Արփայի կիրճ
Արփա գետը սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հս-արմ. լանջից՝ մոտ 3260 մ բարձրությունից և ձևավորում է խորը կիրճ, որն էլ հենց կոչվում է Արփայի կիրճ: Գետի երկարությունը 128 կմ է, ջրհավաք ավազանը՝ մոտ 2630 կմ2 (ՀՀ-ում համապատասխանաբար՝ 92 կմ և 2080 կմ2): Գետահովիտը վերին հոսանքում նեղ և խորը կիրճ է, ընդունելով Դարբ վտակը՝ հոսում է Միջին Արփայի գետահովտով, այնուհետև կտրելով Վայքի լեռնաշղթան՝ դուրս է գալիս Շարուրի դաշտ և միանում Արաքսին: Առավել խոշոր վտակներն են Եղեգիսը, Դարբը, Հերհերը, Գնիշիկը, Ելփինը: Սնումը հալոցքային (39%) և ստորերկրյա (43%) է, վարարումը՝ մարտ-հուլիսին, առավելագույնը՝ մայիսին: Վարարումների ժամանակ գետի գրեթե բոլոր վտակները վերածվում են սելավների: Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ագարակաձոր գետի մոտ՝ Արփայի վրա, կանգուն է XIII դ. միակամար կամուրջը: Արփայի ափին են Ջերմուկ առողջավայրը և Մոզ քաղաքի ավերակները:
Գնդեվանք
Վանքը գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք՝ Արփա գետի ձախ ափին: Վանքը կառուցվել է 936 թ-ին Սյունյաց Սոփիա իշխանուհու կողմից: Երբ իշխանուհին առաջին անգամ գնում է Գնդեվանք խոչվող խորաձոր վայրը ճգնավորների մոտ ուխտի, տեղեկանում է, որ այստեղ բաղմաթիվ բժշկություններ են կարտարվում: Նա անմիջապես հրավիրում է լավագույն վարպետների և սկսում վանքի շինարարությունը:
Վանքը ի սկզբանե հիմնադրվել է, որպես ձորի ճգնավորների մենաստան: Գնդեվանքի արևմտյան պատին առկա է Սոփիա իշխանուհու թողած մի արձանագրություն, որում ասվում է. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա և եդի ակն ի վերայ»:
Գնդեվանքի բակում կան բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր: Պահպանվել են մի շարք արձանագրություններ: Կա մի վարկած, որ վանքը իր անունը ստացել է Սուփան Գնդունու անունից, որը եղել է վանքի առաջին ճգնավորներից: