Արցախի գյուղերով / Մարտունի / Օր 2
Օր 2: Առավոտյան 5-6-ի կողմերն արթնացա կովի ձայնից: Տպավորությունն այնպիսին էր, որ գլուխը մտցրել է սենյակիս մեջ և գոռում է: Հետո պարզվեց, որ երեկոյան չէին կթել և դա կովին նեղություն էր պատճառում:
Առավոտյան հավաքվեցինք նախաճաշի: Այդ օրը համընկավ զատիկի հետ: Թարմ խոտի մեջ դասավորված ձվերը սեղանին տոնական տեսք էին հաղորդում:
Առաջին գյուղը Մուշկապատն էր
Առաջին գյուղը բարձրադիր սարահարթի վրա գտնվող Մուշկապատն էր: Դիրքի պատճառով այն հաճախակի մառախլապատ է լինում, մշուշով ծածկված` մշուշապատ: Հենց մշուշապատ բառն էլ ձևափոխվել ու դարձել է Մուշկապատ:
Կանգ առանք գյուղի եկեղեցու մոտ, որը կառուցվել է 18-րդ դարում: Մուշկապատը շատ մոտ է Հաղորտիին, բայց, ի տարբերություն նախորդի, այս գյուղն ավելի կոկիկ և խնամված տեսք ուներ: Շրջեցինք գյուղում, չնկատեցինք ոչ մի լքված տուն: Գյուղը փոքր էր, բայց մի տեսակ կյանք կար, աշխուժություն կար: Ճանապարհին հանդիպեցինք շատ ուրախ մարդկանց, որոնցից մի քանիսի հետ զրույցի բռնվեցինք:
Մուշկապատի առօրյան
Այստեղ բնակչությունը զբաղվում է հացահատիկի աճեցմամբ և խաղողագործությամբ: Գյուղի ցածրադիր հողատարածություններում կան ընդարձակ թթաստաններ: Այստեղի թութը քաղցր է ու անուշահամ: Գյուղն էլեկտրաֆիկացվել է 1961 թ.:
1906 թ. Մուշկապատում բացվել է երկսեռ դպրոց, որտեղ այդ տարի սովորել է 26 տղա և 6 աղջիկ:
19-րդ դարի 90-ական թվականների սկզբներին այստեղ կար 83 տուն, 827 բնակիչ: 1989 թ. Մուշկապատում կար 107 տուն, 372 բնակիչ: Այժմ կա 105 տուն 360 բնակիչ:
Գյուղում գործում են ակումբ, գրադարան, բուժկետ:
Այս գյուղում է ծնվել գրող, պատմական գիտությունների դոկտոր, Արցախի անկախության ջատագով Բագրատ Ուլուբաբյանը: Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ աղբյուրներ: Դրանցից են Ծվեն ճուրը, Ծրվա ճուրը, Յուղուբեն աղբյուրը, Շրշռանը, Շխրին աղբյուրը: Նշանավոր են Թաքուն բաղը, Բուստանա ծմակը, Մանգունց բաղը, Մրալանց բաղը, Տժեր ծորը և այլ վայրեր:
Զրույցի բռնվեցինք Մուշկապատի պատմության ուսուցչի` Նորենցի հետ: Նա այդ պահին ցակատը ձեռքին, մայրիկի հետ գործ էր անում հողամասում: Կարելի է ասել, որ ցակատն արցախյան ժողովրդական, ունիվերսալ գործիք է, որը գյուղացու ձեռքում ծառայում է որպես դանակ, կացին, սղոց և այլն:
Հաջորդը Գիշի գյուղն էր
Հաջորդն Արցախի ամենահնագույն պատմություն ունեցող բնակավայրերից է` Գիշին: Տեղադրված է Ճարտարի հյուսիսային մասը երիզող լեռնապարի հակադիր թեք լանջին: Ինչպես Արցախի մյուս գյուղերը՝ Գիշին նույնպես թիկունքով հենված է երեք կողմից շրջափակված բարձրադիր լեռներին և միայն հարավային ուղղությամբ ելք ունի դեպի Խոնաշեն գետի հովիտը:
Գյուղի դիրքը գեղատեսիլ է: Դեռ շատ հնուց տները կառուցվել են գյուղը երիզող սարի հարավահայաց, քարքարոտ, ավազոտ լանջին` բերրի հողատարածությունները այգեգործության համար օգտագործելու նպատակով: Հարակից և դիմացի լանջերն անտառածածկ են: Կլիմայական պայմանները մեղմ են. լավ են աճում խաղողը, թութը, խնձորը, տանձը, սալորը, մոշը: Որպես բնորոշ առանձնահատկություն՝ ամռան սկզբներին հաճախակի են կարկտահարությունն ու սելավները:
Գիշիի հին բնակատեղիների հետքերը
Գյուղում և նրա շրջակայքում կան պատմական նշանակություն ունեցող վայրեր, հուշարձաններ: Գիշի և Ճարտար գյուղերի միջև գտնվող բարձունքի վրա այժմ էլ պահպանվում են հին բնակատեղիների հետքեր, պարիսպների մնացորդներ: Դրանցից մեկի` Ղլեն խութ կոչվող բնակատեղիից հայտնաբերված կարասները, կճուճները, ափսեները, հուլունքներն ու շատ այլ իրեր պահվում են Գիշու դպրոցի թանգարանում: Պատմական այդ փաստերը և պահպանվող քարակիր, ամրակուռ պարսպի մնացորդներն ապացուցում են, որ Ղլեն խութը երկար ժամանակ եղել էլ բնակավայր-ամրոց:
Անցած շուրջ հարյուր տարվա ընթացքում Գիշիի տների թիվը բավականին ավելացել է, սակայն արտագաղթի պատճառով բնակչության թիվը չի աճել: 1888 թ. Գիշի գյուղում հիմնվել է ծխական դպրոց (որտեղ սովորում էին նաև Մուշկապատ և Հաղորտի գյուղերի աշակերտները), որը փակվել է, հետո նորից վերաբացվել է 1907 թ., որպես երկսեռ դպրոց: Գիշու ներկայիս միջնակարգ դպրոցը գործում է 1932 թվականից:
Գիշին ամենից երկարը մեզ պահեց իր գրկում, շնորհիվ մի հյուրասեր տատիկի, որը բոլորիս հրավիրեց թեյ խմելու: Հայկական գյուղերում ընդունված է անծանոթին հրավիրել տուն, հյուրասիրել և ինչքան ես նկատել եմ, որքան գյուղը փոքր է և կացությունը ծանր, այդքան բնակիչներն ավելի ջերմ ու հյուրասեր են լինում:
Եղանակը լավն էր, արևը հաճելի տաքացնում էր և որոշեցինք դրսում նստել: Տնից արագ հանեցինք սեղանն ու աթոռները և նստեցինք թեյի սեղանի շուրջ: Մեզ միացավ տատիկի հարևանը` Գիշիի ռուսերենի ուսուցչուհին: Տատիկները մեզ համար արտասանեցին, երգեցին, պատմեցին գյուղի մասին: Հրաժեշտի ժամանակ թողեցի հեռախոսահամարս և մեր կայքի հասցեն (պետք եկավ արդյոք հասցեն թե ոչ՝ կիմանաք, եթե նյութը կարդաք մինչև վերջ):
Դեպի Խնուշինակ
Անձրև սկսվեց: Ուղևորվում ենք Խնուշինակ:
Գյուղը տեղադրված է թույլ թեքություն ունեցող անտառազուրկ Սրբախութ լեռան արևելյան լանջի գոգավորությունում, Մարտունուց 12 կմ հարավ-արևմուտք: Դիրքը հարավահայաց է: Գյուղում պահպանվում է Ս.Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 1855 թ.:
Խնուշինակում 1873 թ. բացվել է ծխական դպրոց` 14 աշակերտով, իսկ 1905 թ.` երկսեռ դպրոց` 56 աշակերտով: Ներկայիս դպրոցը միանգամից աչքի է ընկնում իր բարեկարգ տեսքով, որը վերանորոգվել է վերջերս:
Բարձրացանք մի բլրակի վրա, որտեղից լավ երևում էր գյուղը և շրջակա տարածքը: Մոտակա տներից մի կին մոտեցավ մեզ, որպեսզի հետաքրքրվի որտեղից ենք եկել: Հրավիրեց իրենց տուն, սակայն մեր ժամանակը սուղ էր և ստպիված էինք մերժել հրավերը: Կնոջ հետ ճակատագիրը դաժան խաղ էր խաղացել: Նա 2006-ին կորցրել էր որդուն, որը բանակի սպա էր և դիրքերում մահացել էր հակառակորդի դիպուկահարի գնդակից: Կինը հիշեց պատերազմի տարիները, մեզ ցույց տվեց բլուրի տակով անցնող նախկին խրամատի հետքերը: Հակառակորդը համարյա հասել է գյուղի մատույցներին, բայց հաջողվել է հետ շպրտել:
Խանութի պատի տակ նստած էր մի ծերունի Յախշիբեկյանների ցեղից: Նա պատմեց, որ իր նախնիները եկել են Սպահանից և Ջուղայից: Գյուղը կոչվել է Սպահանջուղ (Սպահան-Ջուղա) և հետագայում վերանվանվել Խնուշինակ (ենթադրում եմ, որ ինչ-որ ժամանակարշջան այստեղ խան է բնակվել և գյուղը կոչվել է Խանի շեն, Խնուշեն, Խնուշինակ):
Ճարտար գյուղը
Ճարտարը ոչ միայն Մարտունու շրջանի, այլև ամբողջ Արցախի ամենամեծ գյուղն է: Անվանումն առաջացել է բնակիչների հմտության, ձեռներեցության, ճարտարախոսության առանձնահատկություններով պայմանավորված:
Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այժմյան Ճարտարը գոյություն է ունեցել 4-րդ դարից դեռևս շատ առաջ: Ներկայիս Ճարտար գյուղը բաղկացած է չորս խոշոր թաղամասերից, որոնցից յուրաքանչյուրը փաստորեն առանձին գյուղ է: Այսպիսով՝ Ճարտար գյուղը բաղկացած է Գյունե Ճարտար, Գյունե Կալեր, Ղուզե Ճարտար և Ղուզե Կալեր բնակավայրերից:
Ճարտարում նույնպես հյուրընկալվեցինք բարեհամբույր արցախցիների մոտ: Գյուղում մեզ դիմավորեց Սիրանույշի ընկերուհու` Լարայի հայրը: Բակում դրված սեղանն աննկարագրելի համ ու հոտ էր տրամադրում այդ գյուղական միջավայրին` զատկի ձվեր, ժենգյալով հաց, թխվածք ու տնական գինի: Լարայի հայրը` Ռուբիկը, մեզ ցույց տվեց իր օղի քաշելու սարքն ու մի քանի մանրամասներ այդ պրոցեսից: Այդ ընթացքում մեր աղջիկներն արդեն շուրջպար էին բռնել բակում:
Վերադարձ Հաղորտի
Երեկոյան վերադարձանք Հաղորտի: Հոգնած էինք, բայց ոչ ոք չէր ուզում ժամանակը ծախսել հանգստանալու վրա: Դեռ նախորդ օրը գյուղացիներից լսել էինք, որ գյուղում ինչ-որ ջրաղացի քար կա և որոշեցինք գնալ տեսնել: Քարը ջրաղացի չէր, բայց աղացի էր, հավանաբար անասունների օգնությամբ էին այն բանեցնում: Ափսոսանքով պետք է նշեմ, որ այն շպրտած էր այգու անկյունում` կիսով չափ հողի մեջ և նույնիսկ ոչ ոք չգիտեր գետնի տակ եղած հատվածը ամբողջական էր, թե կոտրված:
Ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով
Բարձրացանք գյուղից քիչ վերև գտնվող բարձունքը: Տարածքը հիշեցնում էր Շուշվա Կատարոտը, թեև նման չէր, բայց ինչ-որ բան նմանեցրեցի: Այստեղ կարելի էր ժամերով նստել ու հիանալ արցախյան լեռնաշխարհով: Հեռվում` կարծես կախված մի քանի մեծ ու փոքր գյուղերի վրա, երևում էր Մեծ Քիրս լեռնագագաթը: Այդ պահին նստած մտածում էի, որ երջանիկ են հաղորտեցիները, ամեն օր հնարավորություն ունեն վայելելու այս բնությունը:
Տանն արդեն տարածվել էր անուշաբույր ժենգյալով հացի հոտը: Ցանկացողները կարող էին անմիջական մասնակցություն ունենալ պատրաստմանը: Գայանեն ու մայրը` Ռիման, այնպիսի հմտությամբ էին փաթաթում կանաչին խմորի մեջ, որ միայն նայելն արդեն հաճելի էր:
Հուշեր պատերազմի տարիներից
Սկսեցի հարցուփորձ անել Սիրանույշի հորաքրոջը` Ռիմային, գյուղի անցյալից, պատերազմի տարիներից և այլն:
Ռիմայի ամուսինը գյուղի առաջին զոհն էր: 1991 թվականի հուլիսի 17-ին, ժամը 12-իղ 13-ի սահմաններում սպանվեց հաղորտու միջնակարգ դպրոցի զինղեկ, 33-ամյա Վալերիկ Կարապետյանը: Ճակատագրական այդ օրը նա իր երկու ընկերների հետ ձմռան համար վառելափայտ էր հավաքում Հաղորտու Ափունց բաղի տարածքում: Այն պահին երբ գործընկերները խորացել էին անտառում, Վալերիկ Կարապետյանը ենթարկվում է ավազակային հարձակման: Սպառազեն մարդասպանները, դրսևորելով առանձնակի դաժանություն վայրենաբար խոշտանգում են անմեղ ու անպաշտպան զոհին: Շարունակելով իրենց սադիստական գործողությունները, մարդասպանները հրկիզում են դիակը: Շատ չանցած դեպքի վայրում էին իրավապահ մարմինները: Հարուցվեց քրեական գործ, որը, սակայն անարդյունք վերջաբան ունեցավ: Բոլորը համոզված էին, որ մարդասպանները Ղարադաղլու գյուղից էին: Դեպքի վայրից մինչև Ղարադաղլու 3 կմ է:
Վալերիկ Կարապետյանը ամուսնացած էր, ուներ 3 զավակներ: Չորրորդը` Վալերան ծնվել է հոր մահից 6 ամիս անց: Վալերան չտեսավ սև մորուքով, գանգուր մազերով հորը:
Դեպքի վայրից Վալերիկի դին գյուղ են բերել պատգարակով: Կարելի էր ավտոմեքենայով, Ննգիջանով մոտենալով Ննգի Մարտունի մայրուղուն, սակայն Ղարադաղլուն շրջափակ էր պահում այն: Վրեժխնդրությամբ էին լցված հավաքվածները թուրքերի նկատմամբ: Շատ չուշացավ Ղարադաղլուի կրակակետի վնասազերծումը: Վալերիկի առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցել էր արցախահայությանը: Այն ազդականչ էր համայն հայությանը լինել զգոն, զգաստ, զգույշ, միասնաբար դիմակայելու ազերական դաժան մարտահրավերներին:
Ռիման պատմում է, որ նախքան այս իրադարձությունները ազատամարտիկներ էին եկել գյուղ (Երևանից և այլ տեղերից), որոնք հավաքել էին գյուղացիներին և փորձել են համոզել, որ զենք վերցնեն քանի որ պատերազմն անխուսափելի է, թուրքը հային հենց այնպես չի զիջի հողը: Այդ ժամանակ գյուղը դեռ պատրաստ չէր մարտի: Սակայն այս դաժան սպանությունից հետո թուրքն ինքն իր փոսը փորեց:
Հիմա, Հաղորտի տանող ճանապարհի աջ կողմում երևում են նախկին Ղարադաղլու գյուղի ավերակները, քանդված, վառված այդ երբեմնի թուրքաբնակ գյուղը, որ լինելով ավելի բարենպաստ աշխարհագրական դիրքում ահաբեկում էր հայկական գյուղերը, բայց 20-րդ դարի վերջի հայը դարասկզբի հայը չէր, որին քշեցին սեփական հողից ու կտրեցին բնօրրանից:
Կարդալ նախորդը՝ օր 1
Կարդալ հաջորդը՝ օր 3
Լուսանկարները՝ Բաբկեն Արզումանյանի, Հռիփսիմե Աբրահամյանի և Տիգրան Շահբազյանի