Հայկական ավանդական խաղեր
Հայկական ավանդական խաղեր ասելիս բոլորն առաջինը պատկերացնում են կոխը, չլիկ դաստան, յոթ քարը, հավալան և շատ ու շատ այլ խաղեր: Դրանցից մի քանիսի մասին կխոսենք այս հոդվածում: Խաղերն ու տարբեր կատակերգական խաղիկները, դեռևս անհիշելի ժամանակներից, հանդիսացել են հայ ժողովրդի կենցաղի անբաժան մասը: Միջնադարում խաղ էին անվանում ոչ միայն մանկապատանեկան խաղերը, այլ նաև թատերական և կրկեսային ներկայացումները: Խաղ կամ խաղիկ էին կոչվում նաև որոշ երգեր, որոնք ուղեկցվում էին խաղային ներկայացումներով: Խաղիկները կարճ բանաստեղծություններ էին, որոնք տարբեր տոների և ծիսական արարողությունների ընթացքում ներկայացվում էին երգերի տեսքով:
Մանկական խաղերը ոչ միայն երեխաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու միջոց էին: Հայերը, դեռ վաղնջական ժամանակներից, մեծ կարևորություն են տվել երեխաների դաստիարակությանը՝ հատկապես տղա երեխաներին: Խաղերը դեռ մանկուց ազդել են երեխաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների զարգացման և կոփման վրա, այլ նաև օգնել են երեխաների մեջ զարգացնել հնարամտություն և մրցակցության գաղափարը: Ինչպես նաև բազմաթիվ կատակերգերն ու խաղիկներն օգնել են երեխաների մեջ զարգացնել սրամտություն և հումորի զգացում:
Խաղերն իրարից շատ են տարբերվում, սակայն կա մի բան, որն ընդհանուր է բոլոր խաղերին, դա է մրցումը և թատերական, խաղարկային բնույթը: Խաղերը հիմնականում իրարից տարբերվում էին սեռատարիքային առանձնահատկությունների հիման վրա: Տղաների համար նախատեսված խաղերը խիստ տարբերվում էին աղջիկների համար նախատեսված խաղերից: Դրանք ավելի շարժուն էին և ավելի մեծ ֆիզիկական ուժ էին պահանջում:
Պատմության տարբեր ժամանակներում և տարբեր տոհմերի ներսում գոյություն են ունեցել միություններ, որոնք ունեին միայն իրենց հատուկ խաղերը: Միության ներսում յուաքանչյուր սեռատարիքային խումբ ուներ իրեն հատուկ հավաքույթի վայրը, ինչպես նաև յուրաքանչյուր միություն հավաքվելու և խաղեր կազմակերպելու իրեն հատուկ ժամն ուներ: Այդ խմբերի անդամները հաճախ կարող էին հասնել մինչև 200-ի, ովքեր ամբողջ գիշեր կարող էին հավաքվել, խաղեր խաղալ և կատակներ անել: Հավաքույթների և խաղերի համար լավագույն վայրը հանդիսանում էր կամ ընդարձակ դաշտը, կամ կտուրը:
Ավանդական խաղային մրցություններ և խաղերի թատերական բեմադրություններ մեծ մասմաբ կատարվել են տոների և տարբեր ծիսական արարողությունների ժամանակ: Իր խաղային ներկայացումների բազմազանությամբ աչքի էր ընկնում բարեկենդանը: Ըստ հնագույն ծեսի՝ բարեկենդանը խենթության և զվարճանքի օր էր համարվում: Ամբողջ համայնքը, որպես կանոն, հավաքվում էր գյուղամիջում և սկսում էր տոնախմբությունը՝ բազմաթիվ մրցություններով, խաղերով, երգ ու պարով: Իսկ վերջում բոլորը հավաքվում էին մեծ սեղանի շուրջ՝ ճաշկերույթի: Հենց այս տոնի ժամանակ էլ ցուցադրվում էին բազմաթիվ ավանդական խաղերի բեմադրությունները:
Հեծյալ խաղեր
Ռազմամրցակցային խաղերը գալիս են դեռ նախնադարյան ժամանակաշրջանից: Ինչքան էլ որ ժամանակի ընթացքում փոփոխվել են դրանց արտահայտչամիջոցները, այնուամենայնիվ, դրանք մինչ օրս էլ պահպանել են իրենց առաքելությունը, այն է՝ ռազմական դաստիարակությունը և առողջ մարմնի կոփումը: Նման խաղերը բնորոշ էին բացառապես արական սեռի ներկայացուցիչներին: Բնական է, որ Հայաստանում պետք է լինեին նաև ձիերի մասնակցությամբ խաղեր, քանի որ Հայաստանում զբաղվում էին ձիերի բուծմամբ և ընտելացմամբ:
Հեծյալ խաղերը կամ ձիախաղերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Դրանցից առաջինը ձիու մասնակցությամբ իրականացվող խաղերն էին կամ ձիավարությունները, որտեղ ձիերը նույնպես փորձարկվում էին արագավազության մեջ: Երկրորդ խումը կազմում էին նիզակախաղերը, որտեղ մասնակիցները նստում էին ձիու վրա, ձեռքներին ունենալով փայտե նիզակ, փորձում էին խոցել հակառակորդին:
Գոյություն ուներ նաև, այսպես կոչված, սպարապետների մենամարտ խաղը, որի ժամանակ մասնակիցներն իրենց սաղավարտի վրա փետուր էին ամրացնում և մենամարտի ընթացքում փորձում էին նիզակով հակառակորդի փետուրը գետնին տապալել:
Այսպիսի ձիախաղերը կամ հեծյալ խաղերը պահպանված են եղել մինչև 20-րդ դարի սկիզբը, և տարածված են եղել հիմականում իշխանավորների շրջանակում: Դրանք հիմնականում խաղում էին տոնակատարությունների ժամանակ:
7 քար
Ռազմական խաղերից է նաև յոթ քարը: Նախկինում այն խաղացել են թշնամու վահանի կոտրված կտորներով: Խաղի մասնակիցները հավաքել են փշրված յոթ կտորները և, դրանք նորից կառուցելով, ամրացրել են իրենց բերդը և դուրս վանել թշնամուն: Իսկ այնուհետև վահանի կտորներին փոխարինելու են եկել յոթ տափակ քարերը: Խաղը կարող է ունենալ 10-20 մասնակից: Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Մի խումը կանգնում է քարերի կողքին, որպես դրանց պահապան, իսկ մյուս խումբը՝ որոշակի հեռավորությունից գնդակը գլորելով, փորձում է քանդել քարերի բուրգը:
Երբ մասնակիցներից մեկին հաջողվում է քանդել բուրգը, ապա մյուս խմբի մասնակիցները պետք է վերցնեն գնդակը և դրանով փորձեն հարվածել հակառակորդ խմբի մասնակիցներին՝ չթողնելով նրանց նորից հավաքել քարերը: Եթե մասնակիցներին հաջողվում էր նորից հավաքեր քարերը, ապա նրանք հաղթող էին ճանաչվում: Եվ իհարկե, այս ամենը շարունակվում էր այնքան ժամանակ մինչև մասնակիցները հոգնեին, կամ մութն ընկներ: Իսկ մութն ըկնելուց հետո արդեն սկսում էին պահմտոցի խաղալ:
Հոլ
Այստեղ մասնակիցների թիվը անսահմանափակ է: Խաղալու համար անհրաժեշտ էր հոլ, որն իրենից ներկայացնում էր կոնանման փայտ՝ երկաթե սուր ծայրով և հատուկ հանգույցով պարան: Հոլը պտտելու համար անհրաժեշտ էր հանգույցն անց կացնել մատի վրա, իսկ պարանի մյուս ծայրը փաթաթել փայտե հոլի վրա: Խաղացողը կտրուկ առաջ է նետում ձեռքը, պարանը բացվում է, և հոլը սկսում է պտտվել գետնին: Նախապես գետնի վրա փոքրիկ փոս էր փորվում և դրանից որոշակի հեռավորության վրա դրվում էր կոճ, այն էր՝ հոլ առանց ծայրի: Խաղացողների մասնակցության հերթականությունը որոշվում էր վիճակահանությամբ:
Խաղի իմաստը նրանում էր, որ հոլը դեռ պտտվելու ընթացքում պետք էր ափի մեջ վերցնել ու հարվածել կոճին: Դա պետք էր անել այնպես, որ այն առաջ տանելով գցեին փոսի մեջ: Խաղը շարունակվում էր այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկին հաջողվում էր ամենաշատը կոճը փոսի մեջ նետել: Մրցանակը, որպես կանոն, հակառակորդի հոլն էր լինում:
Կոխ
Կոխը ժամանակակից ըմբշամարտի նախատիպն է հանդիսանում: Այն տարբեր ծիսակատարությունների, տոների, հավաքույթների և հարսանիքների անբաժան մասն է կազմել: Այն տարբեր անվանումներ է ունեցել՝ գոտեմարտ, գուռաշ, չոքագյուլաշ և այլն: Նախքան գոտեմարտի սկիզբը, ազգային երաժշտության ներքո, մրցակիցները միմյանց հետ պարում են ազգային պարեր, որից հետո միայն սկսում են մրցամարտը: Հաղթող էր համարվում այն մասնակիցը, ով կարողանում էր իր հակառակորդին գետնին տապալել:
Հնում հարսանիքների ժամանկ, երբ հարսանեկան թափորը հասնում էր փեսայի տուն, աղջկա և տղայի ծնողները բեմադրված կոխ էին բռնում՝ այսպիսով ավելի ամրապնդելով իրենց բարեկամությունը: Փեսայի համար նույնպես հարսանեկան կոխը կարևոր գործողություն էր, որի ընթացքում փեսան ցույց էր տալիս իր պատրաստվածությունն ամուսնական կյանքին:
Կոխ բռնելու ավանդույթի տեսարանի հանդիպում ենք նաև «Անուշ» պոեմի մեջ: Որտեղ ասվում է, որ ըստ ընդունված ադաթի իգիթն իր օրում իր իգիթ ընկերոջը գետնին չպիտի տապալի կոխի ժամանակ: Եվ երբ մի անգամ տոնակատարության ժամանակ երկու ընկերներ Սարոն ու Մոսին կոխ են բռնում, և Սարոն, մոռանալով իրենց ընկերական կատակ խաղը, գետնին է տապալում իր ընկերոջը՝ այդ օրվանց Սարոն ու Մոսին անհաշտ թշնամիներ են դառնում:
Հայաստաում դեռ կան որոշ համայնքներ, որտեղ պահպանվել է ազգային ավանդական խաղեր խաղալու ավանդույթը: Նման խաղերի պահպանությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ դրանք պարզապես խաղեր կամ մրցության եղանակներ չեն: Այս խաղերն իրենց մեջ թաքցնում են ազգային ինքնությունն ու ավանդական կենցաղի մի շարք առանձնահատկություններ:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: