info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական նահապետական ընտանիքը

Նահապետական ընտանիք / լուսանկարը՝ Սևադա Գրիգորյանի

Նահապետական ընտանիք / լուսանկարը՝ Սևադա Գրիգորյանի

«Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է»: 

Հատված Գևորգ Մարզպետունի պատմավեպից

Մինչ նահապետական ընտանիքի մասին խոսելը եկեք հասկանանք, թե ինչ ասել է նահապետական ընտանիք: Հայերի նահապետը և օրինակելի կերպարը Հայկ Նահապետն էր, ով իր մեջ ամփոփում էր հայկական ընտանիքի նահապետի հավաքական կերպարը: Նա էր, որ շրջապատված էր իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով: Հայկը նահապետին հատուկ սեր էր տածում իր նախնիների նկատմանբ՝ պահպանելով նրանց ավանդած արժեքները: Նրա ազգատոհմը շարունակվում էր մեկ այր և մեկ կին սկզբունքով, և ամուր էր պահպանվում սերունդների միջև կապը:

Նահապետական ընտանիք / Հայկ Նահապետ

Նահապետական ընտանիքներում սերունդները հետևում էին իրենց նահապետների սահմանած օրենքներին, որոնք էլ պարտավոր էին փոխանցել դրանք իրենց սերունդներին:

Նահապետական ընտանիքն իր մեջ ընդգրկում էր մոտավորապես 4-5 սերունդ: Այն ընդգրկում էր մեկ հոր զավակների մի քանի սերունդ՝ իրենց կանանցով, որոնք բոլորն ապրում էին մեկ հարկի տակ:

Գերդաստանի նահապետը

Գերդաստանի գլուխը կամ նահապետը ընտանիքի ավագ տղամարդն էր: Եվ հենց նա էր, որ տնօրինում էր ոչ միայն ընտանիքի ունեցվածքը, այլ նաև ընտանիքի անդամների ճակատագրերը: Նահապետի իրավունքներն անսահմանափակ էին: Նահապետը որոշ տեղերում կոչվում էր նաև տանուտեր:

Գերդաստանի բոլոր անդամները պարտավոր էին իրենց բոլոր արարքների համար հաշիվ տալ նահապետին, սակայն ինքը՝ նահապետը, հաշվետու չէր ոչ ոքի առաջ: Իսկ գերդաստանի խնդիրները և հարցերը լուծելու համար նահապետը խորհրդակցում էր այլ տարեց տղամարդկանց հետ: Ճաշելիս նահապետը միշտ նստում էր սեղանի գլխին, և առանց նահապետի ոչ ոք իրավունք չուներ սեղանի շուրջ նստել:

Նահապետական ընտանիք / լուսանկարը՝ hushardzan.org

Երբ նահապետական ընտանիքում տարաձայնություններ կամ առանձնացման հարց էր առաջանում, տան նահապետը հավաքում էր տղամարդկանց և ասում. «Ջուրը, որ նեխում է, պետք է բաց թողնես, ով որ պետք է բաժանվի՝ թող բաժանվի»: Սակայն բաժանվողներն ու առանձնացողները նույնպես հեռու չէին գնում և հաճախ հաստատվում էին նույն թաղում կամ գյուղում:

Երբ նահապետը մահանում էր, նրա պարտականություններն ու իրավունքները ստանձնում էր ավագ որդին՝ այդպիսով դառնալով գերդաստանի նոր նահապետը:

Դերաբաժանումը նահապետական ընտանիքներում

Նահապետական ընտանիքներում գործում էր աշխատանքի սեռատարիքային բաժանում: Նահապետական շրջանում տան կուտակված  գումարն ու ունեցվածքը պահպանվում էր նահապետի կնոջ մոտ, նրա ձեռքում էր գտնվում նաև տան մառանի բանալիները:

Ընտանիքի յուրաքանչյուր տղամարդ ուներ իրեն վստահված աշխատանքը: Տնտեսության հիմնական ճյուղերը` երկրագործությունն ու անասնապահությունը, վարում էին տղամարդիկ, իսկ կանանց պարտավորությունների մեջ մտնում էին տնային տնտեսության վարումը, գյուղատնտեսական հումքի մշակումը, տեսակավորումը, պահեստավորումը. այստեղից էլ` «Տղամարդը դրսի պատ է, կինը` ներսի» ասացվածքը:

Նահապետական ընտանիքի առօրյան / լուսանկարը՝ hushardzan.org

Իսկ տան ներքին աշխատանքները նահապետի կինը բաժանում էր իր հարսների միջև: Հաց թխելն ու ճաշ եփելը վստահվում էր ավագ հարսներին: Սակայն բոլորն էլ պետք է մասնակցեին թել մանելու և գործելու աշխատանքներին: Երեխաները նույնպես ունեին իրենց համար նախատեսված աշխատանքը, որը նրանց պատրաստում էր հետագա կյանքին:

Ճաշը նահապետական ընտանիքներում մի մեծ ծիսակարգ էր: Նախ ճաշի էին նստում տղամարդիկ, իսկ այնուհետև կանայք երեխաների հետ:

Կինը նահապետական ընտանիքներում

Նահապետից հետո ընտանիքում երկրորդ մարդը, նահապետի օգնականն ու ընտանիքում նրա բարձր հեղինակությունը պահողն իր կինն էր: Կնոջ կարևորագույն պարտականությունը տան կրակն անշեջ պահելն էր: Կնոջ մահն անգամ շատ հաճախ համեմատվում էր օջախի կրակը մարելու հետ:

Ըստ Խրիմյան Հայրիկի՝ տան շենությունը կախված էր կնոջից և հաճախ տունն ու կինը նույնացվում էին: «Տուն ունի՞ս» կամ «տուն առե՞լ իս» արտահայտությունները կապված էին կին ունենալու հետ:

Ընտանիքի մեծ կինը / լուսանկարը՝ «Կէան» մշակութային կենտրոնի

Կնոջ գլխավոր դերը մայրությունն էր և երեխաների դաստիարակությունը: Հղի կինը և մայրը բոլոր ժամանակաշրջաններում եղել են պաշտամունքի առարկա: Նահապետի կնոջ պարտքն էր հարսներին և թոռներին սովորեցնել ինչպես իրենց գերդաստանի ավանդույթներն ու պատմությունը, այնպես էլ ազգային մշակույթը, ծեսերը և ավանդույթները: Եվ այսպիսով, կինն ընտանիքում համարվում էր նաև էթնիկ ինքնագիտակցության սերմանողն ու տարածողը: Թեև նահապետի կնոջ իշխանությունը տարածվում էր հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների և երեխաների վրա, սակայն նա հարգված էր ընտանիքի բոլոր անդամների կողմից: Հենց նա էր հանդիսանում նահապետի խորհրդականն ու տան անդորրը հսկողը:

Նահապետական ընտանիք / լավաշ թխելու արարողությունը

Հնում հայ թագուհիներն ու իշխանուհիներն իրավունք ունեին առանց իրենց ամուսինների իմացության հրամաններ արձակել, բռնել կամ բաց թողնել գերիներին, ճաշկերույթներ կազմակերպել և մասնակցել արքունական ժողովներին:

Ամուսնությունները գերդաստանների միջև

Երիտասարդների միջև ամուսնությունները որոշում էին գերդաստանի անդամները, և շատ ժամանկ ամուսնությունները ոչ այլ ինչ էին, քան գերդաստանների միջև կնքվող համաձայնություններ: Երկու գերդաստանները որոշում էին ամուսնացնել իրենց զավակներին մի քանի պատճառով՝ հարմար էր, հարուստ էր, գլխագինը մեծ էր կամ օժիտն էր լավը: Շատ հաճախ երիտասարդները միմյանց հանդիպում էին միայն ամուսնության օրը: Ընտանիքի ավագ կանայք, տղայի մոր հետ միասին գնում էին աղջկատեսի: Եթե աղջկա ծնողները նույնպես համաձայն էին, նրանք թույլ էին տալիս իրենց աղջկան զննել: Աղջկան ստուգելու համար նրան թել ու ասեղ էին տալիս, որպեսզի թելեր: Սրա միջոցով նրանք ստուգում էին աղջկա տեսողությունը: Իսկ լսողությունը ստուգելու համար շատ ցածր ձայնով հարց էին տալիս:

Ավանդական հարսանիք / լուսանկարը՝ mshk.am

Աղջկան հավանելուց հետո տղայի մայրը համբուրում էր աղջկա այտը և մի ոսկե դրամ դնում աղջկա ափի մեջ: իսկ եթե չէին հավանում, ապա առանց հյուրասիրվելու հեռանում էին աղջկա տանից:

Շատ տարածված էր նաև օրորոցային նշանդրեքները կամ, այսպես կոչված, օրօրոցախազը: Նորածին աղջկա օրորոցի վրա տղայի ծնողները խազ էին անում, որը նշան էր հանդիսանում, որ աղջիկը ապագայում պետք է ամուսնանար իրենց տղայի հետ: Այսպիսի նշանադրությունները պայմանավորված էին գերդաստանների միջև բարեկամություն հաստատելու ձգտումով:

Սակայն չէին խրախուսվում ամուսնությունները գյուղաբնակների և քաղաքաբնակների միջև: Գյուղի աղջիկը կարող էր քաղաք հարս գալ միայն եթե շատ գեղեցիկ էր կամ շատ հարուստ:

Տոհմածառ

Տոհմածառը սերունդների համար հանդիսացել է իրենց գերդաստանի պատմության վկայությունը: Տոհմածառում նշվում էին գերդաստանի միայն արական սեռի ներկայացուցիչների անունները: Քանի որ արու զավակներն էին, որ շարունակում էին տոհմածառի ճյուղերը: Աղջիկները համարվում էին ուրիշի տան ճրագը և օջախը շենացնողը:

Նահապետական ընտանիք / Թումանյանը իր ընտանիքի հետ

Եվ նոր ամուսնացած տղամարդու նպատակն ու պարտականությունը հենց իր տոհմածառի ճյուղերն ավելացնելն էր: Ըստ սասունցիների՝ տղան համարվում է չար կամեցողի աչքի փուշը, իսկ աղջիկը համարվում էր դրսի ծառի պտուղը:

Նահապետական ընտանիքների այսպիսի տեսակները գոյատևեցին մինչև 20-րդ դարի 30-ական թվականները: Այսպիսի ընտանիքների որոշ մնացուկներ պահպանվել էին հայկական գյուղերում, սակայն տնտեսության զարգացումը, դրամական միավորի առաջացումը և պանդխտությունը հանգեցրին նահապետական ընտանիքների վերացմանը:

Սակայն նահապետական ընտանիքներում գործող մի շարք ավանդույթներ այսօր էլ պահպանվել են հայկական ընտանիքներում:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին