info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հեծանվարշավ Ազատի կիրճում

Հեծանվարշավ

Հեծանվարշավ

Հեծանվարշավ դեպի Գառնի

Փետրվարի 12-ին` ձմեռային սովորական մի օր, որոշեցինք սկսել 2014-ի հեծանվաարշավները և իրակացնել հեծանվարշավ Ազատի կիրճում: Չորեքշաբթի էր, ինչն ավելի հաճելի էր դարձնում արշավը: Հանգստյան օրերին Գառնու ձորում շատ են հանդիպում քեֆչիները, որոնք հիմնականում ուտել-խմել-ջարդել-թափել սկզբունքով են գտնվում բնության գրկում: Աշխատանքային օրերին գոնե զերծ ես մնում նման տեսարաններից:

Դուրս եկանք Երևանից դեպի Գառնի, նախ ասեմ, որ ճանապարհի ամենադժվար հատվածը Երևանի մեջ էր: Դավթաշենից մինչև հասա Ջրվեժ ահագին էներգիա էի կորցրել և դեռ ամենը առջևում էր:

Ջրվեժի գազալցակայանի մոտ սպասում էր Ահարոնը: Շնչակտուր վերջին դիքը քաշեցի, բարևեցի ու Ահարոնը կիսած խնձորը դեմ տվեց: Իսկը տեղին էր: Կերա դզվեցի, շունչս էլ տեղն եկավ: Դե ինչ՝ գնացինք իրականացնելու իսկական հեծանվարշավ: Տեսնենք էսօր ինչ է գալու գլխներիս…

Հասանք Գառնի, սննդի հարցը լուծեցինք ու իջանք ձորը: Ամենավտանգավորը գյուղից դեպի Քարերի սիմֆոնիա տանող հատվածն էր: Թեքությունը մեծ է և անկախ քեզնից արագություն ես ուզում (ով տեսել է այդ հատվածի քարերը՝ կհասկանա), հեծանիվի ղեկը պահելը դժվար է դառնում, երբեմն նույնիսկ անկառավարելի: Հանդիպում են քարեր, որոնք իրենց ձևով կարծես հեծանիվի համար են ստեղծված և այնպես հարմար են սկսում ակի հետ պտտվել, որ մինչև չկանգնես կամ չդանդաղեցնես ընթացքը՝ չես պրծնի դրանցից: Այդ ընթացքում մի քանի քար հասցրեցին ոտքս կապտեցնել:

Քարերի սիմֆոնիա կամ բազալտե երգեհոն

Ամեն անգամ նայելիս հիանում եմ այս բնության հրաշքի գեղեցկությամբ: Զբոսաշրջիկներին դժվար է համոզել, որ սա բնական է և մարդն այստեղ կապ չունի: Մեր` հայերիս համար սովորական բան է` քթներիս տակ, աչքներիս առաջ, երևի դրա համար էլ չենք գնահատում արժեքը, դա ապացուցում է վերջերս մեծ աղմուկ բարձրացված հարցը: Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի քարերը ջարդվում և տարվում էին մեծահարուստների առանձնատները կառուցելու համար: Բնության այս հրաշքից օգտվում են ոչ միայն մեծահարուստները: Գառնիում զբոսնելիս հաճախ կհանդիպեք շարքային գառնեցիների տան պատերը, ցանկապատերը կամ դռան շեմը սալիկապատված այս քարերով:

Ազատի կիրճ

Սլացանք Ազատի հոսանքն ի վար: Գետը վարար էր, ինչպես գարնանը, գույնը՝ նման կակաոյի: Դա վկայում է այն մասին, որ եղանակը տաքանում է, և ձնհալք է սկսվել:

Հասանք մի կանաչ բացատ: Մի կողմից վարար գետ, մյուս կողմից դեռ պահպանված ձյուն ու արանքում չոր բացատ, որտեղ կանաչ խոտն արդեն ծլել էր: Որոշեցինք հենց այստեղ էլ մի քիչ հանգստանալ և հաց ուտել: Երևի չկա ավելի հաճելի պահ, քան հաց ուտելուց հետո պառկել գետի ափին ու լսել վարար գետի շառաչը:

Շարունակեցինք ճանապարհը դեպի Բանավան` նախկին ֆիզիկոսների ավան: Ճանապարհին հանդիպող ջրափոսերի կողքով անտարբեր անցնելն անհնար էր: Հույսներս դնելով հեծանիվի ամրությանը` առանց նախապես ստուգելու ջրի խորությունը, մտնում էինք մեջը: Մի այդպիսի ջրափոսի մեջ մտնելիս էլ՝ ուժերս սխալ հաշվարկելու արդյունքում ամբողջ օրն անցկացրեցի թաց ոտքերով:

Ազատի կիրճ

Ի սկզբանե նպատակ ունեինք Գառնի-Արտաշատ ավտոճանապարհով դուրս գալ, բայց Երանոսի լեռնաշղթայի տեսարաններով ոգևորված մտանք Ազատի ջրամբարի տարածք: Տարվա այս սեզոնին ջրամբարը լիքը չի և շանսեր կային մեքենայի ճանապարհով անցնելու մինչև Լանջազատ գյուղ: Սկզբում ամեն ինչ իր հունով էր ընթանում, ոգևորված քշում էինք, առջևում արդեն բացվեց սառած ջրամբարի տեսարանը: Նման տեսարան Հայաստանում ոչ մի տեղ չկա, շատ յուրօրինակ գույներ են ստացվում Ազատի կիրճում: Ճանապարհը գնում էր ու մտնում ջուրը: Գետը վարար էր, արդեն սկսել են ջուրն ամբարել չոր սեզոնին օգտագործելու համար և մենք ստիպված էինք շրջանցել: Նման հողի վրա երբեք հեծանիվ չէինք քշել, այնքան փափուկ էր, որ հածանվի անվադողը խրվում էր հողի մեջ: Տեղ-տեղ անհնար էր լինում քշել և հեծանիվը գրկած էինք անցնում:

Ազատի կիրճ

Հասանք Ազատի ջրամբարի պատնեշի մոտ: Սա այն տեղն է, որտեղից բացվում է ջրամբարի և Երանոսի լեռների մի հրաշալի տեսարան: Երեկոյան` մայրամուտի ժամանակ, սարն ամբողջովին կարմրում է, դրա համար էլ տեղացիներն այն Կարմիր սար են անվանում:

Վերջ, այսքանով ավարտվեց մեր արշավի բացահայտումներով ու սպասումներով լի հատվածը: Ֆոտոխցիկս պահեցի, մի քիչ կանգնեցինք, ջուր խմեցինք, դզվեցինք ու ճանապարհ ընկանք: Մնացածի մասին չեմ գրի, թե ինչպես թուրքերին հիշելով բարձրացանք Նուբարաշենի դքերը, առավել ևս ցանկություն չկա գրելու անցնող մեքենաների մեջից նայող զարմացած հայացքների, ազդանշանների, Նուբարաշենի աղբանոցի, գերեզմանոցի և այլնի մասին:

Այդ օրը հեծանվարշավ Ազատի կիրճում նախաձեռնության արդյունքում իմ հաշվարկներով քշեցինք մոտ 80 կմ (հաշվի առնելով նաև Երևանի մեջ ընկած հատվածը` 30 կմ):

Տիգրան Շահբազյան

Արշավական բլոգ