Ինչպե՞ս պաշտպանվել ձնահյուսից
Լեռնագնացների ահն ու սարսափը, տարեկան ամենաշատ դահուկորդ, լեռնագնաց և լեռնային տուրիստ սպանող երևույթը, երևույթ, որ լինում է անսպասելի և տևում հաշված րոպեներ, երևույթ, որ շատ դժվար է կանխատեսել․ մի խոսքով՝ ձնահյուս:
Ցանկացած ձնային զանգվածի շարժը լանջով դեպի ներքև՝ 1մ/վ-ից ավել արագությամբ, համարվում է ձնահյուս: Ըստ վիճակագրության, մարդու մասնակցությամբ ձնահյուսերի մեծ մասը տեղի են ունենում հենց մարդու մեղքով: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է ունենալ գոնե մինիմալ գիտելիքներ ձնահյուսերի, դրանց տեսակների և առաջացման մասին, տիրապետել անվտանգության և փրկարարական աշխատանքների տարրական կանոններին:
Ինչպե՞ս է առաջանում ձնահյուսը
Ձյան շերտը մնում է լանջի վրա շփման ուժի շնորհիվ: Եթե ձյան զանգվածի քաշը սկսում է գերակշռել շփման ուժը, տեղի է ունենում ձնահյուս: Մեծ ձնահյուսերի շարժումից առաջանում է օդային հարվածի ալիք, որն ավերում է իր առջև գտնվող ամեն ինչ:
Ձնածածկույթը համասեռ զանգված չէ: Այն բաղկացած է տարբեր շերտերից, որոնցից յուրաքանչյուրը ձևավորվել է որոշակի ժամանակահատվածում: Յուրաքանչյուր շերտ ունի իր որակական բնութագիրը: Նոր շերտ առաջանում է տեղացող ձյան, կամ քամու շնորհիվ` երբ քամին քշում է ձյան շերտը մի մասից մյուսը:
Այդ ամբողջ զանգվածի հետ ձյան շերտերի միջև մեծանում է ճնշումը, և որոշակի ազդեցությունների հետևանքով՝ եթե շերտերից մեկը թուլանում է, երկրի ձգողության ուժը գերակշռում է ձյան շերտերի միջև շփման ուժին, տվյալ շերտը պոկվում է և սահում ներքև՝ իր հետ տանելով իրենից վեր գտնվող ամբողջ ձնային զանգվածը:
Կան մի շարք ներգործություններ, որոնք կարող են «սադրել» ձնահյուսի առաջացումը:
- Նոր տեղացող ձյունը մեծացնում է ճնշումը ձնածածկույթի վրա, և դրա մեջ լարվածությունն աճում է: Համարվում է, որ եթե օրվա ընթացքում 30սմ-ից ավել ձյուն է տեղում, ապա զգալիորեն մեծանում է ձնահյուսի վտանգը: Կարևոր է ոչ միայն տեղացած ձյան քանակը, այլ նաև նրա արագությունը: Կրիտիկական է համարվում ժամում 1.5-2 սմ տեղացող ձյունը:
- Քամին ընդունակ է տեղափոխել ձյան մեծ քանակություն: Եվ որքան մեծ է քամու արագությունը, այդքան շատ ձյուն այն կարող է տեղափոխել: Պատահում է այնպես, որ ձյան տեղումների հետ ուղեկցող քամին տեղացած ողջ ձյան զանգվածը քշում կուտակում է մի կետի վրա՝ զգալիորեն մեծացնելով այդ հատվածում լարվածությունը, ինչն էլ, ի վերջո, հանգեցնում է ձնահյուսի:
- Ջերմաստիճանը կարող է տարբեր ձևով ազդել ձյան վրա: Առանձնացվում է դեպքերի զարգացման հիմնական հինգ սցենար․
- Ջերմաստիճանի կտրուկ բարձրացում (անցնում է զրոյի շեմը)` կտրուկ բարձրացնում է ձնահյուսերի վտանգը
- Ջերմաստիճանի դանդաղ բարձրացում առանց զրոյի շեմն անցնելու՝ կայունացնում է ձնածածկույթը
- Աստիճանաբար տաքացում ցերեկը և սառեցում գիշերը՝ կայուն եղանակ, ինչը հանդարտ է պահում ձնածածկույթը
- Եղանակի ցրտեցում՝ կոնսերվացնում է այն իրավիճակը, որը կար և աստիճանաբար վատացնում այն: Ձնահյուսի հավանականությունն աճում է
- Երկարատև ուժեղ ցուրտը ձնածածկույթի մեջ մեծացնում է լարվածությունը:
- Արևային ճառագայթումը, ընհանուր առմամբ, ունի կայունացնող ազդեցություն ձնածածկույթի համար: Հատկապես ձմեռային ամիսներին, երբ օդի ջերմաստիճանը հաստատուն զրոյից ցածր է, արևային ճառագայթումն ունենում է մեղմիչ ազդեցություն ձնածածկույթի սառած շերտերի միջև: Սակայն, դեպի գարուն, երբ օդի ջերմաստիճանը բարձրանում է զրոյից, արևի ազդեցությունը կարող է կտրուկ փոխվել բացասականի և հաշված րոպեների ընթացքում հավասարակշռությունից հանել ձնածածկույթը:
- Անձրևը բարձր լեռնային գոտիներում չափազանց վտանգավոր է ձնահյուսի տեսանկյունից: Նախ անձրևն ինքն իրենով մեծացնում է ամբողջ ձնային զանգվածի քաշը: Բացի այդ անձրևի կաթիլները ներթափանցում են ձնածածկույթի խորքերը՝ ավերելով փաթիլների բյուրեղիկների կառուցվածքը և ստեղծելով անկայուն վիճակ ամբողջ ձնածածկույթում: Այսպիսի դեպքերում մեծ հավանականություն կա, որ ամբողջ ձյան զանգվածը, ընդհուպ մինչև գետին, պոկվի և հոսի:
- Ռելիեֆը նույնպես ազդում է ձնահյուսերի վրա: Սրա իմացությունն ու երթուղու գրագետ կազմումն ապահով վերելքի գրավականներից են: Ազդող գործոններն են՝ լանջի կողմը և թեքությունը:
*Ըստ հորիզոնի կողմերի ձնահյուսերի վտանգը կարող է հավասար պայմաններում տարբեր լինել: Այն կախված է քամիների և արևի ներգործությունից: Հյուսիսային կիսագնդում, որպես կանոն, ձմռանն առավել վտանգավոր են հարավային լանջերը, իսկ առմանը՝ հյուսիսային: Սակայն այս կանոնը կարող է ունենալ մի շարք բացառություններ՝ կախված կոնկրետ լեռից, ձյան մակարդակից և եղանակային պայմաններից:
*Տախտակի տեսքով ձնահյուսերը հիմնականում լինում են լանջի 35-60 աստիճան թեքության դեպքերում: Բայց ձնահյուսերի առավելագույն բաժինը հասնում է 35-40 աստիճանների միջև՝ 38 աստիճանում հասնելով գագաթնակետին: Հենց այս թեքությունն է ապահովում բոլոր պայմանները, որ ձյան որոշակի շերտ կարողանա կուտակվել, բայց մնալ անկայուն: Ավելի քիչ թեքության դեպքում լարվածությունը մեծ չի լինում, իսկ առավել մեծ թեքության լանջերին ձյունը չի կարողանում կուտակվել և պարբերաբար տեղի են ունենում փոքրիկ ձնահյուսեր՝ առանց մեծ ավերածությունների:
- Գետնի մակերևույթը նույնպես մեծ դեր է խաղում: Քարե հարթ սալիկներով կամ խոտածածկ լանջերին ձյունն ավելի վատ է մնում: Այդ պատճառով պատահում է, որ ամբողջ զանգվածը պոկվում և սահում է ներքև: Մինչդեռ քարքարոտ կամ ժայռոտ լանջերին՝ լավային հոսքերի (չինգիլների) վրա, ձյունը լավ է կպչում և մնում: Այսպիսի լանջերին ձնահյուսը լինում է հիմնականում վերևի շերտերից:
Ինչպե՞ս շրջանցել ձնահյուսը
Քանի որ միշտ չէ, որ կարող ենք խուսափել ձնահյուսի վտանգ ունեցող տեղանքներից, կամ շրջանցել դրանք, պետք է իմանալ նման հատվածներն անվտանգ անցնելու կանոնները:
Վտանգավոր հատվածները պետք է անցնել մեկական՝ իրարից մեծ հեռավորություն պահելով և հնարավորինս արագ: Մինչ խմբի անդամներից մեկըն անցնում է վտանգավոր հատվածը, ընկերները ձնահյուսի գոտուց դուրս կանգնած հետևում են նրան, որպեսզի ձնահյուսի դեպքում հասնեն օգնության: Այլ հավասար պայմաններում խորհուրդ է տրվում քայլել թամքոցների և լեռնաշթղաների կատարներով: Որպես կանոն, ձնահյուսը սկսվում է կատարներից ներքև ընկած հատվածներից:
Թույլ արտահայտված ռելիեֆով հատվածներով անցնելիս ցանկալի է ընտրել ներփքված ռելիեֆով հատվածներ: Այդ հատվածներում սեղմման հաշվին ձնածածկույթը կայուն է լինում:
Խուսափեք անցնել կուլուարներով: Նրանց վրա ձնածածկույթը կայուն չէ:
Ինչ անվտանգության միջոցառումներ էլ չձեռնարկեք, միշտ մնում է հավանականություն, որ ձնահյուսը տեղի կունենա և կհայտնվեք ազդեցության գոտում: Դրա համար պետք է նաև իմանալ՝ ի՞նչ անել, եթե ձնահյուսը տեղի է ունեցել:
Կա թյուր կարծիք, թե Հայաստանում ձնահյուսեր չեն լինում, կամ էլ, եթե լինում են, աղետալի հետևանքներ չեն ունեում: Դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Թեև Հիմալայների հետ համեմատվել չենք կարող, ամեն դեպքում, վտանգը շատ իրական է, և չի կարելի այն թերագնահատել: Հատիսը, Գեղամա լեռները, Թեղենիսը հատկապես կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Ցանկալի է ձեզ հետ ունենալ ձնահյուսային գույք: Դրա մեջ մտնում են ՝ ձնահյուսային բահ, փարոսիկ (նույն ինքը բիպեր), շյուղ: Սա նվազագույնն է, որ պետք է ունենալ և, իհարկե, կարևոր է իմանալ՝ ինչպես օգտվել դրանցից:
Սա չափազանց բարդ և երկար թեմա է, և մեկ փոքրիկ հոդվածի մեջ անհնարին կլիներ զետեղել ողջ տեղեկատվությունը: Այդ իսկ պատճառով մոտեցեք այս նյութին, որպես ներածական մաս: Հոդվածի վերջում այլ աղբյուրների հղումներ կթողնենք՝ առավել մանրամասն տեղեկատվության համար։
Եթե հայտնվել եք ձնահյուսի մեջ
Եթե ձնահյուսը սկսվել է ձեզանից հեռու, ապա դուք ունեք մի քանի վայրկյան ժամանակ վտանգավոր գոտին լքելու համար: Պետք է հնարավորինս արագ փորձեք դա անել:
Եթե ձնահյուսն ավելի մոտ տարածությունից, կամ անիջապես ձեր ոտքերի տակից է սկսվել, ապա պետք է կանգնել դեմքով դեպի ձնահյուսը, արշավային փայտիկները, կամ սառցահատը խրել ձյան մեջ և փորձել բռնված մնալ դրանցից: Եթե ձնահյուսը ձեզ սկսում է ծածկել, ապա պետք է փորձել «լողալ» դրա մեջ՝ փորձելով մնալ մակերեսին: Ձյան տակ մնալուց մարդիկ հիմնականում զոհվում են շնչհաեղձությունից: Այդ իսկ պատճառով ձյան տակ հայտնվելիս պետք է փորձել փորել, որպեսզի օդային տարածություն ունենաք շնչելու համար: Բնականաբար սա ավելի հեշտ է ասել, քան անել: Հիմնականում մարդիկ, մանավանդ անփորձները, սթրեսսային իրավիճակում չեն կարողանա արդյունավետ կիրառել այս հնարքները, բայց ,միևնույն է, ինչ-որ մի բան փորձելն ավելի լավ է, քան անշարժ կանգնելը, կամ խուճապի մատնվելը:
Տուժածին փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ ձյան տակ մնացածների համար ժամանակը խիստ սահմանափակ է:
- Ձյան տակ մնալուց 15 րոպե հետո 10 մարդուց մեկն արդեն մահացած է
- 20 րոպե անց 6 զոհ կլինի
- 1 ժամ անց, լավագույն դեպքում, կարող են ողջ մնալ 2-3 մարդ
Մենք ներկայացրինք հիմնական տեղեկությունը, որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչ սպասել ձնահյուսերից և ինչպես են դրանք առաջանում: Այս նյութը ձեզ կարող է օգնել ինչ-որ չափով խուսափել վտանգավոր իրավիճակներից: Սակայն մենք որոշեցինք չգրել փրկարարական գործողությունների և ձնահյուսերի կանխատեսումների մասին, քանի որ դա առանձին մեծ գիտություն է, և անհնար է զետեղել այս ձևաչափում: Փոխարենը կառաջարկենք անցնել հղումներով և դիտել հետևյալ դասախոսությունները, որտեղ մասնագետը մանրակրկտորեն բացատրում է ձնահյուսերի հետ կապված ամեն մի նրբություն:
https://www.youtube.com/watch?v=aNZCfs8_8uk
https://www.youtube.com/watch?v=m7-Rcp6mOTk
https://www.youtube.com/watch?v=8aROKFXKILI