Հայաստանի նման լեռնային երկրներում ամենամեծ հարստությունը լեռներն են: Մեր բոլոր լեռներն են գեղեցիկ, և դժվար է առանձնացնել 5 ամենագեղեցիկը: Ամեն դեպքում՝ մենք առանձնացրել ենք Հայաստանի 5 ամենագեղեցիկ լեռները, որոնք անպայման պետք է տեսնել:
Սևաժայռ – 2727 մ
Սևաժայռ լեռը գտնվում է Վայոց ձորի մարզում, Սևաժայռ գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Լեռը հեռվից գրավում է իր ժայռոտ ռելիեֆով և անմատչելի թվացող տեսքով:
Ուխտասար
Ուխտասարն աշխարհագրական անուն չէ: Ուխտասար անունով լեռ չունենք այս հատվածում: Այսպես է կոչվում Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում գտնվող հնավայրը, որը տարածվել է ողջ լեռնազանգվածի վրա: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:
Ուխտասարի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ` Ուխտասար-Ծղուկ
Սյունիքի բարձրավանդակի այս հատվածում կարելի է առանձնացնել 3 գեղեցիկ լեռնագագաթ՝ Թրասար (3594 մ), Ծղուկ (3581 մ) և անանուն լեռ, որը նման է ուղտի սապատների:
Խուստուփ – 3201 մ
Խուստուփ լեռը գտնվում է Սյունիքի մարզում՝ Խուստուփ-Կատարի լեռնազանգվածում: Կազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներ, մերգելներ, կրաքարեր): Տիրապետում է սառնամանիքային հողմահարումը: Լանջերը մասնատված են, կան քարափներ, քարանձավեր: Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, հյուսիս-արևելյան լանջերը՝ անտառապատ:։ Լեռան ձյան հալոցքից առաջանում են հարյուրավոր աղբյուրներ ու գետակներ, որոնցից գոյանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին են թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:
Արագած – 4090 մ
Արագածը լեռնազանգվածը գտնվում է Հայաստանի Հանրապետության արևմուտքում՝ Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան և Քասաղ գետերի միջև: Իր շրջապատի նկատմամբ առանձնացած բարձրություն է, արտաքնապես կանոնավոր փռված կոն` ատամնավոր գագաթներով, մեղմաթեք լանջերով: Այն Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սաբալանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր լեռն է: Գագաթն ունի 4 սուր կատարներ, որոնցից ամենաբարձրը Հյուսիսայինն է` 4090,1 մ:
Աժդահակ – 3597 մ
Աժդահակը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով:
Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Անվան ծագումը
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
Պատրաստեց՝ Տիգրան Վարագը
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: