Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:
Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյաքի և բնության հանդեպ:
Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:
Պարերի մասին վկայություններ կարելի է հանդիպել նաև ժայռապատկերներում: Քարերի վրա տեսանելի են մարդիկ՝ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով: Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան: Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները:
Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը՝ տարազը: Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը: Տարազn առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է, որպես երկրորդ մեղեդի:
Յուրաքանչյուր ժողովուրդ, ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենաթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակույթին բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից:
Ծիսական պարեր
Ծիսական պարերը բոլոր այն պարերն են, որոնք կատարվել են կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, թաղման արարողակարգերի և այլ ծեսերի հետ: Այս պարերն առավելագույնս ամփոփել են տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը՝ իրենց կառուցվածքային բոլոր տարրերով: Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարեկան տոների ժամանակ՝ միայն մեկ անգամ, տվյալ տոնի ընթացքում:
Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ: Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ էին խնդրել: Իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում:
Հայերը պարին շատ զգուշությամբ և լրջորեն էին վերաբերվում: Քանզի պարերը ունեին ծիսական նշանակություն և ձոնված էին աստվածներին, հետևաբար, եթե ինչ-որ պարային շարժում սխալ կատարվեր, այն կբարկացներ աստվածներին:
Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով: Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև: Իսկ ի՞նչ սիմվոլիկա է ունեցել շրջանը: Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է: Պարի մեջ ետ և առաջ շարժումները խորհրդանշել են անկայունություն, և հետաքրքիր է այն փաստը, որ այս տեսակի պարերը հիմնականում պարել են կանայք: Տղամարդիկ հազվադեպ են ընդգրկվել նման պարերի մեջ:
Գոյություն ունի նաև հատուկ ծափ պարերի տեսակ: Ծափն ունի չարխափան նշանակություն, այսինքն ծափ տալով՝ ժողովուրդն արտահայտել է ոչ միայն իր ուրախությունն ու ցնծությունը, այլ պայքարել է չարի դեմ՝ այդ ձևով վախեցնելով չար ուժերին:
Սգո պարեր
Հայ ժողովուրդը պարի մեջ իմաստավորել է շարժման կողմն ու ուղղությունը և դրա մեջ խորհուրդ տեսել: Պարի ժամանակ աջ տեղաշարժը կոչվել է «ճիշտ գնալ»: Ճիշտ գնալ նշանակել է գնալ դեպի բարին, բարիքը: Կողքանց գնալ նշանակել է հաղորդել «կյանքի տատանումները»: Ձախ գնալ նշանակել է ընկնել ձախորդության կամ անհաջողության մեջ:
Հնում, երբ երաշտը մեծ վնասներ էր հասցնում և հողը ոչ մի բարիք չէր տալիս, մարդիկ սգում էին այդ կորուստը՝ կատարելով դեպի ձախ տեղաշարժվող պարեր՝ երաշտի պարեր, որոնք կոչվում էին նաև թարս պարեր:
Վաղնջական ժամանակներում սգո պարեր պարում էին նաև հուղարկավորության ծեսերի ժամանակ:
Մերձավորի մահից մեկ կամ երկու ամիս անց, որպեսզի ընտանիքի անդամները սգից ելնեն, հանգուցյալի ընկերներն ու ազգականները հավաքվում էին, այցելում սուգ պահող հարազատներին, նրանց ստիպում ուտել, խմել և պարել: Այս ամենից հետո համարվում էր, որ ազգականների սուգն ավարտվել է: Այս երևույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ «սգից հանել»:
Ռազմական պարեր
Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ:
Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:
Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը:
Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը:
Ռազմական պարերը պարել են նաև հուղարկավորությունների ժամանակ, հատկապես եթե հանգուցյալը կենդանության օրոք առնչվել է ռազմական գործին:
Յարխուշտա
Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է: Յար-ը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր՝ այս դեպքում համախոհ և զինակից: Իսկ խուշտա բառը ծագում է իրանական «խըշտ» բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք: Այսպիսով՝ Յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր: Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին: Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով:
Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում, որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու: Ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և, որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ՝ յարխուշտա են պարել: Այնքան ժամանակ են պարել, մինչ ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են:
Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել:
Քոչարի
Հեթանոսական ժամանակաշրջանից մինչ օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին: Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել: Մինչև 19րդ դարը քոչարին պարում էին միայն որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը՝ այն սկսեցին պարել բոլորը: Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը: Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Սյունիքի ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն:
Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու և զորանալու աստվածային եւ մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը:
2017 թվականին Հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:
Ժողովրդի հիշողությունից և առօրյայից վաղուց անհետացել են պատկերացումներն այն մասին, որ ինքը մինչ օրս պարում է պարեր, որոնցով մի ժամանակ հմայություններ են արել թշնամուն կամ պարել՝ չար ոգիներին վնաս հասցնելու նպատակով: Ազգային պարն այսօր դարձել է առօրյա կյանքի, խնջույքների, բեմական ներկայացումների անբաժան մի մասը:
Ազգային մի շարք պարեր վաղուց ձեռք են բերել աշխարհիկ բնույթ, նրանցից շատերն էլ վերացվել և մոռացվել, սակայն ազգային պար երևույթը շարունակում է մնալ, որպես ազգի առանձնահատուկ և տարբերակիչ մշակութային տարր:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: