Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում գտնվող ամրոց է։ Այն գտնվում է Կապան քաղաքից դեպի արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու՝ Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է:
Պատմական ակնարկ
Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը, որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում:
1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխաններն այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյանները, կողոպտում գանձերը: Դրանից հետո Բաղաբերդն այլևս չի վերականգնվում։ Բաղաբերդի ավերակները մինչ օրս պահպանված են։ Նրա ավերակները գտնվում են Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում։
Ճարտարապետական նկարագիր
Բերդը կառուցված է եռանկյունաձև հրվանդանի վրա, եռաստիճան պաշտպանական մակարդակներով, որոնցից առաջինը անցնում է ժայռի ստորոտով, երկրորդը` նրանից մոտ 150 մ բարձրության վրա, երրորդը հրվանդանի գագաթին է: Շրջափակված է բոլորաձև աշտարակավոր հաստ և բարձր կրկնապարիսպներով: Երկու կողմից որպես բնական պատնեշ են ծառայում խոր կիրճերի ուղղաձիգ ժայռերը: Արևելյան կողմում ժայռերի համեմատաբար խոցելի մասերը ամրացված են բրգաձև կոնտրֆորսեր ունեցող հենապատով, իսկ ժայռերը որոշ տեղերում մշակված են որպես ուղղաձիգ պատեր:
Բերդի միակ մուտքը պարսպապատի հարավարևմտյան հատվածում է` պաշտպանված հսկիչ-աշտարակով: Բերդն ուներ ստորգետնյա անցուղիներ, ժայռափոր պահոցներ, ջրատար ուղի, որոնցից մնացել են միայն հազիվ նշմարելի հետքերը: Պահպանվել են պարիսպների մնացորդները` մոտ 6-8 մ բարձրությամբ: Անցյալում շրջակա բնակչությունը քանդել է պարիսպների քարերը` գործածելով որպես շինաքար: Բերդը մեծապես տուժել է նաև Խորհրդային տարիներին, երբ կառուցվել է Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Ճանապարհի կառուցման ընթացքում քանդել են պարսպապատի մի հատվածը` նրա վրա գտնվող բուրգերի հետ միասին: Ներկայումս այդ ճանապարհին կից կանգուն են երկու բուրգեր` խարխլված և կիսաքանդ:
Ամրոցի պաշտպանական նշանակությունը
Հայաստանի հնագույն բերդերից մեկն է, որն իր ամուր դիրքի շնորհիվ վաղ ժամանակներից հռչակված էր որպես անմատչելի բերդ։ Բաղաբերդը արտաքին վտանգների դեպքում հաճախակի ապաստան է դառնում շրջակայքի բնակիչների համար։ Բաղաբերդի նշանակությունն ավելի է մեծանում Սյունիքի թագավորության ժամանակներում, երբ քաղաքական աննպաստ պայմանների պատճառով այստեղ էին կենտրոնացվել Տաթևի վանքի և երկրում եղած մյուս վանքերի հսկայական հարստություններն ու բազմահազար ձեռագրերը։
Ավերակներից պարզ երևում է, որ Բաղաբերդն ունեցել է կրկնակի պարիսպներ՝ իրենց աշտարակներով։ Բավական հորդաբուխ մի աղբյուր, որն այժմ դուրս է գալիս Ողջի գետի անմիջապես ափին, ժողովրդական զրույցների համաձայն, մի ժամանակ տարված է եղել բերդի ներսը։
Բաղաբերդը մշակույթում
Բաղաբերդի հետ կապված տեղացիների մոտ պահպանվել են մի քանի ավանդազրույցներ և առաասպելներ: Դրանցից ավելի հայտնի է «Փառանձեմի աղբյուր»-ը: Ըստ ավանդության՝ Բաղաբերդում են ացնել թագուհու երիտասարդ տարիները: Բերդի արևմտյան պարիսպների մոտ հոսում էր մի աղբյուր, ուր սիրում էր զբոսնել թագուհին և վայելել աղբյուրի սառնորակ ջուրը: Ինչն էլ հիմք է հանդիսացել հետագայում տեղի բնակիչների համար, ձևավորել մի ավանդույթ, ըստ որի հայ մայրերն այդ աղբյուրի ջրով են լողացրել իրենց երեխաներին, խմեցրել այդ ջուրը՝ հավատալով, որ աղջիկները կլինեն Փառանձեմի նման գեղեցիկ ու համառ, իսկ տղաները՝ ուժեղ և տոկուն: Ասում են, որ Փառանձեմ թագուհին նույնիսկ գերեվարության մեջ գտնվելով, իրեն այնքան համարձակ և հպարտ է պահել, որ պարսից արքա Շապուհն ապշել է՝ նախկինում երբևէ չհանդիպելով նման հզոր թագուհու:
Սյունիքի 11-րդ դարի պատմաքաղաքական իրադարձությունների մասին է նաև արձակագիր և թարգմանիչ Սերգեյ Ուռումյանի հեղինակած «Բաղաբերդ» վիպակը: Ներկայացնելով այդ ժամանակաշրջանում տիրող քաղաքական իրադրությունն ու մղվող մարտերը սելջուկների տիրապետության օրոք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: