2015 թ.-ի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «ArmGeo» աշխարհագրական նախագծի տոնական միջոցառումը: Մենք 3 տարեկան ենք: Լուսանկարների և տեսանյութերի միջոցով ամփոփեցինք անցնող տարին: Հանձնեցինք շնորհակալագրեր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր նախագծի կայացման ճանապարհին: Այս տարիների ընթացքում մենք Հայաստանում կազմակերպել ենք ավելի քան 160 արշավ: Նյութերի ծավալը ահռելի էր, բայց առանձնացրել էինք, ըստ մեզ, ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները:
Միջոցառման հյուրն էր Հայաստանի լեռնային տուրիզմի և ալպինիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը: Նա նշեց, որ ֆեդերացիայում պարբերաբար կազմակերպվող դասընթացների մասնակիցների 54 %-ը «ArmGeo»-ի արշավականներն են: Երեկոյի ընթացքում ավարտական հավաստագրեր տրվեցին վերոնշյալ դասընթացներն անցած 19-րդ խմբին:
Մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են
Միջոցառումից հետո հնչեցին շատ գովեստներ, շնորհակալական խոսքեր և շնորհավորանքներ, սակայն մեզ համար նվաճված բարձունքներից առավել կարևոր ձեռքբերում են այն մարդիկ, ովքեր մեր կողքին են, հավատում են մեզ և պատրաստ են մեզ հետ անցնել լեռնային դժվարությունների և հաղթանակների միջով, ովքեր իրենց վստահությամբ մեզ ստիպում են ձգտել ավելիին և մշտապես կատարելագործվել: