Անահտա Աթոռ լեռ. աստվածուհու հետքերով
Հուլիսի 11-15 ը ուղեվորվելու ենք Անահիտ աստվածուհու հետքերով: Ճամփորդության ընթացքում իրականացնելու ենք բացառիկ վերելք Անահտա Աթոռ լեռ, որը գտնվում է Երզնկայում (Էրզինջան): Մինչ օրս Հայաստանից ոչ ոք այն չի բարձրացել: Հեթանոսության շրջանում Անահտական լեռներում են գտնվել պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի պաշտամունքին նվիրված տարբեր հուշարձաններ. սրանից էլ լեռնաշղթան ստացել է իր անվանումը: Armgeo-ի հեղինակային այս տուրի ժամանակ կայցելենք նաև Դերսիմ, Անի-Կամախ, Դերջան, և նույնիսկ անտիկ քաղաքը, որտեղից գտնվել է Աստվածուհու լեգենդար կիսանդրին:
Օր 1: Դեպի Բարձր Հայք
Ճամփորդության առաջին օրը, շարժվելով Երևանից, մենք նախ կանցնենք հայ-վրացական, ապա վրաց-թուրքական սահմանները, ինչից հետո փոքրիկ կանգառ կունենանք Կարսում՝ ճաշի ու հանգստի համար:
Մեր ճանապարհը շարունակվում է Սարիղամիշի անտառներով և Բասենի դաշտով՝ հետևելով Մայր Արաքսի հոսանքին: Օրվա երկրորդ կեսին կունենանք պտույտ Էրզրումի հին թաղամասերով, կայցելենք Կարնո բերդ և քաղաքի նախկին Մայր տաճար:
Գիշերակացը՝ Դերջանում:
Օր 2: Չքնաղ Դերսիմ, խորհրդավոր Դերջան
Մեր ճամփորդության երկրորդ օրը մեզ են սպասում իսկապես բացառիկ պատկերներ: Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք Ապրանից Սուրբ Դավիթ վանքն իր լեգենդար խաչքարերով, որոնք աշխարհում պահպանված հայկական խաչքարերից ամենաերկարն են և կանգնեցված են 12-րդ դարում:
Շատերդ եք տեսել դրանց կրկնօրինակները Էջմիածնի Մայր տաճարի բակում, սակայն այս ուղևորության ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք տեսնելու վերջապես նաև օրիգինալ խաչքարերը՝ բացահայտելով դրանց փրկության գաղտնիքը: Մեր ճանապարհը շարունակվում է դեպի չքնաղ Դերսիմ, որտեղ Մնձուրի՝ հրաշալիքներով լի ձորը, բերդերը, կամուրջները, ջրվեժներն ու Դերսիմի անթիվ այլ հարստությունները թույլ կտան մեզ և անմոռանալի ժամանակ անցկացնել, և լիցքաթափվել ու պատրաստվել վաղվա կարևոր վերելքին:
Դե իհարկե, ինչ վերելք Անահտա աթոռ առանց Անահիտի աղբյուրներն այցելելու: Հատկանշական է, որ Դերսիմում Անահիտ դիցուհուն նվիրված ու մինչ օրս գործող սրբավայրը շարունակում են ուխտատեղի համարել տեղի ալևի զազաները, քուրմանջի քրդերը և իհարկե՝ հայերը: Նույն օրը կայցելենք նաեւ Դերսիմի մեկ այլ կարևոր ուխտատեղիներից մեկը` Հալվորի Սուրբ Կարապետը:
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 3: Վերելք Անահտա Աթոռ լեռ (3537 մ)
Առավոտյան ամենագնաց մեքենաներով կուղևորվենք դեպի Անահտական լեռներ։ Հեթանոսության շրջանում այստեղ են գտնվել պտղաբերության և մայրության աստվածուհի Անահիտի պաշտամունքին նվիրված տարբեր հուշարձաններ. սրանից էլ լեռնաշղթան ստացել է իր անվանումը: Բարձրանալու ենք լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Անահտա Աթոռ (Անահիտի գահ)։
Ամենագնաց մեքենաներով կբարձրանանք մինչև «Յոթ լճեր» կոչվող տեղանքը, որտեղից էլ կսկսենք վերելքը դեպի գագաթ։ Վերելքը բացառիկ է, քանի որ մինչ օրս Հայաստանից ոչ ոք չի բարձրացել այս լեռը։ Եթե բախտ վիճակվի միգուցե ճանապարհին հանդիպենք նաև «քարփանքների»։ Անահտական գավառում «քարփանքներ» էին անվանում քարաբլուրները։ Ըստ տեղաբնիկների՝ քարակույտերն իրենց տակ թաքցնում էին հեթանոսական ավերված մեհյաններ։ Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ սկսեցին կործանել հեթանոսական տաճարները, որոնք քանդելուց հետո ծածկում էին քարերով՝ այդպիսով առաջացնելով հսկայական քարակույտեր։
Երթուղու երկարությունը՝ 15 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ
Գիշերակացը՝ Երզնկայում:
Օր 4: Շարունակելով Անահիտի հետքերով…
Ճամփորդության ընթացքում ուղևորվելու ենք Սատաղ անտիկ քաղաք, որտեղից հայտնաբերվել է Անահիտ Աստվածուհու կիսանդրին։ Այո, իր երկար ու հարցերով լի ճանապարհը այդ աղմկահարույց կիսանդրին սկսել է հենց այս կետից՝ Սատաղից:
Հատկանշական է, որ Հայոց դիցարանի Մայր Աստվածուհու կիսանդրին միակ գտածոն չէ, որը բնագետներին հաջողվել է պեղել Փոքր Հայքի այս՝ սրբատեղիներով հարուստ տարածքից: Սակայն այդ մասին՝ տեղում: Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմիցս լսել: Դե, իհարկե, Անահիտ Աստվածուհու հետքերին նվիրված ճամփորդությունը չի կարող չհասնել Անի Կամախ:
Անտիկ հիմքերով բերդն ու սրբատեղիների պահպանված հետքերն ուսումնասիրելուց հետո կուղևորվենք ոչ պակաս լեգենդար մի ուխտատեղի, սակայն արդեն քրիստոնեական: Թորթանի Սուրբ Խաչ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ ինչպես հաճախ այն անվանում են՝ 9 սրբերի գերեզմանատեղի: Ըստ ավանդության այստեղ են բերվել ոչ միայն Գրիգոր Լուսավորչի, նրա որդու ու թոռան, այլև Տրդատ Արշակունի արքայի, թագուհի Աշխենի և արքայադուստր Խոսրովանդուխտի մասունքները: Սեպուհ լեռան լանջերին ծվարած այս հինավուրց վանքը, ըստ տարբեր հիշատակությունների, 10-րդ դարում այցելում է նաև Հովհաննես կաթողիկոսը, իսկ ընդհուպ մինչև 1915-ը այն տարածքի ամենախոշոր ու նշանակալից ուխտատեղին էր: Հագեցած այս օրը ավարտում ենք Էրզրումում:
Օր 5: Վերադարձ Երևան
Ցավոք, ժամն է վերադարձի, և արդեն 5-րդ օրը ստիպված ենք բռնել վերադարձի ճամփան: Սակայն մինչ այդ անպայման Կարսի հին թաղամասերով պտույտ կունենանք, կվայելենք 19-րդ դարի կառույցները, օրիորդաց վարժարանը, Կարուց բերդն ու Առաքելոց եկեղեցին, հայ կաթոլիկ եկեղեցին, Վարդանի կամուրջը:
Կրկին հաղթահարելով վրաց-թուրքական և վրաց-հայկական սահմանները, երեկոյան կլինենք Երևանում:
Խումբն ուղեկցելու է թուրքագետ, «Սասուն. 100-ամյա դիմադրություն» գրքի հեղինակ
Սոֆիա Հակոբյանը:
Ճամփորդության արժեքը՝ 560 USD (համարժեք դրամ)
Արժեքի մեջ ներառված է՝
- Թուրքագետ գիդի ծառայություն
- Տրանսպորտ (4×4 մեքենաներ)
- Գիշերակացները հյուրանոցում
- Նախաճաշերը հյուրանոցում
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 15 000 դրամ)
- Ճաշն ու ընթրիքը (օրական մոտավորապես 15-20$)
- Ապահովագրությունը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարին կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին։