Ազատի ջրամբար
Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:
Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:
Ջրամբարից ոչ հեռու գտնվում են Հայաստանի ամենահայտնի տուրիստական ուղղությունները․
Ազատ գետ
Ազատ գետը, որի վրա կառուցված է ջրամբարը, սկիզբ է առնում Գեղամա լեռների Սպիտակասար լեռան հարավ-արևմտյան լանջից: Ազատը հանդիսանում է Արաքս գետի ձախ վտակը, որի երկարությունը 55 կմ է: Գետի աջ ափին է գտնվում Գառնի գյուղը: Գողթ գետի կիրճում է գտնվում Հայաստանի ամենահայտնի վանական համալիրներից մեկը՝ Գեղարդը: Վանական համալիրը և Ազատ գետի վերին հոսանքը ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
Քարերի սիմֆոնիա
Գառնի գյուղից ոչ հեռու գտնվում է Ազատի կիրճը, որն ունի նաև Գառնու ձոր անվանումը: Այն հայտնի է իր բնական հուշարձանով, որը կոչվում է «Քարերի սիմֆոնիա»: Սրանք հնգանկյուն և վեցանկյուն մեծ սյուներ են, որոնք նման են հսկայական երաժշտական գործիքի՝ երգեհոնի: Այստեղից էլ ծագել է «Քարերի սիմֆոնիա» անվանումը: Առաջին հայացքից ձեռագործ թվացող այս սյուներն իրականում ստեղծվել են բնության կողմից և առաջացել են հրաբխային հոսքի հետևանքով: Երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում:
Այս բոլոր վայրերը գտնվում են միմյանց շատ մոտ և հանդիսանում են Հայաստանի պատմության և մշակույթի կարևոր մաս: Այս ուղղությունների առավելություններից է այն, որ դրանք գտնվում են Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու:
Այս վայրերը այցելելու մի քանի տարբերակ կա․
Ուղևորություն դեպի Ազատի կիրճ
Ազատի ջրամբարը և կիրճը հարմար և հետաքրքիր ուղղություն են հեծանվարշավների համար: Եթե փորձառու հեծանվորդ եք, ապա հաստատ կվայելեք ճամփորդության այս տարբերակը: Ձեզ սպասում են խոչընդոտներով լի արահետներ, հետաքրքիր ու բազմազան երթուղի և գեղեցիկ տեսարաններ:
Այս տարածքում կարող եք իրականացնել նաև կարճատև և թեթև արշավներ՝ այցելել հայտնի Գեղարդի վանքը, Գառնու հեթանոսական տաճարը, այնուհետև իջնել Ազատի կիրճ և սեփական աչքերով տեսնել «Քարերի սիմֆոնիան»:
Մեկ այլ հիանալի տարբերակ կարող է լինել սապբորդինգը, որն այժմ մեծ տարածում է գտնում Հայաստանում: Սապբորդինգով զբաղվելու համար ուղևորվեք Ազատի ջրամբար: Այս ջրամբարը շատ հարմար և գեղեցիկ տարբերակ է այս սպորտաձևի համար:
Ազատի ջրամբար գնալիս պատրաստ եղեք ձեզ սպասող եղանակային պայմաններին: Քանի որ ջրամբարը գրեթե զերծ է բուսականությունից և ծառերից, շոգ եղանակին արևից թագնվելու տեղ չի լինի: Ուստի, այնտեղ գնալիս ձեզ հետ վերցրեք վրան: Մի մոռացեք նաև արևապաշտպանիչ միջոցների մասին: Ջրամբարի տարացքում խմելու ջրի աղբյուրներ նույնպես չկան, այնպես որ անպայման ձեզ հետ ունեցեք բավարար քանակությամբ ջուր: Եթե ցանկանում եք ժամանակ անցկացնել ջրամբարի մոտ, արեք դա ափից հեռու, քանի որ ափին մոտ հողը փափուկ և ցեխոտ է, նույնիսկ չոր եղանակին: Եվ, իհարկե, մի աղտոտեք ջրամբարի տարացքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: