Հայկական լեռներն ու, առհասարակ բնապատկերները, գեղեցիկ են տարվա բոլոր եղանակներին, սակայն աշունը Հայաստանում սկսում է նոր շունչ ու երանգներ հաղորդել։ Սկսում ես վայելել աշնան հանգստությունն ու զովությունը` քաղաքից կիլոմետրեր հեռու, աղմուկից ու ստանդարտ առօրյայից կտրված` տավուշյան անտառներում, Սյունիքի խոր ձորերում, Վայոց ձորի պղնձագույն, ժայռոտ սարերում: Երեք մարզ ու երեք իրարից տարբերվող լանդշաֆտներ, բնապատկերներ, զգացողություններ ու տպավորություններ:
Աշնանային արշավները եղանակային ամենահաճելի խաղերը վայելելու հրաշալի տարբերակ են`քայլելով զով ու հաճելի պայմաններում` զգալով աշնանային արևի ջերմ ու ամենահաճելի խաղը` սառը օդում: Աշնանը նույնիսկ մառախուղն է հետաքրքիր, այն կարծես կոտրում է վառ գույները` վերածելով կիսատոների, ուրվագծերը դարձնելով ավելի մեղմ ու խորհրդավոր։ Հենց մառախուղի ալիքների մեջ կարելի է կորել մտքով, հոգով ու մարմնով:
Մեր կողմից ընտրված` շատերին անհայտ այս վայրերը, աշունը յուրովի վայելելու ու զգալու մասին են, որտեղ դու կլինես ազատ` ինքդ քեզ հետ, քո մտքերի ու զգացողությունների: Ուղղություններից յուրաքանչյուրը բացառիկ է ու յուրօրինակ նրանով, որ հնարավորություն կտա բացահայտել Հայաստանը մեկ այլ, բոլորովին նոր դիտանկյունից, նոր գույներով ու նոր շնչով: Ուղղություններից յուրաքանչյուրը ձեզ ասելիք ունի և միանշանակ նրանցից յուրաքանչյուրը՝ յուրովի: Իհարկե, պատմել այդ ամենի մասին, կնշանակի ոչինչ չասել: Հետևաբար ձեզ միայն մնում է ընտրել ամենականչող երթուղին, անցնել այն ու համոզվել:
Երեք Բազեների արահետ
Տավուշի բնությունը տարվա յուրաքանչյուր եղանակին ինքնատիպ է: Տավուշն այն մարզն է, որտեղ միշտ հաճելի է, հետաքրքիր, միշտ ունի ասելիք և ցույց տալու շատ ու շատ բաներ, և ամեն այցից գտնում ես քեզ համար նորը, այն՝ ինչի սպասումով ու հետքերով գնացել ես: Հատկապես իր բնության շքեղությամբ ու գունային հարստությամբ սկսում է տպավորել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Տավուշյան երեք երթուղիներից մեկը, որը քիչ այցելվող ու գուցե շատերի կողմից անհայտ ուղղություն է, Երեք բազեների արահետն է:
Այս բացառիկ ուղղությունը գտնվում է Դիլիջան ազգային պարկում՝ Հովք գյուղի մոտակայքում, մոտ 2-3 կմ հեռավորության վրա: Այն իր մեջ ներառում է և՛ քարքարոտ, և՛ անտառային գեղեցիկ արահետներ: Այս ուղղության լավագույն սեզոնը ապրիլ-մայիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներն են: Ճանապարհին ուղեկցում են հիասքանչ, պղնձագույն ժայռային տեսարաններ, տավուշյան անտառներ և մերկ, վեհաշուք սարեր: Սա մի ուղղություն է, որը ձեզ համար կբացահայտի մեկ այլ, բոլորովին նոր Տավուշ:
Ծովագյուղից Գոշի լիճ
Մարզից մարզ այս արշավը խոստանում է աննկարագրելի գեղեցիկ ու հեքիաթային տեսարաններ, որոնք ուղեկցում են ողջ արշավի ընթացքում: Տավուշյան մեկ այլ ուղղություն, որն անցնում է շատերիս կողմից սիրելի դարձած տավուշյան խիտ, գունաշատ անտառների միջով:
Ծովագյուղից Գոշ մեր արշավային երթուղին սկսվում է Ծովագյուղից, որը գտնվում է Սևանի ափին (Սևան քաղաքից 10 կմ հյուսիս): Քայլելով Արեգունու լեռներով, կանգառ ենք ունենում վայելելու լեռնահամակարգի ստորոտում տեղակայված Կակաչ լճի մոտ, որին հաճախ Ծովագյուղի լիճ են անվանում: Այնուհետև արահետը շարունակվում է դեպի Գոշ լիճ, որտեղ հնարավորություն ենք ունենում վայելել անտառի խորքում տեղակայված աշնանային ամենավառ ու տաք գույներով շրջապատված լիճը:
Ապակեքար
Ապակեքար լեռը հայտնի է նաև Աբեղաքար անունով: Գտնվում է Տավուշի մարզում՝ Հաղարծին և Հովք գյուղերի միջև: Բարձրությունը՝ 1651 մետր է:
Արշավի մեկնարկը տրվում է Հաղարծին գյուղից: Դեպի գագաթ ուղեկցում է Դիլիջան ազգային պարկի գունաշատ, անտառապատ արահետը, իսկ արդեն գագաթից բացվում են ամենասպասված տավուշյան տեսարանները՝ Իջևանի գեղատեսիլ լեռներն ու Աղստևի կիրճը:
Որոտանի կիրճի ուրվականները
Որոտանի կիրճի ուրվականները՝ այդպես ենք մենք անվանում Հին Խոտ, Հին Շինուհայր, Հին Հալիձոր լքված գյուղերով անցնող երթուղին, ամենատպավորիչ ուղղություններից մեկն է, որի շնորհիվ կբացահայտեք Սյունիքի ամենավառ ու գույներով հարուստ բնությունը` իր խոր անտառներով, կիրճերով ու ձորերով: Ողջ ճանապարհին ուղեկցում են Որոտանի կիրճի անտառային տաք գույներով տեսարաններ: Հին Խոտ գյուղատեղին Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է եղել: Գյուղը գտնվում է ժայռերի մեջ: Այստեղ մարդիկ նախ բնակության համար հարմարեցրել են տուֆային, հրաբխային ապարներում ձևավորված քարանձավները: Ավելի ուշ քարանձավային բնակատեղիներն ընդարձակել են քարե շարվածքների հաշվին, այդ պատճառով այնպիսի տպավորություն է, ասես տները ժայռերից վեր են խոյանում:
Որոտանի գեղատեսիլ կիրճով Հին Խոտից արահետը շարունակվում է դեպի Հին Շինուհայր: Տարբեր ժամանակներում այն հայտնի է եղել Հայրաշեն, Շինոյ-հերք, Շնհեր (այսինքն՝ գյուղերի, շեների հայր) անուններով: Գյուղի տարածքը հարուստ է նյութական մշակույթի մնացորդներով․ գյուղից 6 կիլոմետր արևմուտք, հին Շինուհայր – հին Հալիձոր ճանապարհից աջ կա Ք.ա. 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, ինչը վկայում է, որ գյուղը գոյություն է ունեցել դեռևս Վանի կամ Երվանդունիների թագավորությունների ժամանակներից: Երթուղին անցնում է ձորի եզրին տեղակայված Կուսանաց անապատ վանքի կողքով: Այն XVII դ. վերջին եղել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել և պատկերազարդվել են մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը գտնվում են Մատենադարանում: Ցավոք, այն անտարբերության է մատնվել և գտնվում է անմխիթար վիճակում: Երթուղին ավարտվում է Հին Հալիձոր գյուղում։
Դրախտիսար
Վայոց ձորի մարզն առաջին հայացքից տպավորում է իր վեր խոյացող կարծր ու հսկա լեռնաժայռերով, խոր ձորերով: Այստեղ հրաբխային ժայթքումները և բնական այլ երևույթները հազարամյակների ընթացքում ստեղծել են յուրահատուկ ռելիեֆ՝ անվերջ ձգվող լեռնաշղթաներ, առեղծվածային կիրճեր, լեռնանցքներ: Դրախտիսար լեռն իզուր չէ ստացել իր անվանումը, այստեղ ամեն բան իսկապես «դրախտային» է: Դրախտիսար լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում: Բարձրությունը՝ 2209 մետր է: Հանդիսանում է ջրբաժան Ընկուզաց ձորի և Շրեշտի կիրճի միջև:
Երթուղին սկսվում է Ելփին գյուղից և Շրեշտասարի լանջերով իջնում դեպի Վարդենիք լիճ: Այնուհետև Շրեշտի կիրճով բարձրանում դեպի Դրախտիսար լեռ և գագաթնամերձ հատվածով իջնում Ընկուզաց ձոր։ Ճանապարհին բացվում են տեսարաններ դեպի Նախիջևանի և Վայոց ձորի լեռները:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: