info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական տուֆ

հայկական տուֆ

հայկական տուֆ

Հայ ժողովրդի բանահյուսությունն ու պատմությունը վկայում են, որ հայերն արարող և ստեղծող են: Իզուր չէ հայերի մասին ասվում՝ «Քարից հաց քամող»: Հնուց ի վեր հայերը, որտեղ ոտք են դրել, այնտեղ պատ են շարել, տուն կառուցել: Նույնիսկ բարձր լեռներն ու ժայռերը չեն խանգարել հայերին ամուր բերդեր և ամրոցներ կառուցել:  Չնայած որ քարն ինքնին չի կարող համարվել ազգային արժեք, բայց այնուամենայնիվ քարի որոշ տեսակներ կարող են համարվել ազգային՝ շնորհիվ իրենց ծագումնաբանության և Հայկական լեռնաշխարհում առկայության ծավալների: Հայկական մշակույթում այդպիսին է հայկական տուֆ քարատեսակը: Հայկական տուֆն այն քարն էր, որով կառուցվում էին բացառապես ամեն բան՝ գյուղատնտեսական շինություններից մինչև հոգևոր շինություններ և ամրոցներ:

Հայկական տուֆի առանձնահատկությունները

Դարեր առաջ արդեն հայերը համոզել էին, որ տուֆն ավելի ամուր քարատեսակ է, քան աղյուսը: Ավելի ուշ արդեն պարզ դարձավ, որ այս քարատեսակը նաև միատարր է և նրանից հնարավոր է հարթ և հավասար ուղղանկյուն կտորներ ստանալ:

Տուֆն առաջանում է հրաբխային ժայթքման արդյունքում գոյացած մոխիրի և պեմզային թրծման արդյունքում: Հենց դրանով էլ պայմանավորված է տուֆի գլխավոր առավելությունը՝ թեթև քաշը, փխրությունն ու բազմաթիվ գունային երանգները: Սա հնարավորություն էր տալիս ապահովելու շենքերի գեղեցիկ և քանդակազարդ արտաքին տեսքը:

Հայկական տուֆ / լուսանկարը՝ evnmag.com-ի

Տուֆը կտրելու համար անհրաժեշտ չէին մեքենաներ և ժամանակակից սարքավորումներ: Միայն կացինը և սղոցը բավարար էին, որպեսզի ստանային հավասար քարի կտորներ:

Տուֆն ունի նաև շնչելու հատկություն: Քարի ծակոտիները հնարավորություն են տալիս ձմռանը շենքի ներսում պահպանել 0-ից բարձր ջերմաստիճան, իսկ ամռանը խուսափել դրսի շոգից: Եվ այսպիսով, տուֆից պատրաստված շենքերը ապահովված են լինում բնական օդափոխությամբ:

Հնում մարդիկ կարծում էին, որ տուֆն այդքան էլ ամուր քարատեսակ չէ: Եվ որպեսզի ավելի ամրացնեին տուֆից պատրաստված շինությունները, դրանք օծել են յուղով, իսկ այնուհետև ներկել որդան կարմիրով: Եվ միգուցե հենց այս ամենի շնորհիվ է, որ մի շարք շինություններ մինչ օրս կանգուն են մնացել:

Տուֆի տեսակները

Հայկական լեռնաշխարհը հանդիսանում է տուֆի մի ամբողջ հանքավայր: Այն աչքի է ընկնում ոչ միայն տուֆի առատությամբ, այլ նաև գունային բազմազանությամբ: Կարելի է հանդիպել վարդագույնից մինչև մուգ հրաբխագույնի երանգները: Տուֆի 28 երանգներից Հայաստանում տարածված են մանուշակագույնը, կարմիրը, նարնջագույնը, շագանակագույնը, վարդագույնը և սևը:

Հայկական տուֆը բաժանվում է 5 հիմնական տեսակների՝

Հայկական տուֆ / լուսանկարը՝ evnmag.com-ի

Գիտնականների պնդմամբ տուֆի գույների տարբերությունները կապված են լավայի հոսքի արագության, դրա ավարտի վայրի և օքսիդացման հետ: Վարդագույն տուֆը՝ այսպես կոչված զոդված տուֆն է, որն առաջանում է պիրոկլատիկ հոսքերի վերին շերտերից, որոնք և տարածված են Հայաստանի տարածքում: Վարդագույնը հենց տուֆի իսկական օքսիդացման գույնն է, որը ձևավորվում է անմիջապես պրիոկլատիկ հոսքերի սառեցումից հետո:

Հայաստանում տուֆի ամենամեծ հանքավայրերից մեկը գտնվում է Արթիկ քաղաքում: Հենց այստեղ էլ մշակվում է բոլորին հայտնի վարդագույն տուֆը: Արթիկից տուֆը արտահանվում է բազմաթիվ երկրներ:

Վարդագույն տուֆի քաղաքը

Երևանի ճարտարապետության գլխավոր առանձնահատկությունը տուֆն է: Հենց իր վարդագույն համայնապատկերի համար էլ Երևանը կոչվել է վարդագույն քաղաք: Քաղաքն իր ամենավառ գունավորումը ստանում է արևածագի և արևամուտի ժամերին և օրվա ընթացքում փոխում է իր գույնը՝ կախված թե որտեղ է գտնվում արևը: Սա էլ հենց Թամանյանի երազանքն էր՝ կառուցել արևի քաղաք:

Հայկական տուֆ / Վարդագույն Երևանը

Դեռ դարեր առաջ Արգիշտի արքան հրամայել էր Էրեբունի մայրաքաղաքը կառուցել սև տուֆից, քանի որ սև տուֆի հանքը գտնվում էր հենց կառուցվող քաղաքում: Էրեբունի մայրաքաղաքից մինչև Երևան տուֆը չի փոփոխվել և չի կորցրել իր արժեքը: Եվ դարեր անց Թամանյանը, հետևելով հայկական ճարտարապետության ավանդույթներին, որոշեց, որ Հայաստանի նոր մայրաքաղաքը պետք է կառուցվի վարդագույն և սև տուֆից:

Սև տուֆի քաղաքը 

Այնպես ինչպես Երևանը կոչվում է վարդագույն քաղաք, վարդագույն տուֆից կառուցված լինելու պատճառով, այնպես էլ Գյումրին կոչվում է «Սև տուֆի քաղաք»: Գյումրու քաղաքաշինության մեջ մեծապես օգտագործվել է սև տուֆը: Քաղաքի ճարտարապետության մեջ օգտագործված է մի յուրահատուկ մեթոդ, որը կոչվում է ադամանդի էֆեկտ: Այն ստեղծվում է պատերի վրա կարմիր և սև տուֆի համադրումից: 1860-80 թվականներին քաղաքաշինության մեջ օգտագործում էին հիմնականում կարմիր և սև տուֆի տեսակները, որն այդ ժամանկ կոչվում էր «Ալեքսանդրապոլյան ոճ»: Իսկ արդեն 1880 թվականից սկսած սև տուֆը դարձավ գերակշռողը քաղաքի ճարտարապետության մեջ:

Հայկական տուֆ / սև տուֆի քաղաք Գյումրին

Գյումրիում սև տուֆից կառուցված նշանակալի կառույցներից է Սև Բերդը, որն իր անվանումը ստացել է հենց սև տուֆից պատրաստված լինելու պատճառով: Սև բերդն ի սկզբանե եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց և ծառայել, որպես զինվորների բանտ:

Այժմ բերդը հանդիսանում է Գյումրու կարևոր ճարտարապետական արժեք ներկայացնող կառույց:

Տուֆից պատրաստված զարդեր 

Ընդունված է, որ ոսկին և արծաթը զարդի են վերածվում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի համադրությամբ: Սակայն վերջին տարիներին սկսել են պատրաստվել զարդեր արծաթի և Հայկական լեռնաշխարհում ամենատարածված քարի՝ տուֆի համադրությամբ: Բայց սրանից զարդերի արժեքը չի նվազում, քանի որ տուֆից զարդեր պատրաստելը բավականին բարդ և աշխատատար գործընթաց է: Վարպետից մեծ ջանքեր են պահանջվում մեծ տուֆի կտորներից փոքրիկ և հավասար քարակտորներ ստանալու համար: Եվ այս երկար աշխատանքի արդյունքում էլ ստացվում են այդքան յուրօրինակ զարդերը, որոնցում օգտագործվում է Հայաստանի, կարելի է ասել, ամենաազգային քարը՝ տուֆը:

Տուֆից պատրաստված զարդերը կարելի է ձեռք բերել «Զնդան»-ից:

Հայկական տուֆը զարդերում / լուսանկարը «Զնդան»-ի ֆեյսբուքյան էջից

Տուֆը և խաչքարերը 

Հայերի կյանքում տուֆը չի օգտագործվել միայն քաղաքաշինության մեջ: Այն մեծ քանակությամբ օգտագործվել է նաև եկեղեցաշինության մեջ: Հայաստանի վանքերն ու վանական համալիրները մեծամասամբ կառուցված են տուֆից: Տուֆը նաև ամենահարմար հումքն է ծառայում հայկական խաչքարերի կերտման համար, քանի որ տուֆը շատ հարմար էր տարբեր տեսակի քանդակների և զարդանախշերի համար: Քարի փխրունությունն ու թեթևությունը հեշտացնում է քարի վրա բազմաթիվ մանր զարդանախշեր փորագրելու գործընթացը: Ինչպես նաև, հայկական տուֆի օգտագործումը խաչքարերի պատրաստման մեջ՝ ավելի է կարևորում դրանք ազգային արժեքների համատեքստում։

Հայկական խաչքար / հեղինակներ՝ Արսեն Փանոսյան, Արթուր Պարույրյան և Պարույր Պարույրյան

Գուցե դարեր առաջ, տուֆի օգտագործումը քաղաքաշինության և այլ շինարարական նպատակներով պայմանավորված էր տարածաշրջանում դրա առատության, թեթևության և պրակտիկության հետ: Սակայն այժմ հայկական մշակույթում տուֆը շատ ավելին է, քան պարզապես հարմար և պրակտիկ քարատեսակ: Տուֆն այժմ համարվում է ազգային յուրահատուկ արժեք, որից միշտ կարելի է զգալ հարազատ ու ջերմ քաղաքի բույրը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին