Վճռականորեն՝ դեպի Արարատ
Արսեն Համբարձումյանը երեք տարի շարունակ պլանավորում էր բարձրանալ Արարատ, սակայն ամեն տարի առաջանում էին որոշակի խանգարող հանգամանքներ։ Մինչ կանցնենք հարցազրույցին, ասենք միանգամից՝ 2023 թ․ օգոստոսի 22-ին Արսենը մեր ուղեկցությամբ կանգնեց Արարատ լեռան գագաթին՝ իր կյանքը փոխելով 5165-ով։ Իսկ սա պատմություն է կամքի ու վճռականության մասին։
Արարատ՝ անհաս երազանք ու նպատակ
Արարատը չիրականացած երազանքից վերածվեց նպատակի՝ վճռականության գործընթացով։ Սկզբում Արարատի գաղափարը գոյություն ուներ որպես մի ձգտում, որին անչափ ցանկանում էի հասնել: Չնայած գրեթե միշտ ներկա էի լինում Արարատի նախապատրաստական հանդիպումներին ու շատ մոտ լինում նաև վերջնական ամրագրմանը, սակայն միշտ վերջին պահին ինչ-ինչ պատճառներով մտափոխվում էի։
Իմ և Արարատի միջև կար մի մեծ արգելք՝ ժամանակի սղությունը։ Առօրյա կյանքի պարտականությունների և պարտավորությունների հաջորդական շղթան դժվարեցնում էր կենտրոնանալ և բավական ժամանակ հատկացնել Արարատի վերելքի պլանավորմանն ու նախապատրաստմանը։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց, երբ խորապես հասկացա իմ ուժեղ կողմերը, Արարատն ակամա դարձավ հստակ նպատակ։
Փոխակերպող ճանապարհորդություն
Արարատ բարձրանալը ոչ միայն ֆիզիկական մարտահրավեր էր, այլ նաև խորը զգացմունքային և փոխակերպող ճանապարհորդություն: Ամբողջ ընթացքը՝ նախապատրաստվելուց մինչ բուն վերելքը, լցված է պայքարի և կասկածի պահերով, որոնք ստիպում են քեզ անցնել քո իսկ անձնական սահմանները:
Ի զարմանս ինձ, վերելքի մասին պատկերացումներս ու իրականությունն իրար բավականին մոտ էին։ Իհարկե, կային վախեր, որոնք ուղեկցում էին ամբողջ վերելքի ընթացքում, բայց և այնպես, Գևորգի խմբում լինելը, նրա անդադար ոգեշնչանքներն անսահման օգնում էին։ Գևորգն արդեն մի քանի անգամ բարձրացել էր Արարատ և շատ թեթև էր մոտենում վերելքին՝ այդպիսով իր հանգստությունը փոխանցելով ինձ և մյուս մասնակիցներին։
Սիրողական սար բարձրացողի համար հեշտ չէ մի քանի օրում հաղթահարել այդքան բարձրություն։ Չնայած բազմիցս շփվել էի Արարատված՝ Արարատ բարձրացած այլ մարդկանց հետ, և այդ շփումն իր հերթին ինձ տվել էր բավարար վստահություն, միևնույն է, վերելքը բավականին բարդ էր իմ պես չպատրաստված մարդու համար։
Մինչ գագաթ հասնելը գլխումս բախումներ էին․․․
Հստակ հիշում եմ, որ տասնյակ անգամներ մտածել եմ, որ պետք է դադարեցնել ու վերադառնալ ճամբար, բայց ինչ-որ անհասկանալի բան ինձ հետ էր պահում այդ քայլից։
Հիշում եմ, որ զգացմունքներս տեղի տվեցին գագաթից մի քանի մետր առաջ՝ վերջին քայլերի ժամանակ ուրախության և գերլարված էմոցիաների բախումներ էին գլխումս:)
5165 մ և արդեն Արարատի գագաթին ես
Հաղթահարելով 5165 մ բարձրություն, ինձ կբնութագրեի մի բառով՝ Հաղթական։ Իմ կյանքն էլ փոխվեց 5165-ով, իսկ վերելքն իմ մեջ վերահաստատեց կարևոր մի զգացում, որ անհաղթահարելի ոչինչ չկա, հարկավոր է միայն կամք և վճռականություն։
Հասնելով բարձունքին, զգացմունքների հեղեղը պատեց ինձ՝ ձեռքբերումների և ցնծության զգացում ունեի, և վստահ կարող եմ ասել, որ Արարատ բարձրանալը ոչ միայն փոխակերպեց իմ ֆիզիկական «ես»-ը, այլև շոշափեց իմ էության խորքերը:
Արարատից վերադարձա վերափոխված, պատրաստ դիմակայելու, հաղթահարելու և հզորանալու՝ կրելով գագաթի հիշողությունը որպես անձնական հաղթանակի խորհրդանիշ։
Արարատը որպես նոր սկիզբ
Հիմա արդեն ամեն անգամ Արարատին նայելիս միայն ժպիտ է գալիս դեմքիս, որին հաջորդում է նոր և ավելի բարձր լեռներ գնալու ցանկությունը։
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ում համար Արարատը դեռևս երազանք է։
Սկսեք նպատակաուղղված քայլերից։ Սկսեք ձեր երազանքը բաժանել ավելի փոքր, կառավարելի նպատակների, օրինակ իմ դեպքում դա վերելքի հատուկ հագուստի գնումն էր: Ու հիշե՛ք, ձեր կատարած յուրաքանչյուր քայլ, անկախ նրանից, թե որքան փոքր է, ձեզ ավելի է մոտեցնում վերջնական տեսլականին:
Արսեն Համբարձումյան