Հայկական Խոհանոց
Ազգային խոհանոցը մշակույթը բնութագրող ամենագունեղ տարրն է: Ժողովուրդի կենցաղավարման բոլոր ավանդույթները, ինչպես նաև բնաշխարհի բոլոր բարիքները մեկտեղվում են ազգային խոհանոցում:
Շատ կերակուրների պատրաստման եղանակներ գրեթե չեն փոխվել, և մինչ այժմ սերունդներին են փոխանցվում խոհանոցի բոլոր գաղտնիքները: Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացված իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Բազմաթիվ միատարր խոհանոցների կողքին հայկական խոհանոցը միշտ առանձնացել է իր համի և ձևի նուրբ արվեստով:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները
Հայկական խոհանոցի առանձնահատկությունները թվելիս պետք է առանձնացնենք այն հանգամանքը, որ հայկական մշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության աստված՝ Վանատուրը:
Հայկական մշակույթում սեղանը կարող էր իր շուրջը հավաքել ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև տարբեր մշակույթի և սովորույթների կրողներին:
Հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղը և հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրում երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև ուտելի բույսերի առատությամբ: Հայկական լեռներում կարող ենք գտնել բազմաթիվ ուտելի բույսեր: Պատմագիտական նյութերի համաձայն հայերը հնուց ի վեր մեծ քանակությամբ բույսեր են օգտագործել կենցաղում: Հաշվվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Հայկական Խոհանոց ասելով առաջին հերթին պպատկերացնում ենք տոլման, խաշը, հարիսան, գաթան և այլն բայց այս ամենը զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Տոլմա
«Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է «խաղողի տերև»: Հնագույն բաղադրատոմսերը վկայում են, որ սկզբում այն փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում օգտագործվել են նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարջի տերևներ: Տոլմայի առաջին բաղադրատոմսը թվագրվում է 8րդ դար: Տոլմայի բազմաթիվ տարատեսակներ են առանձնացվում: Դրանցից մեկն է Պասուց տոլման, որը պատրաստվում է միմիայն հատիկեղենից: Հնում պասուց տոլման պատրաստել են գարնանամուտին, ինչը խորհրդանշում էր երկրագործական տարվա սկիզբը:
2011 թվականից ամեն տարի Հայաստանում անց է կացվում ավանդական տոլմայի փառատոնը, որի հիմնական նպատակը ազգային արժեքների պահպանումն է: Փառատոնի ժամանակ ներկայացվում են տոլմայի ավելի քան 60 տեսակներ, ինչպես նաև փառատոնի ժամանակ է հենց պատրաստվում ամենաերկար տոլման:
Խաշ
Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Խաշ ուտելու ավանդույթները գալիս են դեռևս հեթանոսական ժամանակներից, սակայն դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել: Կերակրի անվանումը առաջացել է «խաշել» կամ «խարշ» բառերից, որոնց հնչյունափոխության արդյունքում ստացվել է խաշ բառը: Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդենրի խաշը իսկզբանե աղքատների կերակուր է համարվել: Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիքը աղքատներին բաժին հանել: Դե իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպիսզի ոչ ոք չտեսնի:
Գաթա
Գաթան իր առանձնահատուկ տեղն է զբաղեցրել գրեթե բոլոր տոնական և ծիսական սեղաններին: Ըստ ազգագրագետների հնում գաթայի վրա հատուկ խորհրդանշաններ են պատկերել, հաճախ նաև խաչեր, որպիսզի ընտանիքը պաշտպանեին չար աչքից: Նրանց պնդմամբ գաթան խորհրդանշում է նաև ընտանիքի ամրությունը, և իզուր չէ որ հարսանիքների ժամանակ հենց գաթա են պարեցնում նորապսակների գլխավերևում:
Գաթան նաև Ամանորի սեղանի ամենակարևոր բաղադրիչն էր հանդիսանում, որի մեջ թաքցնում էին կոպեկը կամ դովլաթը: Այն սովորաբար կտրում էին տան ամենափոքր անդամի մեջքին դնելով: Այն անդամը ում բաժին էր ընկնում կոպեկը համարվում էր տարվա հաջողակը:
Ղափամա
Ղափաման հայկական ավանդական ծիսական կերակրատեսակ է: Ի սկզբանե այն մատուցել են հարսանիքների ժամանակ, որպիսզի նորապսակների կյանքը լինի նույնքան քաղցր, հարուստ և գունեղ:
Ղափաման ունի նաև հատուկ խորհուրդ: Ըստ լեգենդի դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը՝ մարդկությունը, իսկ չրերն ու ընկուզեղենը խորհրդանշում են տարբեր ազգության և հավատքի մարդկանց: Ըստ հին հավատալիքի Ղափաման պատրասվել է որպիսզի աշխարհում խաղաղություն և բարություն լինի:
Հարիսա
Հարիսայի արմատները շատ հին են, հնում այն անվանել են նաև խաշիկա: Հարիսան դասվում է զորաց ուտելիքների շարքին: Հնում հարիսայի պատրաստումը ընդունված է եղել որպես զոհամատուցման արարողություն: Այն մի ամբողջ գիշեր եփում էին թոնրի մարմանդ կրակի վրա, որպիսզի առավոտյան մատուցեին: Ամանորին պատրաստվող հարիսան տարբերվում էր ամբողջ տարվա ընթացքում պատրաստվող հարիսայից, որովհետև այն ընդհանրապես չէին խառնում, որպիսզի տարին հաշտ ու խաղաղ անցներ:
Հարիսան նույնպես ունի բազմաթիվ տարատեսակներ: Պահքի շրջանում հարիսա պատրաստել են նաև վայրի ուտելի բույսերից կամ ընդեղենից:
Խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են երկրին և ժողովրդին: Հայերենում հենց այնպես չէ ընտրված խոհանոց բառը, այսինքն մի վայր որտեղ խորհում են: Իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է: Իզուր չէ ասված, որ մենք այն ենք ինչ ուտում ենք:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: