info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Կազբեկի թիմային վերելքը

Վերելք Կազբեկ 2022

Վերելք Կազբեկ 2022

2022 թ․ -ին ունեցանք մի շարք վերելքներ Հայաստանից դուրս։ Բարձրացանք Դեմավենդ, Սաբալան, Արարատ, իրականացրինք արշավներ Վրաստանում, Արցախում։ Նշանավոր վերելքներից էր նաև սառցային լեռան՝ վերելք Կազբեկ 2022 -ը։ 

Կազբեկ լեռան վերելքն առանձնանում էր մյուս վերելքներից իր տեխնիկական բարդությամբ։ Լեռան գագաթը մշտապես ձնածածկ է, իսկ մինչ գագաթային հատվածը պատված է սառցադաշտերով։ Եվ չնայած խմբի բոլոր անդամներն ունեին տարիների արշավային, բարձրլեռնային վերելքների փորձ, սակայն Կազբեկը մի նոր մարտահրավեր էր։

Վերելք Կազբեկ 2022

Եվ միանգամից կցանկանայինք ներկայացնել մեր մասնակիցներից Լիլիթ Տոնոյանի, Անի Հակոբյանի և Մարիամ Ղազարյանի պատասխաններն այն հարցին, թե ի՞նչ տվեց այդ տեխնիկական դժվարության վերելքը։

Վերելք Կազբեկ

Լիլիթ Տոնոյան

«Ես ոչ մի վերելքից առաջ վտանգների մասին չեմ մտածում։ Չգիտեմ դա լավ է, թե վատ։ Կազբեկի վերելքով ես հասկացա, որ երբեմն ուրիշի կյանքը կարող է գտնվել հենց քո ձեռքերում, ուրիշի կյանքը կարող է կախված լինել հենց քո կատարած քայլից։ Կազբեկի վերելքից հետո ես ինձ ավելի ուժեղ, ինքնավստահ ու կոփված եմ զգում։ Իսկ մտքումս միշտ հնչելու է «գլխակեր» բառը ու ես միշտ ժպտալու եմ, որովհետև այս վերելքով մաքրվեցին Կազբեկի մասին տատիկիս տխուր պատմության թողած դաժան պատկերացումները։ Ու ավելի շատ ուզեցի ապրել»։

Մարիամ Ղազարյան

«Առաջին հերթին Կազբեկը հաստատեց նմանատիպ լեռներ գնալու իմ մեծ ցանկությունը։ Իսկ կամային հատկանիշների առումով սովորեցրեց ավելի հաստատակամ լինել ու եթե  որոշում ես կայացրել մի բան անել, պետք է ամեն ջանք ներդնես այդ ուղղությամբ, չթողնես, որ տարբեր հանգամանքներ, անվստահություն առաջացնող մտքերը խոչընդոտ հանդիսանան։ Բայց իհարկե ամեն բան ողջամտության սահմաններում ))»։

Անի Հակոբյան

«Կազբեկը նոր հնարավորություն տվեց ինքս ինձ բացահայտելու, սովորեցրեց, որ ցանկացած անելանելի իրավիճակում մարդկանց էմոցիաները զարկ են տալիս և շատ դժվար է դրանք կառավարել, բայց անհրաժեշտ է»։

Չաուխից դեպի Կազբեկ

Մեր խումբը մինչ Կազբեկի վերելքը, իրականացրել էր նաև ճամփորդություն դեպի Չաուխ, ինչից հետո խմբի մասնակիցները բաժանվել էին երկու խմբի, նրանց մի մասը հմայված էր բարի հսկայով՝ Չաուխով, իսկ մյուսները՝ Կազբեկի հզոր ու դժվարմատչելի տեսքով։

Չաուխ․ ճամփորդություն Կովկասյան լեռներում

Կազբեկով հիացած էր նաև մեր ակումբի անդամ, արշավական Մարիամ Ղազարյանը․ «Լեռն անհասանելի էր թվում, ինձ անընդհատ հարց էի տալիս՝ ի՞նչ էի մտածում Կազբեկը բարձրանալու մասին որոշում կայացնելիս, արդյոք կկարողանա՞մ: Բայց դե բարձրանալու ցանկությունը ավելի մեծ էր, ու ամեն դեպքում պետք էր փորձել»:

Գլխակեր սառցային լեռը

Վրացիները լեռանն անվանում են Մկինվարցվերի (կամ ուղղակի Մկինվարի), որը նշանակում է «սառցային լեռ», բայց մեր ակումբի անդամ, արշավական Լիլիթ Տոնոյանի համար լեռն ասոցացվում էր վտանգների ու տատիկից լսած տխուր պատմության հետ․ «Տատիկիս պատմությունը կապված է իր եղբոր մահվան հետ։ Նա ընկել էր Կազբեկի ձորը՝ այդպես էր պատմում տատիկս, և երկար ժամանակ համարվում էր անհետ կորած։ Մինչև Ստեփանծմինդա հասնելն այդ պատմության մասին էի մտածում։ Չնայած մանկուց լսել էի, բայց երբեք չէի տեսել լեռը, բայց այն խորհրադավոր լեռ էր ինձ համար։ Կազբեկ բառն արտաբերելիս կյանքիս ընթացքի ժապավենը շատ տարիներ հետ էր գնում, էլի հիշում էի այդ պատմությունն ու մի տեսակ մեղավորության զգացում էի ունենում։ Բայց գագաթին կանգնելուց հետո, ինչպես ասում էր տատիկս՝ գլխակեր Կազբեկը սկսեց ասոցացվել այլ ապրումների ու զգացմունքների հետ»։

Տատիկի պատմության ու լեռան տեխնիկական բարդության մասին իմանալու պատճառով մտածում էի, որ ունենալու եմ բարդ, և մի փոքր էլ, տխուր վերելք։ Բայց մինչև սար տանող ճանապարհի և սարից երևացող տեսարաններն այնքան ցնցող էին, որ լցված էի շատ լավ էմոցիաներով։ Վերելքի նախորդ օրը զգում էի, որ Կազբեկի վերելքը լինելու է իմ կյանքի ամենանշանակալի օրերից մեկը։ Ու այդպես էլ եղավ»։ 

Լիլիթ Տոնոյան

Սառցային գլխակերի վերելքին յուրաքանչյուր մասնակից պատրաստվել էր յուրովի՝ մի քանիսը սկսել էին ավելի հաճախ լինել մարզասրահում, վազել, պարբերաբար մասնակցել արշավների, սակայն վերելքի հաջող գրավականներից էր նաև ընկերությունը։ Մասնակիցներից շատերն արդեն հասցրել էին տարիներ շարունակ միասին արշավել, ճանաչել իրար, որն իհարկե ամրապնդվեց նաև Դեմավենդի վերելքով։ Ու այդ մասին փաստեց նաև Մարիամը «Դեմավենդը կարևոր փորձառություն էր, ինչի շնորհիվ Կազբեկին նախորդող օրերի ընթացում պատրաստվելն ավելի արագ ստացվեց»։

Վերելք Դեմավենդ

Կազբեկ․ թիմային վերելք

Կազբեկի վերելքը տևել էր գրեթե 10 ժամ, ինչն իհարկե բավականին մեծ ծանրաբեռնվածություն է՝ հաշվի առնելով նաև այն, որ մասնակիցները պետք է հնարավորինս մի տեմպով քայլեին, քանի որ մեկը մյուսին կցված էր պարանով։ Այդ մասին շատ դիպուկ բնորոշում տվեց Անի Հակոբյանը «Բավականին բարդ է քայլել կապված լինելով, պետք է այնպես քայլես որ դիմացից ու հետևից քայլողին անհանգստություն չպատճառես` ըստ իս Կազբեկը թիմային վերելք է։ Ամեն դեպքում, գիշերով քայլելը շատ ավելի հաճելի է, քանի որ ամբողջովին արթնացած չես լինում, երբեմն չես էլ նկատում, թե որտեղով քայլեցիր ու արհեստական վախեր չես ստեղծում»։

Այն ամենն ինչի մասին պատմեց Անին, իր մաշկի վրա շատ լավ զգացել էր նաև Լիլիթը «Ես գրեթե մարմնիս կեսով ընկել եմ ձնափոսը, ու դժվարությամբ դուրս եկել, չէի տեսնում, թե ինչ բարձրության փոսի վրա էի կախված։ Իհարկե, ողջ կյանքում կհիշեմ այդ պահի ապրումներս։ Ու ինչպես ասում են՝ շատ էի լսել, բայց մեկ անգամ տեսա ու հազար անգամ լսածիս չափ արժեր։ Մինչև ինքդ չես տեսնում ու զգում, չես կարող պատկերացնել ինչի մասին է խոսքը»։

Կազբեկ․ տեխնիկական բարդության լեռը

Աղջիկներն ընդամենը օրեր առաջ բարձրացել էին նաև Ասիայի ամենաբարձր լեռը՝ Դեմավենդը՝ հաղթահարելով 5610 մ բարձրությունն ու ծծմբային արտանետումները, սակայն հավատացնում էին, որ Կազբեկի վերելքը չի կարելի համեմատել մյուս այլ վերելքների հետ։ «Կազբեկը սովորական լեռ չէ։ Կազբեկն ինքն է որոշում կհասնես գագաթ, թե ոչ։

Վերելք Կազբեկ 2022

Կազբեկի վրա զգում ես, որ մի անորոշ քայլը կարող է շատ բան փոխել», – ահա այսպես բնութագրեց Անին Կազբեկը, իսկ Մարիամը հարցին մոտեցել էր այլ տեսանկյունից․ «Իհարկե, անհանգստություն կար՝ հաշվի առնելով, որ հերթով անցնելու էինք տարբեր տեղանքներով՝ սկզբում քարքարոտ, հետո սառցադաշտը՝ խորշերով, ձյունոտ և գագաթին մոտ տեղ-տեղ սառած տեղանքները, որոշ տեղերում էլ՝ քարաթափումների վտանգը:Սակայն այդ ամենը լրացուցիչ հետաքրքրություն էր տալիս վերելքին, սկսում ես մի փոքր պատկերացում ստանալ տեխնիկական բարդություն ունեցող լեռների մասին»։

Ցանկացած արշավի, հատկապես բարձր լեռնային վերելքների ժամանակ, յուրաքանչյուր մասնակից պատասխանատու է ոչ միայն իր, այլ նաև մյուսների համար, սակայն Կազբեկի դեպքում այդ պատասխանատվությունն ավելի ակնառու ես զգում ու այդ մասին փաստեց Լիլիթը «Կազբեկի վերելքին անհրաժեշտ է վերաբերվել ծայրաստիճան լուրջ, յուրաքանչյուր քայլը պետք է լինի կշռադատված, հաշվարկված, այլապես կամ կհայտնվես ձնափոսերում, կամ կգլորվես չգիտեմ թե ուր` քեզ հետ տանելով մյուսներին։ Կազբեկում դու կրում ես պատասխանատվություն մյուսների կյանքի համար, քո պարանակիցների կյանքի համար»։

Հավերժ հիշվող Կազբեկն իր դժվարություններով

Լինելով տեխնիկական լեռ, որի վերելքն ուղեկցվել էր հալոցքներով, անխուսափելի պիտի լինեին նաև փոքր-ինչ վտանգավոր դրվագները։ Գրեթե բոլոր մասնակիցները նշեցին գագաթից իջնելու հատվածը։ «Լավագույն ընկերս ինձնից 20 մետր հեռավորության վրա էր ու ընկնում էր խորշը, և չնայած դա ընդամենը 5 վայրկյան տևեց, բայց անհնար է նկարագրել, թե ինչ անզոր էի ինձ զգում։ Այդ պահը երբեք չեմ մոռանա», – այդ մասին պատմեց Անին։ 

Իջնելիս մեծ էր նաև պատասխանատվությունը մյուս մասնակիցների հանդեպ, քանի որ մի սխալ հաշվարկված քայլի պատճառով, կարող էին մի քանի մասնակից հայտնվել առաջացած խորշերում։

Ինչպե՞ս պատրաստվել Կազբեկի վերելքին

Իսկ նման դեպքերում կարևոր է յուրաքանչյուր մասնակցի պատրաստվածությունը, ինչի մասին նշեց Մարիամը«Վստահ չէի՝ սայթաքելու դեպքում կկարողանա՞մ արագ կողմնորոշվել՝ ինչ անել, սառցահատը ճիշտ գործի դնել: Բայց այդ իրավիճակները օգնում են հասկանալ, որ պետք է հնարավորինս պատրաստ լինել, իմանալ գույքը օգտագործելու մեթոդները, զգոն, ուշադիր լինել և էքստրեմալ թվացող հանգամանքներում հնարավորինս հանգիստ արձագանքել»։ 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա արշավները