info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արցախի գյուղերով / Մարտունի / Օր 1

Արցախի գյուղերով

Արցախի գյուղերով

Ճանապարհորդության այս տեսակն ընտրել ենք հատուկ գյուղերում շրջելու և բնակչության հետ ծանոթանալու համար, քանի որ որպես տուրիստ չեն շրջում հայրենիքում և Գանձասար ու Ամարաս տեսնելով երբեք չես հասկանա ո՛չ Արցախը, ո՛չ էլ արցախցուն:

Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց էինք ուտում մինչև մեզ միացավ մեր արցախցի լավ ընկեր Սիրանույշը` Արցախուհին: Լինելով Մարտունու շրջանի Սոս գյուղից Արցախուհին էր հրավիրել ծանոթանալու իրենց շրջանին: Ուղևորվում էինք Հաղորտի` Արցախուհու հորաքրոջ տուն, որտեղ էլ պատրաստվում էինք գիշերել:

Սակայն նախքան Հաղորտի հասնելը դեռ պետք է այցելենք Բովուրխանավանք և ՆՆգի:

Բովուրխանավանք

Բովուրխանավանքը (Բողրխանի վանք – ըստ Մակար Բարխուդարյանցի) հիմնված է համանուն սարի հարավ-արևելյան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջում, մի հարթակի վրա:  Ունի շրջապարիսպ: Պարսպի հարավային և արևմտյան կողմում ներքուստ շինված են թաղակապ խուցեր: Վանքի շուրջն անտառապատ է: Վանքի կողքը կա մի փոքրիկ լճակ: Պահպանվում են վանքի փլատակները, խաչքարերը, շրջապատող պարսպի մնացորդները: Նյութական ապացույցները, տեղանքի դիրքը, ջրի առկայությունը վկայում են, որ Բովուրխանի վանքի շրջակա տարածքը միաժամանակ բնակավայր-ամրոց է եղել:

Վանքն ուսումնասիրելուց ու լուսանկարելուց հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Ննգի: Ննգին գտնվում է Խոնաշեն գետի վերին հոսանքի անտառապատ լեռնալանջին: Դիրքը գեղատեսիլ է, գյուղը թաղված է պտղատու այգիների մեջ: Գյուղի հյուսիս-արևմտյան մասը  շրջափակում է Բովուրխան անտառածածկ սարը, որի լանջով անցնող ճանապարհով Ննգի գյուղը կապվում է Ստեփանակերտի հետ:

Ննգի

Ննգին Արցախի առավել հին պատմություն ունեցող բնակավայրերից է: Մինչև 16-րդ դարի սկիզբը ներկայիս հողատարածքում եղել են 12 փոքր բնակավայրեր` Եղծե հողը, Բյարգյուզանը, Արցաղբյուրը, Քոլատակը, Շենիառաջը, Օխն աղբյուրը, Ըլաջու ճուրը, Մկնակերը, Թանակ աղբյուրը, Գոմերի հովիտը, Թառանց տունը և Նիգ շենը: Հետագայում այս բնակավայրերը պաշտպանական նպատակով միավորվել են և ստեղծել մեկ միասնական գյուղ` Ննգի անվամբ:

Այս գյուղում է ծնվել Բոգդան Կնունյանցը, որի արձանն այժմ էլ կանգնած է գյուղի կենտրոնական մասում:

Զրույցի բռնվեցինք պապիկների հետ: Հարցուփորձ արեցի, թե ինչպես է կյանքը գյուղում, կա արդյոք աշխատելու և ապրելու պայմաններ և պապիկը ցավով ասեց, որ ամեն պայման էլ կա. և՛ ջուր և՛ հող և՛ անասուն պահելու պայմաններ, բայց երիտասարդները ձգտում են գնալ ուրիշ երկրներում աշխատանք փնտրելու: Զրույցի ընթացքում մեկ էլ հանկարծ պապիկը վեր թռավ տեղից, կարծես շատ կարևոր մի բան էր մոռացել և շատ աշխույժ կերպով, արագ քայլերով գնաց տուն ու մի տոպրակ պոպոք ձեռքին վերադարձավ:

Շրջեցինք Ննգիում, շատ տներ կային լքված, ինչն ինձ ամենաշատն էր տխրեցնում:

Հասանք Հաղորտի

Երբ հասանք Հաղորտի՝ արևն արդեն մայր էր մտնում : Գյուղը տեղադրված է թփութածածկ լեռնապարի հարավահայաց լանջին: Ունի գեղատեսիլ դիրք, զով կլիմա: Գյուղի շրջակայքում կան պատմական նշանավոր վայրեր: Հնում այս գյուղի բնակատեղին գտնվել է այժմյան բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հյուսիս-արևմուտք: Ներկայիս Հաղորտի գյուղի մոտ եղել է հազարամյա մի չքնաղ թեղու ծառ, որի տակ այժմ աղոթատեղի է: Բնակիչներն այստեղ հավաքվել մատաղ են արել, աղոթել և դրանով կարծես թե հաղորդակցվել աստծո հետ: Այստեղից էլ առաջացել է գյուղի այժմյան անունը (հաղորդի բառը ձևափոխվել դարձել է Հաղորտի): Գյուղում կանգուն է Ս. Աստվածածին եկեղեցին, որն իմ կարծիքով բավականին անշուք տեսք ունի` ներկված վարդագույն ներկով, կտուրի ժեշտից խաչն էլ ծռված ներքև:

