորության, իսկ արջը, մտածելով, որ դուք ցանկանում եք նրանից խլել ավարը, հարձակվում է ձեզ վրա: Իսկ ավար ասվածը պարտադիր չէ լինի միս, սպանված կենադնի: Դա կաորղ է լինել հատապտուղների թուփ, մրգերով ծառ, գետնին թափված մրգերի կամ ընուզեղենի կույտ: Հիշե՛ք, որ արջը ամենակեր է:
- Բազմացման շրջան՝ գորշ արջի մոտ մայիսից – հունիս ընկած ժամանակահատվածն է: Ագրեսիվ ռեակցիա կարող են տալ ցանկացած ձայնի, հոտի և շարժման:
Ինչպե՞ս խուսափել արջին անհանգստացնելուց
Եթե չեք ցանկանում դեմ հանդիման կանգնել արջերին, ապա հետևեք հետևյալ պարզ կանոններին․
- Արջը վախենում է անծանոթ ձայներից, բայց նրան գրավում են անծանոթ հոտերը: Այսինքն վառոդի կամ ինչ որ սուր հոտով նյութերի միջոցով դուք ոչ թե կվախեցնեք արջին, այլ ավելի կգրավեք դեպի ձեր կողմ։
- Տեղաշարժվել խմբերով՝ արջը գրեթե երբեք չի հարձակվում մեծ խմբերի վրա։
- Աղմկել, խոսել բարձրաձայն, ունենալ աղմուկ հանող իրեր (նվագարկիչ, սուլիչ)։
- Խմբում շուն ունենալ.
Սակայն սա ունի իր առավելություններն ու թերությունները: Շունը ձեզանից շատ ավելի շուտ կիմանա արջի ներկայության մասին՝ շան լսողությունն ու հոտառությունը մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան մարդունը: Սակայն շունը պետք է լինի հատուկ վարժեցված նման իրավիճակների համար: Հակառակ դեպքում հնարավոր է, որ շունը, չգիտակցելով վտանգը, գնա արջի վրա և ընկնի անախորժության մեջ: Նա կարող է հիմարաբար հարձակվել արջի վրա, կամ վախենալով փախչել տիրոջ մոտ՝ արջին հետևից բերելով:
- Ձեռքի տակ ունենալ արջին վախեցնելու միջոցներ.
Աղմկել կարելի է ցանկացած բանով՝ մետաղական սպասք, սուլիչ, ռադիոյի կամ նվագարկչի ձայն, «հատուկ միջոցներ»: Հատկապես արդյունավետ է սուլիչը, իսկ օրինակ կրակը՝ ոչ: Բանն այն է, որ բնության մեջ միշտ էլ ինչ որ բան այրվում է: Թեև կրակը հաճելի բան չէ վայրի գազանների համար, սակայն անսովոր էլ չէ: Իսկ ընդհանուր տրամաբանությունը պետք է լինի հենց արջին անծանոթ, ասնովոր ձայն հանելը: Անգամ մարդու խոսակցության ձայնը հերիք է արջին վախեցնելու համար: Եթե մինչև հիմա անտառում արջի չեք հանդիպել, ամենայն հավանականությամբ նա դեռ շատ հեռվից ձեզ լսել կամ ձեր հոտն է զգացել ու հեռացել այդտեղից: Արջը կարող է մինչև 14-15 կիլոմետր հեռավորության վրա հոտ զգալ կամ ձայներ լսել:
- Բղավել, գոռալ, ճչալ… վիճելի հարց է: Եթե դուք փորձում եք դիմել այս մեթոդին, նշանակում է արջին չի կանգնեցրել սուլիչը, սպասքով աղմկելը, փոքրիկ պայթուցիկները: Այս պարագայում նշանակում է, որ արջը լրջորեն հետաքրքրված է ձեզանով: Քիչ հավանական տարբերակ է, բայց հանդիպում է:
- Արդյունավետ տարբերակ է ուժեղ լապտերով լույսի շիթը (1000 լյումեն լույսի հզորությամբ) աչքերին պահել և կուրացնել:
Աֆրկայում որսորդներն ու ռենջերները հավատացնում են, որ սա կանգնեցնում է անգամ փղին: Բնականաբար, այս ամենն այն պայմանով, որ խուճապի չմատնվեք և կարողանաք արդյունավետ օգտագործել:
- Չափսերի մանիպուլիացիա․ ինչ որ մի փոքր բան միանգամից դարձավ մեծ: Սա գործնականում վախեցնում է ցանկացած էակի: Մենք էլ ենք վախենում չէ՞, երբ սարսափ ֆիլմերում էկրանի առջև անսպասելի մեծ հրեշ է հայտնվում: Սա կարելի է անել տարբեր ձևերով, օրինակ՝
∗բաճկոնը կամ ուսապարկը բարձրացնել և պարզել գլխավերևում,
∗եթե խմբով եք, կողք կողքի կանգել՝ ոտքերն ու ձեռքերը լայն պարզած,
∗օգտագործել ծխագլանիկներ, թանձր վառ գույնի ծխով՝ ձեր շուրջը ստեղծելով ծխի թանձր ամպ:
- Պղպեղի սփրեյերը նույնպես վիճելի հարց են: Եթե չստացվի վախեցնել, ապա դուք միայն ավելի կզայրացնեք արջին, որից հետո հետևանքները ցավալի կլինեն: Սփրեյ ընտրելիս պետք է ընտրել մեծ բալոն, նախատեսված վայրի կենդանիների համար: Շուն վախեցնելու համար նախատեսված փորքիկ սրվակներն այստեղ անիմաստ են:
Ձեզ հանդիպելիս արջն անմիջապես չի հարձակվում: Բացառությամբ, եթե անսպասելի դեմ դիմաց հայտնվեք՝ վախեցնելով նրան: Այդ դեպքում արջը, հանկարծակիի գալով, կարող է վտանգ տեսնել ձեր մեջ և հարձակվել, կամ խուճապի մատնվել և վազելիս ոտնատակ անել ձեզ: Դրա համար չի կարելի անձայն քայլել բնության մեջ: Միշտ պետք է իմաց տալ ձեր մոտենալու մասին՝ աղմուկ հանելով, որպեսզի հնարավորուություն տաք կենդանուն նահանջել: Արջի տեսողությունը շատ թույլ է: Նա տեսնում է աշխարհն անգույն և շատ աղոտ: Նա աշխարհից տեղեկությունն ընկալում է հոտառությամբ, լսողությամբ և թաթերի բարձիկների միջոցով գետինը շոշափելով:
Ինչպե՞ս պաշտպանել ճամբարն արջից
Ճամբարում, բացի աղմուկից կան արջի համար անծանոթ տարբեր հոտեր: Իսկ անծանոթ հոտը հետաքրքրում է արջին: Եվ գիշերը, երբ բոլորը քնած են, ձեր ճամբար կարող են անկոչ հյուրեր ժամանել: Հիմնականում նրանց գրավում է սննդի հոտը: Եվ դեռ լավ է, եթե նա տակն ու վրա անի դրսում թողած իրերը, ուտի այն ամենն, ինչ դուք սխալմամբ դրսում եք թողել:
Կան ճամբարը պաշտպանելու բազմաթիվ տարբերակներ՝ ընդհուպ մինչև էլեկտրական հատուկ ցանկապատով ճամբարի տարածքը շրջապատելը: Սակայն, եկեք համաձայնենք, որ սա պրակտիկ և իրատեսական չէ: Կան մի քանի խորամանկություններ, որոնք քիչ թե շատ կօգնեն ձեզ պաշտպանել ճամբարն արջի այցելություններից․
- Սնունդը հավաքում եք պայուսակի կամ պարկի մեջ և պարաններով կախում երկու ծառերից, այնպես որ այն լինի նրանց մեջտեղում՝ առնվազն 2.5 մետր բարձրության վրա:
- Վերցնում եք «Դիխլոֆոզի» (խավարասերների դեմ սփրեյ) բալոնը, վրան քսում Նուտելլա, մեղր կամ այլ համեղ բան և տանում թողնում ճամբարից 2-300 մետր այն կողմ: Արջը, առնելով այդ թակարդի հոտը, մոտենում է, թաթով խփում բալոնին: Դե իսկ բալոնն իրեն բնորոշ տհաճ հոտով պայթում է անմիջապես արջի դեմքին: Հավատացեք, դա շատ տհաճ է, և արջը վախեցած և զզված փախչում է հեռու:
- Ճամբարը հիմնելուց ողջ շառավղով պայթեցրեք մի քանի ճայթուկներ, սուլեք սուլիչով: Այդ աղմուկը կտարածվի մի քանի կիլոմետրի վրա: Եվ, ամենայն հավանականությամբ, ոչ մի գազան այլևս չի մոտենա ճամբարին:
Ոչ մի դեպքում դրսում սննդի մնացորդներ չթողնե՛ք:
Ինչպես նշեցինք արջը միանգամից չի հարձակվում: Եթե դուք վտանգավոր տարածության եք մոտեցել, արջը ձեզ նկատելով կկանգնի ետևի թաթերի վրա, որպեսզի ավելի լավ հասկանա իրավիճակը, կսկսի բնորոշ ֆնչոց հանել և գռմռալ: Այս կերպ արջը տեղեկացնում է իր ներկայության մասին և հասկացնում մեզ, որ պետք է հեռանալ: Հեռանալ այս դեպքերում պետք է արագ, բայց առանց խուճապի:
Ոչ մի դեպքում չի՛ կարելի վազել
Վազելիս արջը կարող է մինչև 40կմ/ժ արագություն զարգացնել: Պետք է հեռանալ արագ, բայց հանդարտ, առանց վազելու՝ աշխատելով չանել որևէ կտրուկ շարժում, որն արջին կարող է վախեցնել: Հեռանալիս աշխատեք արջին հնարավորինս երկար պահել ձեր տեսադաշտում:
Հեռանալով առնվազն 100 մետր, փորձեք անհետանալ նրա տեսադաշտից: Դրանից հետո, ամենայն հավանականությամբ, նա էլ կշարժվի հակառակ ուղղությամբ:
Պաշտպանության հատուկ միջոցներ
Ինքնապաշտպանվելու և արջին քշելու համար կարելի է օգտագործել հետևյալ միջոցները՝
- Ընդմիշտ մոռանում ենք հրազենի և պնեվմատիկ զենքերի մասին, եթե դուք որսորդ միության անդամ չեք, չունեք որսի թույլտվություն և հիմա որսի սեզոն չէ: Արջերի որսն առհասարակ արգելված է, և դուք ակամայից կարող եք որսագողության մեջ մեղադրվել:
- Գազային և պղպեղի սփրեյերի մասին արդեն խոսեցինք: Ճիշտ ընտրության և հմուտ կիրառության դեպքում կարող են ադյունավետ լինել: Բայց պետք է մարզել ռեֆլեքսները՝ ինչպես արագ հանել բալոնը, ինչպես նշան բռնել և գործի դնել այն:
- Սուլիչ՝ չափազանց տհաճ ձայն է հանում արջի համար, որը շատ մեծ տարածության վրա կլսվի։
- Ֆալշֆայեր՝ ստվարաթղթից կամ այլ նյութից պարկուճ՝ լցոնված վառվող նյութով և գունավորումով: Գործի դնելիս դուրս է պրծնում բոցի շիթ՝ հիմնականում վառ կարմիր գունավորումով և բնորոշ ֆշշացող ձայնով: Սա կարող է ամենաարդյունավետ միջոցը լինել արջի դեմ:
Ցուցակը ամբողջական չէ: Տրամաբանությունը հասկանալուց հետո ինքներդ կարող եք ուսումնասիրել և իմպրովիզներ անել: Հիշե՛ք ,որ այս խորհուրդները 100%-անոց չեն: Սրանք ընդամենը ավելի փորձառու մարդկանց տված խորհուրդներն են, որոնք փորձեցինք զետեղել մեկ վայրում: Այս խորհուրդներին և անվտանգության կանոններին հետևելու դեպքում դուք մի քանի անգամ նվազեցնում եք ռիսկերը: Սակայն միշտ զգոն եղեք և մի մոռացեք, որ բնության մեջ մենք ընդամենը հյուր ենք գնում մի քանի ժամով և անհրաժեշտ է հնարավորինս հարգանքով մոտենալ դրան: