Դեմավենդ. տարվա վերելքը
Հայկական լեռնաշխարհում՝ Արարատ (5165 մ), Սաբալան (4811 մ), Արագած (4090 մ) և Սիփան (4058 մ), Մեծ Կովկասի լեռնաշղթայում՝ Կազբեկ (5047 մ) և Էլբրուս (5642 մ)։ Մեր 10-ամյա գործունեության ընթացքում իրականացված վերելքներն ու նախագծերը բազմաթիվ են՝ ինչպես օրինակ «Ծովու բոլոր»–ն ու «Մերն է» նախագիծը։ Սակայն 2022թ․ հուլիսի 7-ը սկիզբ դրեց նոր պատմության ու նոր՝ ավելի բարձր վերելքների։ Այդ օրը, մեր՝ 25 մասնակցից բաղկացած խումբը մեկ մարդու նման, որպես մեկ ամբողջություն, կանգնեց Ասիայի ամենաբարձր հրաբխի՝ Դեմավենդ լեռան (5610 մ) գագաթին։
Վերելքը միանշանակ նման չէր նախորդ ոչ մի վերելքի, քանի որ ամփոփում էր մեր վերջին տարիների աշխատանքը։ Այն արդյունքը, որը կարելի է ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ՝ 10-ամյա աշխատանք, 10-ամյա ընկերություն, 10-ամյա փորձ ու վստահություն խմբի յուրաքանչյուր անդամի հանդեպ։
«7 հրաբուխ» նախագիծ
25 մասնակից Դեմավենդի գագաթին
Ու այս վերելքի պատմությունը սկսում ենք իրանցի ուղեկցորդների այն համոզմունքով, որ 25 մասնակցից մի մասը չի հասնելու գագաթ։ Իհարկե, նման համոզմունքը չէր կարող չընկճել, սակայն դրա մասին մի փոքր ավելի ուշ։ Քանի որ ամենակարևորն այն էր, որ 3 օր անց, մեր խումբը տեղացիներին ցույց տվեց այլ արդյունք՝ նրանք ականատես եղան բոլոր 25 մասնակցի հաջող վերելքին։
Հետաքրքիր է արշավականներից Հրաչ Արա-Իվանյանի արձագանքը, ով միանշանակ վստահ էր, որ տեղացի ուղեկցորդները սխալվում են, քանի որ շատ լավ ճանաչում էր խմբի յուրաքանչյուր մասնակցի ու նրա հնարավորությունները․ «․․․ կար վստահություն չկիսելու տեղացի ուղեկցորդի կարծիքը, և սա ոչ թե հաջող իրագործվածի վերաբերյալ հետհայացք անդրադարձ է, այլ դեռ այն ժամանակ ունեցած վստահություն, որի հիմքում եղել է երկար ճանապարհը, որով անցնելուց մշտապես կատարելագործվելով, փորձառություն կուտակելով հասել էինք Հայաստանից դուրս՝ 25 հոգով բարձրլեռնային վերելք կատարելու սահմանին»։
Չնայած վերելքը հեշտ չէր լինելու, բայց նույն միտքն արտահայտեց նաև արշավական Աստղիկ Թորոսյանը․ «Տեղացի ուղեկցորդի ասածն ինձ մոտ ուղղակի թեթև ժպիտ առաջացրեց։ Դա ինքնավստահությամբ չէր պայմանավորված, և ոչ էլ լեռն ու այդ բարձրությունը թերագնահատելուց էր, պարզապես լեռնագնաց ընկերներիս հետ անցած ճանապարհը հուշում էր հակառակը»։
Իսկ ահա Լենա Զաքարյանի դեպքում, տեղացիների նման արձագանքը նպաստեց, որպեսզի ավելի ինքնավստահ և մոտիվացված լինի․ «Ես այն մասնակիցներից էի, ում հանդեպ տեղացի ուղեկցորդը թերահավատ էր, բայց նրա խոսքերն ինձ միայն ավելի մոտիվացրին»։
Դեմավենդի վերելքին նախորդող օրերը
Դեմավենդի վերելքից 2 շաբաթ առաջ խմբի անդամներից շատերը կանգնել էին նաև Հայկական լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռան՝ Սաբալանի (4811 մ) գագաթին։
Սաբալան․ մի վերելքի պատմություն
Այն ուներ նաև ակլիմատիզացիոն նշանակություն, սակայն, բացի այդ, մասնակիցներից շատերը Դեմավենդի վերելքին նախապատրաստվել էին տարիների պարբերական արշավներով, մարզումներով։ Անի Հակոբյանը շատ լուրջ էր մոտեցել վերելքին․ «…չնայած նրան, որ պարբերաբար արշավում էի, զուգահեռ սկսել էի նաև ավելի շատ մարզվել, վազել, նույնիսկ բուժզննում էի անցել, որ վստահ լինեմ՝ ամեն ինչ կարգին է։ Մի տեսակ անկանխատեսելի վախեր էին մեջս առաջանում վերելքի մասին մտածելիս»։
Իսկ ահա Լիլիթ Տոնոյանի համար 5000+ վերելքները պետք է սկիզբ դրվեին հենց Դեմավենդով, ինչն, իհարկե, որոշակի անորոշություն էր առաջացնում․ «… ես չգիտեի, թե ինձ ինչ էր սպասվում, օրգանիզմս ինչպես էր արձագանքելու այդ բարձրությանը։ Երբեմն մտածում էի, որ միայն Արագածը բարձրանալով գուցե չափից շատ ինքնավստահություն և ուժերի գերագնահատում էր իմ կողմից Դեմավենդը բարձրանալու որոշումը։ Բայց նույն պահին էլ նման մտքերը վանվում էին` իրենց տեղը զիջելով այն մտքին, որ ես հաստատ կարող եմ»։
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթները
Խմբում կային մասնակիցներ, որոնք արդեն հասցրել էին բարձրանալ Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները, իսկ Դեմավենդն արդեն ենթադրում էր նոր ու ավելի բարձր լեռների սկիզբ։ Իսկ ինչպես ասացին Անի Հոկոբյանն ու Լենա Զաքարյանը, Դեմավենդը՝ «ինքս ինձ փորձելու» և «ամեն գնով գագաթ հասնելու» մասին էր։
Վերելք Արարատ 2024
Արշավական Աստղիկ Թորոսյանն այն մասնակիցներից էր, ով բարձրացել էր Հայկական լեռնաշխարհի 4 բարձր գագաթները, իսկ ավելի բարձր լեռների ու պլանների մասին ասաց․ «Ընդհանրապես լեռնագնացությունն աստիճանի նման է, ամեն հաջորդ աստիճանին կանգնելուց հասկանում ես, որ կարող ես ու կցանկանաս շարունակել բարձրանալը, ինչպես նաև դրա հակառակը, գուցե որոշես չշարունակել ու հետ իջնել կամ մնալ քեզ հասանելի հարկում»։
5000+ վերելքների փորձ ուներ նաև մասնակիցներից Գառնիկ Պողոսյանը, ում համար Դեմավենդը հերթական, բայց գեղեցիկ ու հզոր մի վերելք պիտի լիներ․ «Գրավիչ էր սարի բարձրությունը, Ասիայի ամենաբարձր գործող հրաբուխ լինելը, պակաս գրավիչ չէր նաև Թեհրանը տեսնելն ու պարսկական մշակույթի հետ ծանոթանալը»։
Դեմավենդի օրը` հուլիսի 4
Դեմավենդի վերելքի օրերը համընկել էին տեղական ազգային տոնի և Դեմավենդ լեռան օրվա հետ, ինչով պայմանավորված լեռը բավականին ծանրաբեռնված էր, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ։ «Այն, ինչ տեսանք Դեմավենդում աննկարագրելի էր, առանց չափազանցության հազարավոր լեռնագնացների հանդիպեցինք, որոնց բացարձակ մեծամասնությունը տեղացիներ էին: Սա վկայում է այն մասին, որ Իրանում շատ են լեռնագնացությամբ զբաղվողները, ունեն ավանդույթներ»,– կիսվեց Հրաչ Արա-Իվանյանը։
Հրաչ Արա-Իվանյանի պես տպավորված էր նաև Գառնիկ Պողոսյանը, նրան հատկապես զարմացրել էր լեռնագնացների մեծ մասի տարիքը․ «Երբևէ չէի տեսել նման քանակի վրաններ մի ճամբարում, այդքան լեռնագնաց՝ սարում։ Հաճելիորեն զարմացած էի, որ այդքան մարդ տոնը սարերում էր նշում, հետաքրքիր էր, որ մեծ մասը միջին ու մեծ տարիքի լեռնագնացներ էին, երիտասարդներ քիչ էին հանդիպում»։
Վերելք Դեմավենդ 2024
Իսկ Լենա Զաքարյանին Դեմավենդի մյուս լեռնագնացներն ու հատկապես կլիմայավարժեցման օրը հիշեցրել էին Սաբալանի վերելքը․ «Կլիմայավարժեցման օրը տեսա գագաթից իջնող արշավականների, որոնք զոմբիների նման էին քայլում՝ կիսաքնած ու անհավասար։ Միանգամից հիշեցի ինձ Սաբալանի վերելքի ժամանակ՝ մի կողմից չէի կարողանում բացել աչքերս, բայց մյուս կողմից էլ ինձ այնքան ներդաշնակ ու խաղաղ էի զգում։ Տպավորություն էր, որ տիեզերական զգացողություններ եմ ապրում»։
Վերելքի ամենագեղեցիկ պահը
Վերելքի մասնակիցների փորձառության և տարիների ընկերության ամենավառ դրսևորումը մասնակիցների պատասխաններն էին այն հարցին, թե որն էր վերելքի ամենագեղեցիկ ու հիշարժան պահը։ Ինչպես նշեց Անի Հոկաբյանը․ «25 արշավական ընկերներ հասան գագաթ», իսկ Գառնիկ Պողոսյանն էլ հավելեց․ «Երբ խմբի վերջին մարդը կանգնեց սարի գագաթին»։
Նման արդյունքն անշուշտ խոսում էր նրա մասին, որ յուրաքանչյուր մասնակից լրջորեն էր մոտեցել թե՛ Դեմավենդ լեռան վերելքին, թե՛ որպես մեկ միասնական խումբ լինելու գաղափարին։ Սակայն խումբը չէր կարող լինել այդքան միասնական ու համախմբված, եթե խմբում չլինեին անհատականություններ։ Եվ խոսելով գեղեցիկ ու հիշարժան պահերի մասին Լիլիթ Տոնոյանը նշեց․ «Արդեն գագաթին ինձ շնորհավորում էին ավելի փորձառուները, շնորհավորում էին, որ 5000+ սարերի սկիզբը Դեմավենդով է սկսվել ինձ մոտ։ Բոլորս իրար գրկած, հուզված շնորհավորում էինք։ Ես շա՜տ երկար ժամանակ արտասվում էի ու պատճառը ոչ միայն գագաթ հասնելն էր, այլ նաև իմ մոտիվացիան»։
Դեմավենդ․ տպավորիչ ու վտանգավոր
Կարելի է ասել, որ Դեմավենդ լեռան գեղեցկությունն ու դժվարությունն ուներ մեկ անուն՝ ծծմբային փոշի ու արտանետումներ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրովի, բայց միաժամանակ նույն հիացմունքով էր պատմում ծծմբի մասին։ Չնայած որ շատերի մոտ այն գլխացավերի և մի շարք այլ խնդիրների պատճառ էր դարձել։
«Արտանետվող ծծմբի գույներն ուղղակի աննկարագրելի սիրուն էին՝ իրենց դեղնականաչավուն երանգներով։ Բայց միայն արդեն հոտից չէի ուզում ավելի առաջանալ։ Հատկապես որ հետո էլ հասկացանք, որ այն չի մաքրվելու մեր հագուստի վրայից», – պատմեց Լենա Զաքարյանը։
Աստղիկ Թորոսյանի համար վերելքի ամենադժվարին պահը հենց գագաթին էր, երբ խեղդվում էր ծծմբից․ «Մոտ 15 րոպե չէր ստացվում կարգավորել շնչառությունս, որը լարվածություն էր առաջացնում, ինչն էլ խառնվել էր գագաթին հասնելու ոգևորվածությանս հետ ու անդադար լացում էի։ Իսկ ընթացքում բոլոր ընկերներս ինձ գրկում ու շնորհավորում էին, փորձում էին ոգևորել, օգնել ու դա ստացվեց իրենց մոտ, այդ պահի համար արժեր մի հատ էլ բարձրանալ»։
Բայց անկախ պատճառած դժվարություններին ու տհաճությանը, ծծմբային արտանետումները նաև շատ տպավորիչ էին, ու այդ մասին հատկապես գեղեցիկ էր Հրաչ Արա-Իվանյանի նկարագրությունը․ «Գագաթնամերձ արահետը շատ տպավորիչ էր, կարծես այլ մոլորակ լիներ, ծծմբային արտանետումները շրջակայքին բավականին միստիկ տեսք էին տվել, և եթե ավելացնենք նաև հոտը և ծխացող հատվածները, շատ հետաքրքիր ու արտասովոր վիճակ էր»։
Նոր վերելք ու նոր մարտահրավեր
Արշավական Լիլիթ Տոնոյանն ի սկզբանե էլ նշել էր, որ Դեմավենդ լեռան վերելքն իր համար նորանոր մարտահրավերների ու սեփական ուժերի բացահայտում էր լինելու, որը լինելու էր մի նոր մեծ փորձ իր լեռնային կյանքում․ «Վերելքից առաջ քանիցս ինձ հարցրել եմ, թե ինչ եմ ես անում այդտեղ։ Պատասխանը մեկն էր` իմ կամքն էր փորձության ենթարկվում։ «Անհնարին ոչինչ չկա» արտահայտությունն էր ապացուցվում։ Եվ ոչ մի վայրկյան չեմ զղջացել»։
Անի Հակոբյանը նույնպես շատ մարտական էր տրամադրված, և չնայած տեղացի ուղեկցորդների թևաթափ անելու մտքերին, ծծմբային անտանելի հոտին ու այլ դժվարություններին, նա դեռ Դեմավենդի ստորոտին կանգնած գիտեր, որ հասնելու է գագաթ։
Հրաչ Արա-Իվանյանի խոսքերը, թերևս, ամենալավն են բնութագրում Դեմավենդի վերելքը․ «Այս վերելքն անցյալ տարիների ամփոփումն էր, ավելի բարձր ու ավելի բարդ վերելքներից ու մեծ ծրագրերից առաջ ստուգարք ու ինքնաքննություն էր: Սա խմբային վերելքի վառ օրինակ էր: Սա վերելք էր, որը սկսեցինք մեկ ուսապարկով, վերադարձանք հավելյալ 2-3 ուսապարկ փորձառություն կուտակած»։
Պատմել Դեմավենդ լեռան վերելքի մասին կարելի է շատ երկար, քանի որ յուրաքանչյուր մասնակից այն վերապրել է յուրովի՝ որպես ArmGeo-ի միասնական խումբ կերտելով ևս մի վերելքի պատմություն։ Բայց Դեմավենդի վերելքն ուզում ենք ամփոփել Աստղիկ Թորոսյանի խոսքերով․ «Քեզ շրջապատող մարդկանց վստահելն ուժեղացնում է։ Իսկ եթե գիտես, որ նրանք ոչ միայն ուժեղ են ֆիզիկապես, այլն նաև հոգեպես, այն «թևեր» է տալիս: Փաստորեն լավ ընկերներն էներգետիկ են)»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: