info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:

Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

Աժդահակ լեռ

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը

«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որը հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (Ք.ծ.ա. 560–524թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (Ք.ծ.ա. 95–55թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Վիշապաքարեր

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:

Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):

Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

Բլոգ Հայաստանի մասին