Հայոց ազգային էպոսը
«Էպոսը հայ ցեղի ապրած կյանքի և հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունն է աշխարհի առջև»
Հովհաննես Թումանյան
Ազգային էպոսը նկարագրում է տվյալ ազգի կամ էթնոսի ծագումը, զարգացումը և պատմությունը: Այն նաև օգնում է փոխանցել ազգի ինքնորոշման կամ ինքնաճանաչման դրվագները և բազմաթիվ ազգային խորհրդանիշների առաջացման պատմությունը:
Հայկական մշակույթում «Սասնա ծռեր» ազգային էպոսն առանձնահատուկ տեղ է գրավում: Այն ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Սասունցիներն աչքի են ընկել միայն իրենց տեսակին հատուկ համառությամբ, հայրենիք ու հող պաշտելով և մի փոքր էլ «ծուռ» լինելով:
Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով:
1939 թ-ին՝ վիպերգի ստեղծման 1000-ամյակի առթիվ, 60 պատումների հիման վրա կազմվել է միասնական, համահավաք բնագիր (հեղինակներ՝ Մանուկ Աբեղյան, Գևորգ Աբով, Արամ Ղանալանյան), որն ամբողջական և հստակ պատկերացում է տալիս էպոսի մասին:
Էպոսի բովանդակությունը
Էպոսում գործում են վիպական հերոսների չորս հիմնական սերունդ, որոնք միմյանց հետ կապված են ազգակցական կապերով: «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:
Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի զավակներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:
Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ գոտեմարտել էր հսկա առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Վիպասացները նկարագրում էին, որ ինչպես նժույգին հեծած Սանասարը «մեկ սար էր սարի վրա», այնպես էլ նրա որդի Մհերը «խոջա ամրոց էր նստած ձիու վրա»: Մհերը նաև մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:
Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:
Սասնա ծռերի առաքինությունները կատարելության են հասցված Դավթի կերպարում, որին ժողովուրդը դարձրել է իր էպոսի առանցքային կերպարը: Էպոսում հենց Դավիթի կերպարի միջոցով են արտահայտվել հայ ժողովրդի վեհ գաղափարները, խոր հույզերն ու բոլոր նվիրական իղձերը: Հենց Դավիթն էր, ով կռվելով կրտսեր Մըսրա Մելիքի հսկայական զորքի դեմ, սրի մեկ հարվածով սպանում է նրան և Սասունն ազատում է հարկերից և արաբների իշխանությունից: Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:
Դավիթը Մհերին անիծում է, որ անմահ լինի և անժառանգ: Փոխարինելով հորը՝ Փոքր Մհերը քաջաբար պատերազմում է Դավիթի թշնամիների հետ և լուծում հոր վրեժը: Եվ իհարկե, կատարվում է հոր տված անեծքը և «Սասնա ծռեր»-ի վերջին հերոսն, այդպես էլ անժառանգ ծերանալով, փակվում է Ագռավաքարում և պատգամում.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա:
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն:
Եվ այսպես էլ Փոքր Մհերը, անժառանգ մնալով, ավարտում է հայկական հերոսավեպը:
Էպոսում գլխավոր հերոսների կողքին տեսնում ենք ժողովրդի իմաստությունը մարմնավորող Քեռի Թորոսին, Ձենով Օհանին, արտատեր պառավին, արաբ ծերունուն և այլ տարեց մարդկանց, որոնք իրենց խրատներով օգնում են Սասնա քաջերին:
Էպոսի առանձնահատկությունները
Բոլոր ազգային էպոսներն իրենց առջև դնում են պետականության խնդիրը, և եթե այն չունի պետականության խնդիր, ապա այն էպոս համարվել չի կարող: Հայկական ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը:
Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Սակայն պետք է նշել, որ հայկական էպոսի արմատները հասնում են հազարամյակների խորքը, երբ մարդն ուներ ամենապարզունակ ապրելակերպը: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:
Հայկական էպոսում հիշատակվում են թագավորը, իշխանը, հոգևորականը և ռամիկ ժողովուրդը: Սակայն նրանք բոլորն իրենց նիստ ու կացով, բարքերով և կրթությամբ գրեթե չէին տարբերվում: Թագավորը և ժողովուրդը մտերմիկ հարաբերությունների մեջ էին միմյանց հետ: Սասունցիները սիրում էին իրենց տերերին: Նրանց միջև միակ էական տարբերությունն այն էր, որ մեկը հրամայողն էր, իսկ մյուսը՝ լսողը:
Հայոց էպոսի հերոսները ոչ միայն պայքարում էին օտար նվաճողների դեմ, այլև օգնում գյուղացուն առօրյա աշխատանքներում: Նրանք գերմարդկային ուժով օժտված հսկաներ էին, որոնք մեծանում էին ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ: Եվ չնայած իրենց ֆիզիկական ուժի նրանք նաև աչքի էին ընկնում բարությամբ, միամտությամբ և պարզությամբ: Հենց այս պատճառով էլ էպոսի հերոսներին տրվել է «ծուռ» մականունը: Այսինքն էպոսի հերոսները վերացական կերպարներ չեն եղել, այլ իրական մարդիկ՝ իրենց թերություններով և առավելություններով:
«Սասնա ծռեր» էպոսը մեզ հաղորդում է հսկայական տեղեկություններ հայ ժողովրդի ապրելակերպի, ընտանիքի, ներընտանեկան և հասարակության մեջ փոխհարաբերությունների, կրոնական ընկալումների, ծիսական արարողակարգերի և հավատալիքների մասին:
Էպոսն ու հեթանոսությունը
Էպոսում երևում են կրակի պաշտամունքի հետքեր, որոնք բնորոշ են հեթանոսական շրջանին: Հանդիպում են նաև հնագույն ժամանակներից մնացած հավատալիքներ՝ ջրի, լույսի, հողի, երկնային լուսատուների և նախնիների պաշտամունք: Մեծ և Փոքր Մհերները կապվում են Միհր աստծո հետ: Առասպելում դա վառ արտահայտվում է Փոքր Մհերի կերպարի մեջ, ով համարվում էր էպոս մտած Միհր արեգակը:
Լուսնային և արեգակնային հատկանիշներով և գուշակության ու կախարդության շնորհներով էին օժտված նաև էպոսի կանայք՝ Դեղձուն Ծամը, Խանդութը և Գոհարը:
Սանասարը և Բաղդասարը կապվում են հայ առասպելաբանության մեջ ամպրոպային հերոսների հետ, որոնք, կռվելով ջրի ակունքը փակող հրեշի հետ, սպանում են նրան, և ազատում արեգակի աղջկան՝ այս դեպքում Դեղձուն Ծամին:
Էպոսում հիշատակվում է նաև ժողովրդի կողմից սիրված տոներից մեկը՝ Համբարձումը: Չնայած որ այն այժմ քրիստոնեական է, սակայն ունի հեթանոսական ծագում: Հնում այն համարվել է ջրի և ծաղկի տոն: Մարդիկ հավատում էին, որ գիշերվա ընթացքում ջրերը մեկ րոպե կանգ են առնում և հենց այդ գիշեր էլ ջրերն ունենում են բուժիչ հատկություն: Տոնի ժամանակ բախտախաղ էին խաղում և գուշակություններ անում:
Սասունցի Դավթի արձանը
Հայ ժողովուրդն այնքան է սիրել իր էպոսի հերոսներին, և հատկապես Սասունցի Դավթին, որ նրա անունով է կոչվում Երևանի մետրոյի կայարաններից մեկը: Կայարանի դիմաց կանգնեցված է նաև Սասունցի Դավթի արձանը, որի հեղինակն է հայտնի հայ քանդակագործ Երվանդ Քոչարը: Ներկային արձանը տեղադրվել է 1959 թվականի դեկտեմբերի 3-ին, սակայն սա արձանի երկրորդ տարբերակն էր: Արձանի առաջին՝ գիպսե, տարբերակը ստեղծվել էր 1939 թ-ին՝ էպոսի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ: Սակայն արձանի տեղադրումից հետո Քոչարը ձերբակալվեց, քանի որ իր պատրաստած արձանի հեծյալ հերոսի «մերկացրած» սուրը նայում էր դեպի Թուրքիան: Բանտարկությունից 2 տարի անց Քոչարը ազատ է արձակվում: Եվ արդեն 1959թ-ին տեղադրվում է Սասունցի Դավթի արձանի այժմյան տարբերակը:
Սակայն այս արձանը սովորական արձան չէ, այն իր մեջ մի քանի հետաքիրքական գաղտնիքներ է թաքցնում: Առաջինը ձիու պոչն է: Հնում սովորություն կար, որ պատերազմից առաջ ձիու պոչին պարան էին կապում, որպեսզի չխանգարեր, սակայն այս արձան վրա Քոչարը ոչ թե պարան, այլ քյամար (մուսուլմանական գոտի) է կապել: Եթե ուշադիր նայեք, կարող եք տեսնել, որ պոչը հստակ բաժանված է երկու մասի, որոնք էլ նման են կրկին լայն մուսուլմանական շալվար հագած զույգ ոտքերի: Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թշնամին մարմնի կեսով մտած լինի ձիու հետույքը:
Մեկ այլ հետաքրքիր փաստ կապված է Դավթի թրի հետ: Դավիթը իր սուրը պահում է հորիզոնական, այլ ոչ թե ուղղահայաց: Քանի որ նա մենակ էր պատրաստվում կռվել թշնամու զորքի դեմ, հետևաբար չէր կարող նրանց մեկ մեկ սպանել, այլ պետք է արտի նման հնձեր նրանց:
Սասունցի Դավիթ դյուցազնավեպը վերածվել է նաև գեղեցիկ և պատկերազարդ մուլտֆիլմի: Որի միջոցով երեխաներին, դեռ մանկուց, հասցվում են ազգային էպոսի կարևոր գաղափարները:
«Սասնա ծռեր» էպոսը կամ «Սասունցի Դավիթ» ազգային դյուցազներգությունը մեր մշակույթի ամենաճանաչված կոթողներից է նաև ամբողջ աշխարհում: Դեռևս խորհրդային շրջանում այն թարգմանվել է բազում լեզուներով, իսկ 2012-ին ««Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Բլոգ Հայաստանի մասին