Գյուղն ունի խմելու ջրի մեկ աղբյուր: Ճանապարհներն անբարեկարգ են: Սոցիալական զարգացման հարցերը երկար ժամանակ անտեսվել են, սակայն այստեղ ապրում է մի չքնաղ ժողովուրդ: Հաղորտեցիները աշխատասեր են ու ժպտերես, այսպես երկու բառով կնկարագրեմ նրանց:

Գյուղի տարածքում կան թթենու ընդարձակ այգիներ: Անտառները հարուստ են պտուղներով ու հատապտուղներով (մոշ, հոն, տանձ, խնձոր, տկողին և այլն):

Գյուղում մեզ դիմավորեց Գայանեն` Արցախուհու հորաքրոջ աղջիկը: Գայանեն շատ հյուրասեր ու արագաշարժ կին է, այդ 3 օրվա ընթացքում ես նրան չտեսա մի վայրկյան հանգստանալիս, անընդհատ շարժման մեջ էր, տանում-բերում, եփում-թափում: Տանը տեղավորվելուց հետո գնացինք թոնիր: Այնտեղ հավաքված էին կանայք: Պարզվեց սա այդ թաղամասի ընդհանուր թոնրատունն է: Շաբաթվա մեջ մի օր վառում են ու մի քանի հարևաններով թխում շաբաթվա հացը:

Գյուղի հին գերեզմանները

Ծանոթացանք տեղացիների հետ, մեր ձեռքով հաց թխեցինք և որքան էլ տարօրինակ կթվա, բայց մութն ընկնելուն պես գնացինք  զբոսնելու հին հանգստարանում (գերեզմանոցում): Հազիվ կարդացվող քարերի վրա մի քանի 1800-ականների գերեզման նկատեցի, ցավով պետք է նշեմ, որ ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերում այստեղ ևս հին գերեզմաններն անբարեկարգ են, քարերը ժամանակի ընթացքում շեղված, ընկած, խիտ մացառների տակ թաղված: Հին գերեզմանների ընդամենը մի քանիսն էին խնամված, դա միգուցե վկայում է այն մասին, որ այնտեղ թաղվածների ժառանգներն այլևս գյուղում չեն ապրում կամ միգուցե ընդհանրապես լքել են Հայաստանը:

Որտեղ էլ լինեմ՝ ինձ առաջնահերթ հետաքրքրում է գյուղի գերեզմանոցը. այն լուռ վկան է այնտեղ ապրող էթնիկ կազմի: Նայելով գերեզմաններին՝ պատկերացում ես կազմում գյուղի անցյալի և ներկայի մասին:

Խորոված պատրաստելու արարողությունը

Վերադարձանք տուն: Արդեն մութ էր: Սկսվեց խորոված պատրաստելու արարողությունը: Մի քանի հոգի կրակ էին վառում, մի քանիսը՝ միսը հագցնում շամփուրներին: Ասում են՝ խորոված պատրաստելը մի հոգու գործ է, բայց ես դեռ չեմ հիշում այդպիսի դեպք և համոզված եմ այն համն ու հոտն էլ չի ունենա, եթե չլինի ավանդական միահամուռ ուժերով պատրաստումը, եթե չլինեն խորհուրդ տվողը, միսը կրակի վրա պտտողները, ջուր լցնողը, հով անողը, օղի լցնողը, լավաշով միսը քաշողը և այլն: Միահամուռ ուժերով պատրաստեցինք խորովածն ու նստեցինք սեղան:

Սեղանի դասավորվածությանը նայելիս ափսոսում ես օգտվել, որ չփչանա այդ գեղեցիկ, գյուղական կոլորիտով սեղանի տեսքը` ստեղծված գյուղական թարմ մթերքներից ու պահածոներից: Նոր թխած հացի բույրը տարածվել էր ամբողջ տնով: Լցվեցին բաժակները գինով ու թթի օղիով և սկսվեց կենացների շարքը: Կերանք, խմեցինք, երգեցինք և հենց այստեղ էլ ավարտվում է առաջին օրվա նկարագրությունը, քանի որ օղին ու գինին մի կողմից, երկար ճանապարհը մյուս կողմից, մեզ տարավ ննջասենյակներ:

Կարդալ շարունակությունը՝ օր 2, օր 3

Կարդացեք նաև՝