Սկսելով նկարագրել լեռնաշխարհի դիրքն ու սահմանները նախ նշենք թե ինչ է իրենից ներկայացնում լեռնաշխարհ տերմինը։
Լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական հասկացություն է։ Այն լեռնաշղթաների, լեռնազանգվածների, սարահարթերի և միջլեռնային գոգավորությունների համադրություն է, որոնք միասնորեն ունեն ծովի մակարդակից ընդհանուր բարձր տեղադրություն:
Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Թետիս օվկիանոսը զբաղեցնում էր Գոնդվանա և Լավրասիա մայրցամաքների միջև ընկած տարածքը։ Այս մայրցամաքներից հողմահարված, տեղատարված նյութերը միլիոնավոր տարիների ընթացքում նստել են Թետիս օվկիանոսի հատակին, առաջացնելով նստվածքների հզոր համալիր։ Երկրաբանական պրոցեսների արդյունքում Թետիս օվկիանոսի տարածքում ձևավորվել է Ալպ-Հիմալայան գեոսինկլինալային գոտին: Գոնդվանայից պոկված Արաբա-Սիրիական խոշոր բեկորը շարժվելով հյուսիս ճզմել է Թետիսի գեոսինկլինալին՝ առաջացնելով «լեռնային կղզի»։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։
Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։
Հրաբուխներն ու երկրաշարժերը
Լեռնաշխարհը հրաբխային առաջացումների մի ընդարձակ տարածք է եզրավորված ծալքաբեկորավոր լեռներով։ Այն աշխարհում հրաբխականության վառ արտահայտություններ ունեցող տարածաշրջաններից է։ Ռելիեֆի ձևերը հատկապես ցայտուն են արտահայտված Միջնաշխարհի տարածքում։ Ծայրամասային լեռնաշղթաները հանդիսանում են բնական պատնեշ օդային զանգվածների ներթափանցման ճանապարհին։ Այդ իսկ պատճառով էլ տեղումների մեծ մասը թափվում է լեռնաշղթաների հողմահայաց լանջերին։ Դա է պատճառը, որ եզրային լեռները խոնավ են, իսկ ներքին շրջաններն աչքի են ընկնում կլիմայի ցամաքայնությամբ և չորությամբ։
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան երկրաշարժաակտիվ գոտում։ Երկրաշարժի ուժգնությունը կարող է հասնել 11 բալի։ Ամենասեյսմոակտիվ շրջաններն են՝ Երզնկայի, Արարատյան ու Շիրակի դաշտերը։ Սեյսմոակտիվ են նաև Վայոց Ձորի, Ջավախքի, Զանգեզուրի տարածաշրջանները։
Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարունակվում են: Դրա վկայությունն են Սարակն ու Թոնդրակ գործող հրաբուխները:
Լեռնաշխարհը ջրաբաշխ է։ Ջրային ցանցը պատկանում է Սև և Միջերկրական ծովերի, Կասպից լճի և Պարսից ծոցի ավազաններին։ Որպես լեռնային երկիր հարուստ է ստորերկրյա ջրերով, որոնք հիմնականում առաջանում են մթնոլորտային տեղումների ներծծման միջոցով։
Հայկական լեռնաշխարհի տարածքն ու սահմանները
Լեռնաշխարհի սահմանները տարբեր երկրաբաններ ու աշխարհագրագետներ տարբեր կերպ են նշել։
Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի ծայրակետի աշխարհագրական սահմաններն են
Հյուսիսում՝ նրա սահմանը Եշըլիրմակի գետաբերանից Սև ծովի ափագծով ձգվում է մինչև Ճորոխի գետաբերան, ապա լեռնաշխարհը եզրավորող ծալքաբեկորավոր լեռների հյուսիսային և հյուսիս-արևելյան ստորոտներով շարունակվելով դեպի արևելք, հպվում է Կասպից ծովին:
Արևելքում՝ Կասպիական ծովափով ձգվում է մինչև Սեֆիդռուդի գետաբերանը, հետո այդ գետահովտով (90-60 մ լայնության շերտով) ձգվելով հասնում է Կզըլուզեն գետի ակունքը ու բարձրանում է Արմածին լեռնագագաթը (3173 մ):
Հարավում՝ սահմանագիծը անցնում է Միջագետքի հարթավայրի հյուսիսային եզրով, որտեղով անցնում է Արաբական և Եվրասիական քարոլորտային սալերի առճակատման գիծը, ու կտրելով Եփրատը միանում է Լևանտինյան բեկվածքագծին (Պազարճիկի գոգավորությունում)
Արևմուտքում՝ Մարաշի գոգահովտով, ապա Զահան գետով շարունակվում է հոսանքով վեր, հյուսիսիսց շրջանցում Բինբողա և Կիլիկյան Տավրոս լեռնաշղթաները, հետո Կըզըլըրմակի հովտով ձգվում Սվազի գոգհովիտ: Այնուհետև անցնելով լեռնանցքային անջրպետը, մտնում է Եշիլիրմակի հովիտ ու այդ գետով ընթանում մինչև Սև ծով:
Ըստ Գ.Թ. Շիրինյանի ֆիզիկաաշխարհագրական համալիր մեթոդի և մաթեմատիկական մոդելավորման մեթոդների համադրմամբ ստացված դիտարկման Հայկական լեռնաշխարհի տարածքը կազմում է 512 000 ք․կմ։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: