info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Արցախի լեռնաշղթա

Արցախի լեռնաշղթա ՝ գտնվում է Հայկական լեռնաշխարհի հս-արլ. եզրային մասում: Ձգվում է հս-արմ-ից հվ-արլ. ավելի քան 125 կմ՝ Թարթառի հովտից մինչև Մերձարաքսյան հարթավայր: Ամենաբարձրը կենտրոնական ժայռոտ, սրածայր հատվածն է՝ Կուսանաց լեռնաշղթան՝ համանուն գագաթով (2832մ): Արցախի լեռնաշղթան Բադարայից մինչև Լիսագորի լեռնանցք աստիճանաբար ցածրանում է, իսկ Մեծ Քիրս լեռնագագաթի մոտ նորից բարձրանում է, ընդունում հվ-արլ. ուղղություն և աստիճանաբար ցածրանալով՝ ձուլվում Մերձարաքսյան հարթավայրին: Նշանավոր են Մեծ Քիրս (2724մ), Դիզափայտ (2478մ) լեռնագագաթները: Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է՝ կազմված մեզոզոյի  նստվածքային ու նստվածքահրաբխածին ապարներից: Արցախի լեռնաշղթայից դեպի արևելք ճյուղավորվում են Հավքախաղաց, Մրակաց, Կաղարծի, Վարանդայի լեռները, որոնց անհամաչափ լանջերը կտրտված են Թարթառ, Խաչեն, Կարկառ, Վարանդա, Իշխանագետ, Հագարի գետերի հովիտներով: Լիսագորի լեռնանցքով (2080մ) անցնում է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Արցախի լեռներում զարգացած են սողանքային ու կարստային երևույթները, հայտնի է հնադարյան Ազոխի քարանձավը: Կան բազմամետաղային, ոսկու, ծծմբային հրաքարի, երկաթի, կրաքարի, մարմարի պաշարներ: Ըստ բարձրության՝ հերթափոխվում են վերընթաց լանդշաֆտային գոտիները՝ տափաստաններից մինչև մերձալպյան մարգագետիններ, տիրապետողն անտառն է: