info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Հայկական ծիսական տիկնիկները

Հայկական ծիսական տիկնիկներ

Հայկական ծիսական տիկնիկներ

Ծիսական տիկնիկների մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը: Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով: Այս տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր պատմությունը: Սովորաբար հայկական ծիսական տիկնիկներ պատրաստել են կանայք, օգտագործելով ամենատարբեր նյութերը` հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր:

Նուրի կամ անձրևի հարս

Նուրին համարվում էր ծաղկազարդի խորհրդանիշ տիկնիկը, կամ անձրևի հարսը, որից երաշտի ժամանակ գյուղացիներն անձրև էին խնդրում: Երբ մարդիկ տառապում էին ջրի սակավությունից, իսկ հողը չորանում և ճաքում էր, Նուրին սկսում էր արտասվել, և նրա արտասուքից հողը թրջվում էր, իսկ արտերն ու դաշտերը կենդանություն առնում:

Հայկական ծիսական տիկնիկներ

Նուրին անպայման երկար վարսեր և մեծ նշաձև աչքեր է ունեցել, և հենց այս խոշոր աչքերից թափվող արցունքներն էլ կենդանություն են հաղորդել բնությանը:

Նուրիի շապիկը նկարազարդ էր, իսկ գոտին հյուսված էր յոթ ծիածանագույն թելերից: Հնում տարբեր գավառներում Նուրի տիկնիկը պատրաստում էին նաև ցախավելից կամ փայտից: Գլխին միշտ դնում էին ծաղկեպսակ և ամբողջությամբ նրան ծաղիկներով զարդարում: Ժողովուրդը Նուրիի մասին անգամ հատուկ երգ է հյուսել:

Ծաղկազարդի տոնի ժամանակ աղջիկ երեխաները Նուրիին պարեցնելով և երգեր երգելով՝ պտտեցնում էին տնետուն, իսկ մարդիկ էլ դռներից և պատուհաններից ջուր էին ցողում Նուրիի վրա: Տան մեծ կինը նաև երեխաներին էր նվիրում որոշ մթերքներ. մեկը հավկիթ էր տալիս, մյուսը հաց կամ պանիր: Եվ այսպիսով տներից մթերքները հավաքելով՝ երեխաները խնջույք էին կազմակերպում: Եթե պատահմամբ անձրև էր տեղում, երեխաները հրճվում էին և ուրախանում, որ Նուրին իրենց աղոթքը լսել է և իրենց անձրև է տվել:

Վիճակի Արուս

Վիճակի Արուսն էլ համարվում էր Համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը: Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փարչը (հատուկ կավից սափոր) և դրա մեջ լցնում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Այս ամենը միասին հենց կոչվում էր Վիճակ: Այս Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին: Եվ այս ամենի վերջում վիճակի փարչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ Արուսին: Վիճակի փարչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ: Հաջորդ օրն առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու:

Հայկական ծիսական տիկնիկներ

Աղջիկները խմբերով գնում էին սարերը և բազմաթիվ ծաղիկներ հավաքում: Այնուհետև այդ հավաքված ծաղիկներից ծաղկեպսակներ էին պատրաստում, որոնք համբարձման տոնին պետք է նվիրեին տոնի մասնակիցներին:

Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը, բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը: Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև Արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը, որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի: Վիճակի Արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում՝ վրան աչքեր և բերան նկարելով: Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր:

Ասիլիկ Վասիլիկ

Գոյություն ունեին նաև յուրահատուկ խմորից պատրաստված տիկնիկներ: Սրանք կոչվում էին Ասիլիկ Վասիլիկներ: Այս տիկնիկները հիմնականում թխվում էին գուշակություններ անելու նպատակով՝ Ամանորի նախօրյակին: Կախված, թե ում համար էին գուշակություն անելու, այս տիկնիկները կարող էին ունենալ տարբեր կերպարանքներ: Դրանք կարող էին լինել մարդու, կենդանու կամ քսակի տեսքով: Խմորի վրա ձու էին քսում, զարդարում չամիչով և ընկույզով, այնուհետև դնում վառարանի մեջ:

Հայկական ծիսական տիկնիկներ / լուսանկարը՝ Sputnik Armenia

Եթե այն թխվելիս ուռչում էր, ապա ընտանիքում հաջողություն էր լինելու, իսկ եթե սմքում կամ փոքրանում էր, ապա հակառակը՝ անհաջողություններ էին սպասվում: Եթե տանը նոր հարս կար, և թխվելիս փորի հատվածը ուռչում էր, գուշակում էին որ հարսը գալիք տարում պետք է երեխա ունենար: Եթե քսակի տեսքով ասիլիկ-վասիլիկն ուռչում էր, ապա տարին առատ ու հարուստ էր լինելու։ Ասիլիկները համարվում էին իգական տիկնիկները, իսկ Վասիլիկներն արական կերպարով տիկինիկները: Արական տիկնիկները պետք է պարտադիր արտահայտված գոտի ունենային:

Ուտիս տատ և Պաս պապ

Ուտիս տատն ու Պաս պապը հանդիսանում էին Բարեկենդանի տոնի խորհրդանիշները: Այս երկու կերպարները մշտական պայքարի մեջ էին գտնվում: Ուտիս տատը պատկերվում էր թմբլիկ և կարմրաթուշ տիկնիկի տեսքով, ով ձեռքին միշտ շերեփ ուներ: Ի հակադրություն դրան, Պաս պապը պատկերվում էր նիհար և հյուծված՝ ձեռքին էլ միշտ մի փայտ, որով նախատում էր Ուտիս տատին: Ուտիս տատը համեղ, յուղալի կերակուրներ էր պատրաստում երեխաների համար, որպեսզի նրանք ուտեն և զորացնեն իրենց մարմինը:

Ուտիս տատի և Պաս պապի կռիվը / լուսանկարը՝ Երևանի պատմության թանգարանի

Բարեկենդանը համարվում էր այն տոնը, որի ընթացքում մարդիկ կարող էին սրտի ուզածի չափ ուտել և ուրախանալ: Հետևաբար Բարեկենդանը համարվում էր Ուտիս տատի կամ կանացի իշխանության շրջանը: Տոնի վերջում մարդիկ վռնդում էին Ուտիս տատին և դիմավորում Պաս պապին: Բարեկենդանի տոնակատարության վերջում Ուտիս տատին չարչարելով սարից ներքև էին գլորում:

Ակլատիզ

Պաս պապի կերպարը հայտնվում էր մարդկանց տներում Ակլատիզ տիկնիկի տեսքով: Ակլատիզ պատրաստում էր տան ամենատարեց կինը՝ բոլորից թաքուն: Ակլատիզը պատրաստում էին հիմնականում փայտից կամ ծղոտից: Ակլատիզը խստահայաց ծերունու տեսքով տիկնիկ էր, որի ոտքերից ամրացնում էին սոխ կամ կարտոֆիլ: Սոխը վերածնության ու հարության խորհրդանիշ էր. պահքի վերջին օրն այդ սոխից ապուր էին պատրաստում՝ միաjն սոխից և ջրից, որն էլ հադիսանում էր պահքի վերջին կերակուրը:

Տիկնիկների վրա էլ ամրացնում էին 7 փետուր, որոնք էլ խորհրդանշում էին մեծ պահքի 7 շաբաթները: Փետուրներից երեքը հիմնականում սպիտակ էին լինում, մեկը՝ սև ու սպիտակ, իսկ մյուս երեքը՝ սև: Սպիտակ փետուրները խորհրդանշում էին պահքի այն շաբաթները, որոնք ընդգրկում էին ձմռան շրջանը, երբ հողը ձյունով էր պատված, իսկ մյուս երեք սև փետուրները՝ այն շրջանը, երբ ձյունն արդեն հալվում էր և երևում էր սև հողը: Ամեն շաբաթը լրանալուց հետո մեկ փետուր հեռացնում էին:

Հայկական ծիսական տիկնիկներ / լուսանկարը՝ Լուսիկ Ագուլեցու

Այս տիկնիկը հանդիսանում էր նաև պասի օրացույց, և մնացած փետուրներով մարդիկ կարողանում էին հաշվարկել թե ինչքան է մնացել պասի ավարտին: Ակլատիզի թևերից քարեր էին կախում և այն ամրացնում երդիկից, որպեսզի երեխաներին վախեցնեին, որ եթե նրանք խախտեն պահքի կանոնները՝ Ակլատիզը քարերով կհարվածի նրանց: Իսկ նրա վզից կախված կծու պղպեղներն էլ կվառեին երեխաների բերանը:

Ակլատիզը հիմնականում նիհար էր լինում և հյուծված: Ակլատիզը հանդիսանում էր տղամարդկային ուժի խորհրդանիշը, որը պետք է հսկեր հնազանդությունը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն։

Հայկակայն կենցաղում եղել են նաև շատ ուրիշ տիկնիկներ, որոնք ժամանակի ընթացքում ամբողջությամբ դուրս են մղվել կենցաղից և մոռացվել: Վերը թվարկված ծեսերից շատերն այլևս գոյություն չունեն, և ծեսերի վերացման հետ էլ դրանց խորհրդանշող տիկնիկները նույնպես դուրս են մղվել կենցաղից: Սակայն կենցաղում դրանց քիչ կիրառությունը չի խանգարում դրանց մնալ մշակութային ամենագեղեցիկ տարրերից մեկը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին