info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արցախ․ Տուրիզմը պատերազմից հետո

Արցախը պատերազմից հետո

Արցախը պատերազմից հետո

Մարտի 6-ին, պատերազմից հետո առաջին անգամ, եռօրյա այց ունեցանք դեպի Արցախ։ Այս ուղևորությունը մեզ համար շատ խորհրդանշական էր և լի հակասական զգացողություններով։ Ռազմական գործողությունների ավարտից հետո շատերը խուսափում էին Արցախ գնալուց, ինչը մեզ անհանգստացնում էր, և այդ պատճառով որոշեցինք անել առաջին քայլն ու արշավային ծրագիր կազմեցինք, որի շրջանակներում այցելեցինք Արցախ և բարձրացանք Կաչաղակաբերդ։

Հանդիպում Արցախի նախագահի հետ

Ստեփանակերտում կյանքը շարունակվում էր իր բնականոն հունով, և դժվար էր պատկերացնել, որ այստեղ ամիսներ առաջ պատերազմ է տեղի ունեցել։ Մեր այցի նպատակն էր տեսնել մեր արցախցի ընկերներին, շփվել տեղացիների հետ, հասկանալ այնտեղի տրամադրությունը պատերազմից հետո և կրկին քայլել Արցախի լեռներում։ Մեզ ողջունելու էր եկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ որպես պատերազմից հետո Հայաստանից Արցախ ուղևորված առաջին տուրիստական խմբի։

Առաջին անգամ Արցախում

Մեր 28 մասնակցից բաղկացած արշավախմբում կային մարդիկ, որոնք առաջին անգամ էին լինում Արցախում։ Նրանցից էր Լենա Զաքարյանը, որի համար այս ուղևորությունը չափազանց հուզիչ էր․ «Ուզում էի տեսնել ամեն ինչ իմ սեփական աչքերով։ Ես մինչ այդ միայն լսել էի հիանալի մարդկանց, նրանց յուրօրինակության և ամենահամեղ ժենգյալով հացի մասին։ Այնտեղի բնությունն ուղղակի հիասքանչ է, ցանկություն էր առաջանում հավերժացնել այն»։

Լենա Զաքարյան

Լենան պատմում է, որ ուղևորությունն իր համար չափազանց հետաքրքիր է անցել․ «Մեզ հետ հանդիպեց հանրապետության նախագահը, որից հետո գնացինք տեսնելու Ստեփանակերտի տեսարժան վայրերը։ Քաղաքը հանգիստ էր ու լի մարդկանցով․ մեկը զբոսնում էր երեխայի հետ, մյուսը պարզապես շտապում էր ինչ-որ տեղ։ Արցախում մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով։ Այդ ամենը տեսնելուց հետո հոգիս մի քիչ հանգստացավ։ Իսկ երեկոն անցավ խարույկի շուրջ լի հետաքրքիր զրույցներով ու զվարճալի պատմություններով։ Առավոտյան սկսեցինք արշավել դեպի Կաչաղակաբերդ, ու կարծում եմ՝ բախտներս բերել էր եղանակի հարցում․ օրվա վերջում անձրև եկավ, որն ուղղակի գույն հաղորդեց անտառին։ Դրանից հետո եղանք Մարտունիում, տեսանք պատերազմի հետևանքներն ու շփվեցինք տեղացիների հետ։ Մեզ ցույց էին տալիս ֆուտբոլի դաշտում ավիահարվածի թողած հետքը, իսկ դրա հարևանությամբ դպրոցում ամենօրյա դասերն էին ընթանում։ Այնտեղ մարդիկ բոլորը շատ ընկերասեր ու սիրալիր էին։ Այս ուղևորությունից շատ տպավորված ու մինչ օրս այդ տպավորությունների ազդեցության տակ եմ»։

Մարտունիում ավիահարվածից վնասված ֆուտբոլի դաշտը

Արցախը պատերազմից հետո

Այնուամենայիվ, խմբի անդամների մեծ մասը մեր ակումբի անդամներն էին, որոնք նախկինում բազմիցս եղել էին Արցախում ու մեզ հետ արշավել էին Արցախի լեռներում։ Նրանց թվին է պատկանում Անի Հարությունյանը, որը նշում է, որ թեև ինքը նախկինում շատ էր եղել Արցախում, այս այցը շատ կարևոր էր իր համար․ «Ցանկանում էի ինքս տեսնել՝ ինչպիսին է հիմա իրավիճակն Արցախում․ մարդկանց էի ուղղակի ուզում տեսնել, շփվել, լսել, հասկանալ ապագայի իրենց հեռանկարները»:

Անի Հարությունյան

Անիի համար այս անգամ զգացողությունները մի փոքր խառն էին․ խիտ ու երբեմն իրար հակասող․ «Ամեն ինչ այլ կերպ էր ընկալվում, որովհետև այլ էր: Ամենատպավորիչ դրվագները մարդկանց հետ զրույցներն էին, ընդհանուր տիրող նույն հոգեվիճակը»:

Արցախի լեռներում բազմիցս արշաված մեր ակումբի մեկ այլ անդամ Աստղիկ Թորոսյանը, որն Արցախը սիրել է բարձրից ու տեսել բազմաթիվ անկյուններից, այս անգամ նույնպես մեզ հետ էր․ «44-օրյա պատերազմից հետո հասցրել եմ խմբի հետ վերջին անգամ լինել Քարվաճառի ու Քաշաթաղի շրջաններում։ Իսկ այս ճանապարհորդությունը ոչ այլ ինչ էր, քան իմ հերթական այցը Արցախ, որտեղ գնալու ցանկությունը ոչինչ դեռ չի կարողացել փոխել կամ խեղաթյուրել։ Գնացել էի, քանի որ պատճառ չունեի չգնալու, շա՜տ կարոտել էի այդ կողմերը, որտեղ ապրած սիրուն օրերի մեծ պաշար ունեմ, ցավոք ցավոտ հիշողությունները նույնպես դեռ թարմ են։ Ու հենց այդ ցավոտը վերափոխելու համար էլ մեզ նոր, սիրուն ու ուժեղ օրեր են պետք, իսկ դրան հասնելու համար դեռ շատ եմ գնալու Արցախ»։

Աստղիկ Թորոսյան

Աստղիկի խոսքով՝ ուղևորությունը կյանքով լի էր, կյանքին բնորոշ ուրախության ու ցավի համադրումներով․ «Երևի մեկը մյուսով է կյանք դառնում»։ Նա Կաչաղակաբերդ երկրորդ անգամ էր բարձրանում։ Ասում է՝ «ճանապարհը հիասքանչ էր», իսկ արշավւ ընթացքում ինքը զգում էր, որ 6 ամսվա ֆիզիկական պասիվությունն իրենն ասում է։

Վերելք դեպի Կաչաղակաբերդ

Անիի գնահատմամբ՝ Կաչաղակաբերդի վերելքը լավագույններից էր․ «Եղանակը հիասքանչ էր, տեսարաններն՝ աննկարագրելի, չնայած որ 3-րդ անգամն էի լինում Կաչաղակաբերդում: Վերելքն այնքան լավն էր, որ կոտրեց նախորդ օրվա ծանրությունը: Ինչ խոսք, առաջին օրվա օդը շատ-շատ ծանր էր, բայց բնությունը բուժելու ու վերականգնելու հատկություն ունի. ուժեղ ես էլի դառնում, կարողանում ես խոսել խնդիրների մասին՝ առանց ավելորդ խանգարող էմոցիաների»:

Արցախը պատերազմից հետո

Լենան, որն առաջին անգամ էր Կաչաղակաբերդ բարձրանում, ասում է՝ ֆիզիկապես այս վերելքը շատ չտարբերվեց իր նախորդ վերելքներից, սակայն էմոցիաներն էին այլ․ «ArmGeo-ի հետ վերելքը բարձր տրամադրության 100 տոկոսանոց երաշխիք է։ Կարելի է ասել, որ արշավը 18 կիլոմետրանոց «լավ տրամադրություն» էր։ Անտառում արդեն գարնանային մթնոլորտ էր, թեև Կաչաղակաբերդի լանջերին ձյուն կար։ Երբ մենք գագաթ հասանք, այնտեղից մեզ համար բացվեցին շքեղ տեսարաններ։ Ինձ հատկապես տպավորեց Կուսանաց լեռը։ Ուզում էի ուղղակի նստել ու նայել հեռվին։ Այնտեղ այնքան խաղաղ էր, ու հեշտ էր շնեչլը» – պատմում է Լենան։

Լենան՝ Կաչաղակաբերդի գագաթին

Անիի համար սա «ամենկարևոր» ուղևորությունն էր, քանի որ Արցախ էր: «Ուղևորությունն այնտեղ, որտեղ խտացված են մարդկային ցավը, կորուստները ու դրանց զուգահեռ՝ ապրելու ու նորը ստեղծելու, նորից ուրախանալու անսահման մեծ ցանկություն ունեցող մարդիկ, միշտ էլ առանձնահատուկ է», – նկատում է Աստղիկը։

Կաչաղակաբերդի գագաթին

Արցախը պատերազմից հետո անվտանգ է

Արշավականները նշում են, որ պետք չէ վախենալ ու խուսափել Արցախ գնալուց։ «Գրեթե բոլոր ծանոթներիս ու ընկերներիս արդեն ասել եմ դրա մասին, միգուցե էլ ավելի հաճախ է պետք կրկնել, որ մարդիկ լինեն տեղեկացված ու իմանան, որ Արցախի ճանապարհներն անվտնագ են: Եթե անվտանգ չլինեին, մենք էլ այս հարց ու պատասխանը դժվար թե անեինք», – ասում է Անին:

Աստղիկն էլ նկատեց, որ եթե ուղևորությունը ճիշտ պլանավորվի, վախենալու ոչինչ չկա։ Իսկ Լենան գտնում է, որ վատագույնն անցյալում է, ու հիմա ոչնչից պետք չէ վախենալ․ «Ինձ մոտ էլ այլ հարց կա․ ինչպե՞ս կարելի է Արցախ չգնալ՝ հատկապես այն ամենից հետո, ինչ այնտեղ տեղի ունեցավ»։

Աղջիկները նշում են, որ Արցախ գնալու ցանկություն միշտ կա ու իրենք բոլորն էլ նախատեսում են կրկին վերադառնալ։

«Ես արդեն իսկ շատ գեղեցիկ լեռներ եմ բաց թողել այնտեղ, որոնք այսօր չեմ կարող բարձրանալ։ Բայց այն, ինչ իմ ու ArmGeo-ի ուժերի սահմաններում է, կարծում եմ՝ առաջիկայում կիրականացնենք։ Կարծում եք՝ ինչո՞ւ եմ տաք քնապարկ գնել», – եզրափակում է Լենան։

Կաչաղակաբերդի գագաթին

Արցախյան այս ուղևորությունը պատերազմից հետո առաջինն էր, որը կլինի մեր շարունակական ու բազմապրոֆիլ ճամփորդությունների սկիզբը։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին