Մենք 5 տարեկան ենք
2017 թ.-ի դեկտեմբերի 22-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ մեր տարվա ամփոփիչ միջոցառումը:
Մենք 5 տարեկան ենք, իսկ դա նշանակում է ավելի քան 350 արշավ Հայաստանում և Հայաստանից դուրս, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանի աշխարհագրությունը և բացահայտել չբացահայտվածը:
Նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը ներկայացրեց նախագծի ստեղծման նախապատմությունը և ամփոփեց 5 տարիների անցած ուղին: Ներկայացվեցին այս տարվա առավել հետաքրքիր և նշանակալի արշավները, որոնց ցանկը գլխավորում էին Սիփան, Արագած և Կուսանաց լեռների վերելքները:
Հաղթահարելով Սիփան լեռան վերելքը
2017-ի օգոստոսի 8-ին իրականացրինք վերելք դեպի Սիփան լեռան գագաթ (4058մ): Վերելքը բավականին բարդ էր, և այն ամենաերկարներից էր ըստ հարաբերական բարձրության՝ 1600 մ: Ստորոտից մինչև գագաթ վերելքը տևեց 9 ժամ: Մեր նախագծի համար սա մեծ ձեռքբերում էր, քանի որ Արևմտյան Հայաստանում ոչ միշտ կարող ես վստահ լինել, որ կհասնես քո նպատակին: Եվ հաջողված վերելքը նշելու կապակցությամբ բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր և փոքրիկ հուշանվերներ:
Ձմեռային վերելք Արագած լեռան Հյուսիսային գագաթ
Միջոցառման ընթացքում հատուկ տեղ էինք հատկացրել ձմեռային Արագածի վերելքին, որն իրականացրել էին մեր ակումբի մասնակիցները: Վերելքը տևել էր 10 ժամ: Այդ ընթացքում տղաները հաղթահարել էին 2000 մետր հարաբերական բարձրություն և նվաճել Արագածի Հյուսիսային գագաթը: Այդ առիթով վերելքի բոլոր մասնակիցները վկայագրեր ստացան Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից:
[/av_textblock]
Միջոցառմանը հրավիրված էին հատուկ հյուրեր
Այս տարվա միջոցառումը նվիրված չէր միայն մեր ձեռքբերումներին: Միջոցառման հատուկ հյուրերն էին. Սամվել Կարապետյանը, ով խոսեց Մեծ Հայքի տարածքում գտնված հուշարձանների մասին, որոնց բացահայտումը կարևոր է եղել հայ մշակույթի և հայագիտության համար, և Անուշավան Բարսեղյանը, ով խոսեց լանդշաֆտի (լեռ, բլուր, լեռնաշղթա, լեռնազանգված) առանձնահատկությունների մասին: Նրանց նույնպես շնորհվեցին շնորհակալագրեր արշավային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
Տարվա բացահայտումը
Այս տարին մեր նախագծի համար բացահայտումներով լի էր, սակայն ամենագլխավոր բացահայտումը տեղի ունեցավ Սեպտեմբերի 17-ին, երբ մեր թիմը որոշեց բարձրանալ Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Կուսանաց լեռը: Արշավից հետո մենք այն ներառեցինք Հայաստանի ամենագեղեցիկ լեռների հնգյակի մեջ, որն էլ գլխավորեց այն:
Տեսանյութը դիտեք ստորև`
Միջոցառումից հետո հնչեցին շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ, սակայն մեզ համար նվաճված բարձրունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով, ովքեր իրենց վստահությամբ մեզ ստիպում են ձգտել ավելիին և մշտապես կատարելագործվել:
Նյութը՝ Հրաչուհի Այվազյանի
Լուսանկարները՝ Աղասի Մարտիրոսյանի և Սասուն Դանիելյանի
Արշավներ Հայաստանում
Մեր նախորդ միջոցառումներին կարող եք ծանոթանալ ստորև