info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

3000 մետրից այն կողմ՝ Հայաստանի լեռներում

Հայաստանի սարերը

Լեռնագնացներ Հրաչ Արա-Իվանյանն ու Աղասի Մարտիրոսյանը հաղթահարել են Հայաստանի՝ լեռնագնացության համար նշանակալից գրեթե բոլոր բարձրունքնեը, իսկ 2017 – 2022 թթ․ տարբեր արշավների շրջանակներում բարձրացել են ՀՀ 3000 մետրից բարձր բոլոր հնարավոր գագաթները։

Հրաչ Արա-Իվանյան

Աշխարհին Հայաստանի տարբեր բարձունքներից նայած արշավականներն ի սկզբանե պարզապես արշավում էին, իսկ հետո արդեն նպատակ դրվեց բարձրանալ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների 3000 մետրից բարձր բոլոր գագաթները, տարբեր քարտեզներ ուսումնասիրելով կազմվեցին ցուցակներ։

Հրաչ Արա-Իվանյանը նշում է, որ Հայաստանում կա 3000 մետրից բարձր 194 գագաթ, որոնցից ավելիք քան 150-ը հաղթահարված են։ Մնացածն արգելված են սահմանային լինելու պատճառով։

Հոդվածի վերջում կարող եք ծանոթանալ 3000 մետրից բարձր գագաթների ցանկին։

Սարերում մենակ ու ընկերների հետ

Հրաչը մեր ակումբի ամենակտիվ անդամներից է, որը բավականին շատ է արշավում ու լեռնային վերելքների մասնակցում։ Ասում է՝ ժամանակին մենակ էլ է լեռներ բարձրացել, սակայն հիմա նախընտրում է բացառապես ընկերների հետ՝ հաշվի առնելով և՛ դժվարությունները, և՛ այն ուրախ ակնթարթները, որ ցանկանում ես կիսել։

Ուխտասար

Շատ հաճախ Հրաչն ու Աղասին վերելքի ժամանակ միայն երկուսով են լինում, սակայն, ըստ Հրաչի, դա նաև ունի իր առավելությունները․ «Օրինակ, երկուսով համեմատաբար ավելի արագ ենք քայլում, հետևաբար օրվա ընթացքում ավելի շատ բան ենք հասցնում, այսինքն՝ մի գագաթից այլ գագաթ գնալ, հետո մյուսը, հետո մյուսը ․․․ և այդպես մեկ օրվա ընթացքում մինչև 9 գագաթ։

Հրաչն ու Աղասին

Աղասիի հետ մենք բավականին շատ լեռներ ենք բարձրացել, շատ ենք քայլել, իրար արդեն շատ լավ ենք ճանաչում սարերում տարբեր իրավիճակներում, շատ դեպքերում քննարկելու առանձնապես բան էլ չի լինում, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք կամ ինչպես գործենք կոնկրետ իրավիճակում։ Մեծ խմբերի դեպքում տեմպն էլ է տարբեր, նպատակներն էլ են տարբեր»։

Վայելելով պահը

Երբ Հրաչն ու Աղասին ունենում էին որևէ լեռնաշղթայի 3000 մետրից բարձր գագաթների վերջնական ցանկը, նախապես պլանավորում էին վերելքներն ու մշակում երթուղիները, սկսում նախապատրաստվել յուրաքանչյուր վերելքին։ Գրեթե միշտ արշավականները մի օրում բարձրացել են մի քանի գագաթ՝ եղել են դեպքեր, երբ մեկ օրում քայլել են ավելի քան 50 կմ։ Լսելով նման թվերի մասին կարող է թյուր կարծիք առաջանալ, որ նրանց համար լեռներն ինքնանպատակ էին, և առաջնայինը ցանկերն էին, սակայն Հրաչն այդ ամենը մեկնաբանեց այսպես․ «Մի անգամ պլանավորել էինք Գեղամա լեռներում մի օրում 5 գագաթ բարձրանալ, բայց Գեղաքարի գագաթին այնպիսի ֆանտաստիկ եղանակ էր, այնպիսի հրաշալի տեսարան դեպի Աժդահակ և Գռիձոր, որ ավելի քան մեկ ժամ մնացինք այդտեղ, ուղղակի վայելեցինք։

Հրաչ Արա-Իվանյան

Փոխարենը դեպի Սպիտակասար շատ ավելի արագ քայլեցինք։ Յուրաքանչյուր վերելքը հիշարժան է, ամեն մեկը հետաքրքիր պատմություն ունի։ Քանի որ վերելքներն իրականացրել ենք տարվա բոլոր եղանակներին, այդ առումով էլ իրարից շատ տարբերվող են։ Ամեն վերելք, ամեն արշավ շատ հիշվող տեսարաններ, լուսաբացներ ու մայրամուտներ ունի»։

Զանգեզուրի լեռները

Հրաչը պատմեց, որ Զանգեզուրի լեռները թողել էին վերջում, և իրենց այդ որոշումը նա մեկնաբանեց այսպես․ «10 մարզերից 9-ի առանձին-առանձին մանրամասն տոպոգրաֆիկ քարտեզները, որտեղ նշված են բոլոր լեռնագագաթները ունեինք, բացակայում էր Սյունիքի մարզի նման մանրակրկիտ քարտեզը։ Մտավախություն ունեինք, որ չգնանք որևէ գագաթ, որին շատ մոտ նաև այլ՝ մեզ անհայտ գագաթներ լինեն։ Օգնության եկավ քարտեզագիր Անուշավան Բարեղյանը»։

Ալուկ լեռան չպլանավորված վերելքը

Խոսելով այն մասին, թե արդյոք կա՞ն Հայաստանում 3000 մետրից բարձր այնպիսի լեռներ, որոնք նրանք են առաջինը բարձրացել՝ արշավականը նկատեց, որ Հայաստանում շատ քիչ լեռնային ուղղություններ կան, որ մարդու ոտք չի տրորել․ «Գոնե մոտակա գյուղերի հովիվները հաստատ հասել են։

Հրաչն ու Ստեփանը՝ Ալուկ լեռան գագաթին

Ամեն դեպքում Զանգեզուրի լեռներում կար մի գագաթ՝ Ալուկը, որ ի սկզբանե հստակ չէր՝ կարելի՞ էր բարձրանալ, թե՞ ոչ սահմանամերձ լինելու պատճառով։ 2018 թ․ ArmGeo-ի հետ գնացինք Ծակքարի լիճ, քարտեզներով նայելուց ավելի հստակ դարձավ, որ հնարավոր է բարձրանալ գագաթ։ Այդ արշավի ընթացքում արշավախմբի տղաներից Ստեփանի հետ բարձրացանք Ալուկ»։

Հրաչը, Գևորգը և Գառնիկը

Արշավականն ասաց, որ երկրորդ անգամ էլ մեր ակումբի անդամներ Գևորգ Հարությունյանի և Գառնիկ Պողոսյանի հետ է այդ գագաթ բարձրացել, որովհետև Ալուկը յուրահատուկ է, քանի որ գագաթից բացվում է Զանգեզուրի լեռնաշղթայի՝ իրենից ավելի բարձր 5 գագաթների տեսարանը։ Դրանից հետո ևս մի քանի անգամ վերելք է կատարել Ալուկ, այդ թվում նաև Աղասիի հետ։

Ձմեռային վերելք՝ դեպի Հայաստանի ամենաբարձր կետ

Հրաչը պատմում է, որ բոլոր արշավներն ու վերելքներն էլ առանձնանում են մեկը մյուսից տարբեր հիշողություններով, հետաքրքիր փորձառություններով, ինչպես նաև լեռնագնաց ընկերներով, որոնց հետ անցնում ես ճանապարհն ու հասնում գագաթ։ Խոսելով ամենադժվար վերելքի մասին՝ արշավականն առանձնացրեց Հայաստանի ամենաբարձր կետ՝ Արագածի Հյուսիսային գագաթ (4090 մ) իրականացված ձմեռային վերելքը։

Ձմեռային վերելք՝ դեպի Արագածի Հյուսիսային գագաթ

«Մենք ArmGeo-ի հետ ձմեռային վերելք ունեցանք դեպի Արագածի Հյուսիսային գագաթ, ու դա արդեն այլ մակարդակի վերելք էր՝ շատ տարբերվող մյուսներից։ Լեռնագնացության մեջ ամենացանկալին հենց այն է, որ չնախատեսված, անակնկալ բաներ չլինեն, ու որ ստացվում է ամեն ինչ պլանավորածին համապատասխան, դա արդեն հաջողություն է։

Քանի որ այն Հայաստանում բարձրության և բարդության առումով ամենադժվար ուղղություններից է բնականաբար ընտրվել էր համապատասխան պատրաստվածության թիմ, բոլորս իրար հետ հարյուրավոր կիլոմետրեր քայլած ընկերներ էինք, ու, բարեբախտաբար, ամեն ինչ ստացվեց»,-նշում է Հրաչը։

Սարերը միշտ կանչում են

Արշավականը նման բարձունքներ հաղթահարելուց հետո՝ չի վախենում, որ այլևս Հայաստանում բարձրություն չի մնա հաղթահարելու․ «Ինձ համար ինքնանպատակ չէ ինչ-որ սար բարձրանալն ու փաստն արձանագրելը և համարել այդ էջը փակված։ Այն տեղերում, որ ես եղել եմ նախկինում, երկրորդ, երրորդ և ավել անգամներ գնում եմ, բազմաթիվ են 10 և ավել անգամներ բարձրացած գագաթները, այսինքն՝ ինձ ձգում են որոշ գագաթներից բացվող տեսարանները և այդ գագաթներ տանող արահետները, դրա համար էլ չեմ մտահոգվում դատարկության զգացողություն ունենալուց, առավել ևս, որ միշտ չէ, որ լավագույն զգացողությունները եղել են առաջին անգամ տվյալ լեռը բարձրանալիս։

Հրաչ Արա-Իվանյան

Օրինակ, 2020 թ․-ին ArmGeo-ի հետ գնացինք 3000 -ի ցանկից Թրասար, Ուղտասար ու Ծղուկ լեռները, երկու օրում այդ երեք լեռները բարձրացանք, առաջին անգամը չէր, բայց Սյունիքի բարձրավանդակը և այդ գագաթները, մեզ ծանոթ լինելով հանդերձ, այդ օրերին ինձ շատ զարմացրեցին։ Միշտ առկա է Հյուսիսային գագաթ և Խուստուփ վերադառնալու ցանկությունը»։

3000 մետրից բարձր լեռներից աշխարհն ուսումնասիրած արշավականները պատրաստ են հետ վերադառնալ նույն լեռները նորից ու նորից, քանի որ դրանք երբեք ու երբեք չեն կրկնվում։

Հայաստանի 3000 մետրից բարձր լեռների ցանկը

ԱՐԱԳԱԾ (Հյուսիսային) – Արագածի Հյուսիսային գագաթը ՀՀ ամենաբարձր կետն է (4090 մ)
ԱՐԱԳԱԾ՝ Արևմտյան – 3995 մ
ԱՐԱԳԱԾ` Արևելյան – 3908 մ
ԱՐԱԳԱԾ` Հարավային – 3887 մ
ՔԱՐԱՊԱՐ – 3476 մ
ԼԵՍԻՆԳ – 3437 մ
ՔԱՐՈՒՏ – 3424 մ
ԹԵԺԱՌՈՒՅՔ – 3423 մ
ՓՈՔՐ ԹԵԺԱՌՈՒՅՔ – 3332 մ
ՆԻԳԱՍԱՐ – 3316 մ
ԿԱՔԱՎԱՍԱՐ – 3303 մ
ՔԱՐԱԿԱՏԱՐ – 3277 մ
ՊՌՈՇԻՍԱՐ – 3257 մ
ՍՈՒՐԲ ԼԻՃ – 3250 մ
ԱՄՊՈՒՐ – 3235 մ
ՔԱՐԱԿԱՐԿԱՌ – 3138 մ
ԱՐՔԱՅԻՑ – 3121 մ
ԻՇԽԱՆԱՑ – 3100 մ
ԿԼՈՐԿՈՆԴ – 3082 մ
ԶՈՀԱՍԱՐ – 3063 մ
ԱԳՌԱՎԱՔԱՐ – 3025 մ

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԼԵՌՆԵՐ

ԿԱՊՈՒՏՋՈՒՂ – լեռնագագաթ (3905 մ)՝ Զանգեզուրի լեռների ամենաբարձր գագաթը
ԳԱԶԱՆԱԼԵՌ – 3829 մ
ՍԻՍԱԿԱՊԱՐ – 3826 մ
ՓԱՌԱԿԱՆ – 3826 մ
ՇԻԿԱՁՈՐ – 3752 մ
ԱԼՈՒԿ –  3707 մ
ԵԿԵՂՅԱՑ – 3621 մ
ՇԵԿ – 3576 մ
ՍԵՎՔԱՐ – 3574 մ
ՈՒՂՏԱՍԱՐ – 3563 մ
ԽՈՉԱՔԱՐ – 3559 մ
ՀԱԶԱՐԱՑ – 3475 մ
ԻՆՉՔ – 3436 մ
ՍԱՌՑԱԼԻ – 3434 մ
ՔԱՋԱՐԱՆՑ – 3403 մ
ԴԱՐԱՆԱԿ – 3388 մ
ՆԱՀԱՊԵՏ – 3376 մ
ԵՐՆՋԱԿ – 3368 մ
ԽՈՅԱՔԱՐ – 3354 մ
ԱՐԾԱԹԻ – 3341 մ
ՇԱՀԱՊՈՆՔ – 3204 մ
ԱՂՈԹԱՐԱՆ – 3161 մ
ԿԱՊՏԱՐԵԳԻ – 3158 մ
ԳՈՂԹԱՆ – 3146 մ
ԱՅՐԻՍԱՐ – 3126 մ
ԳՈԳԻ – 3120 մ
ԻՇԽԱՆՔ – 3102 մ
ՍԻՍԿԱՏԱՐ – 3093 մ
ՔԱՌԱՍՆԻՑ – 3089 մ
ՈՒԼԱՂԲՅՈՒՐ – 3083 մ
ՈՂՈՐԿ – 3076 մ
ԱՐԱԾԻՆ – 3072 մ
ԳԱԲՈՒՌ – 3060 մ
ԿԱՐՄՐԱԿԱՏԱՐ – 3055 մ
ԼԵՐԿԱՍԱՐ – 3011 մ

ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ

ԱԺԴԱՀԱԿ – (3597 մ)՝ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը
ՍՊԻՏԱԿԱՍԱՐ – 3555 մ
ԿԱՐՄԻՐ ԿԱՏԱՐ – 3530 մ
ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՂՈՒՍԱՐ – 3468 մ
ԳԵՂԱՍԱՐ – 3443 մ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՂՈՒՍԱՐ – 3434 մ
ԱՂՈՒՍԱՐ – 3335 մ
ԴԻՄԱՑԼԵՌ – 3335 մ
ԳԵՂՄԱՂԱՆ – 3319 մ
ՆԱԶԵԼԻ – 3312 մ
ՈՍԿԵՍԱՐ – 3291 մ
ՇԱՄՓՐԱՍԱՐ – 3259 մ
ԱԿՆԱՍԱՐ – 3258 մ
ՈՉԽԱՐԹՈՒՄԲ – 3238 մ
ՍԵՎԿԱՏԱՐ – 3225 մ
ՍԵՂԱՆԱՍԱՐ – 3219 մ
ՆԱՐԻՆԵ – 3200 մ
ՇՈՒՇԱՆ – 3200 մ
ՈՒՂՏՈՒՊԱՐ – 3196 մ
ԳՌԱՍԱՐ – 3182 մ
ՊԱՅՏԱՍԱՐ – 3177 մ
ՈՒՂՏՈՒՍԱՐ – 3170 մ
ՎԻՇԱՊԱՍԱՐ – 3157 մ
ԼՃԱՍԱՐ – 3153 մ
ԵՐԻՑԱՍԱՐ – 3139 մ
ՔԱՐՀԱՆՔ – 3139 մ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ – 3132 մ
ԳԵՂԱՔԱՐ – 3131 մ
ԳԵԼՈՅԻՍԱՐ – 3104 մ
ՄԵԾ ԱՌՅՈՒԾՆԱԽԱԶ – 3092 մ
ՄԱՆԿՈՒՆՔ – 3088 մ
ՄԱԶԱԶ – 3087 մ
ԾԱՂԿԱՎԵՏ – 3076 մ
ՄԱՌԱԽԼԱՊԱՏ – 3034 մ
ԱՃԱՌ – 3018 մ
ՎՐԱՆԱՏԱԿ – 3007 մ
ՓՈՔՐ ԱՌՅՈՒԾՆԱԽԱԶ – 3002 մ

ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ

ԹՐԱՍԱՐ – լեռնագագաթ (3594 մ)՝ Ծղուկի լեռների ամենաբարձր գագաթը
ԾՂՈՒԿ – 3582 մ
ՄԵԾ ԻՇԽԱՆԱՍԱՐ – 3549 մ
ՈԻԽՏԱՍԱՐ – 3528 մ
ՓՈՔՐ ԻՇԽԱՆԱՍԱՐ – 3451 մ
ՏՈՆԱՍԱՐ – 3357 մ
ԳՈՄԱՅՐ – 3301 մ
ԿԵՓԱՍ – 3285 մ
ԲԱՐԱԿ – 3271 մ
ՄԵԾ ՔԱՐԱԽԱՉ – 3234 մ
ԳԼՈՒԽ ՁԱԳԵՁՈՐԻ – 3233 մ
ԲԱԶԵՆՔ – 3222 մ
ՎԱՐԴԱՍԱՐ – 3215 մ
ԿԱՐԿԱՌ – 3207 մ
ԾԻԾԵՌՆԱՔԱՐ – 3182 մ
ՔԱՐԱԽԱՉ – 3178 մ
ՈՒԽՏՈՒԱԿՈՒՆՔ – 3169 մ
ՍԵՂԱՆԱՍԱՐ – 3064 մ
ՉԸՌՉԸՌ – 3059 մ

ՎԱՐԴԵՆԻՍԻ ԼԵՌՆԵՐ

ՎԱՐԴԵՆԻՍ – լեռնագագաթ (3522 մ)՝ ամենաբարձրը Վարդենիսի լեռներում
ԱՍՏՂՈՆՔ – 3470 մ
ՍԱՆԴՈՒԽՏԱՍԱՐ – 3454 մ
ՄԵԾ ՍԵՎՔԱՐ – 3393 մ
ԿՈԿ – 3364 մ
ԱՐՋԱՍԱՐ – 3356 մ
ԱՍՏՂԱԲԵՐԴ – 3328 մ
ՍՈԽԱՍԱՐ – 3308 մ
ՍԱՔՈՅԻՎԱՐ – 3299 մ
ՄՐՏԱՎԱՐ – 3287 մ
ԾԱՓԱԹԱՂ – 3273 մ
ՍՈԽՈՒՏ – 3226 մ
ԿԶՆՈՒՏ – 3206 մ
ԳԵՏԻՑՍԱՐ – 3196 մ
ՔԱՐՊՍԱԿ – 3141 մ
ՔԱՐԱԳԼՈՒԽ – 3132 մ
ԳԱՄ – 3113 մ
ԴԻՎԱՍԱՐ – 3072 մ
ՔՈՉԱՍԱՐ – 3070 մ
ՍԵՎՔԱՐ – 3063 մ
ՓՈՐԱԿ – 3047 մ
ԱՄԲԱՏԱՍԱՐ – 3027 մ
ՔԱՌԱՍՆԱՂԲՅՈՒՐ – 3027 մ

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԵՐ

ԾԱՐԱՍԱՐ – 3427 մ, Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԾԱՐԱՍԱՐ – 3403 մ
ՔԱՐԱԽԱՉ – 3342 մ
ԿԱՆԳՎԱՐ – 3246 մ
ԳՈՄՔ – 3052 մ
ՄՈԽՐԱՍԱՐ – 3037 մ
ԿԱՏԱՐԱԺԱՅՌ – 3008 մ

ԲԱՐԳՈՒՇԱՏԻ ԼԵՌՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ – 3399 մ, Բարգուշատի լեռների ամենաբարձր գագաթը
ԳԵՂԱՔԱՐ – 3348 մ
ԹԱՌԱԿԱՏԱՐ – 3277 մ
ԲԱՂԱՑՍԱՐ – 3249 մ
ՍԱՊԱՏ – 3235 մ
ԵՐԿԱԹԱՎՈՐ – 3233 մ
ԵՐԿԱԹԱՍԱՐ – 3211 մ
ԽՈՒՍՏՈՒՓ – 3201 մ
ԿԱՊ – 3105 մ
ՃԳՆԱՎՈՐ – 3024 մ
ՎԻՃԱՍԱՐ – 3015 մ
ԿԱՏԱՐ – 3012 մ
ՍԵՎԱԺԱՅՌ – 3083 մ
ԵՍԱՅՈՒՍԱՐ – 3025 մ
ԱՅՐԱԾՈ – 3006 մ
ՔԱՌԱՍՈՒՆՔ – 3003 մ

ԹԵՔՍԱՐԻ ԼԵՌՆԵՐ

ՍԵՄԱՍԱՐ – 3385 մ, Թեքսարի լեռների ամենաբարձր գագաթը
ՃԱՂԱՏՍԱՐ – 3334 մ
ՀՈՒՍՈՍԱՐ – 3214 մ
ՇԵԿՍԱՐ – 3149 մ
ՎԱՆՔԱՍԱՐ – 3078 մ
ԾԱՆԻ – 3060 մ

ՍԵՎԱՆԻ ԼԵՌՆԵՐ

ՓԵՐԵԶԱԿ – 3290 մ, Սեվանի լեռների ամենաբարձր գագաթը
ԱՄԻԿ – 3282 մ
ԴԻՄԱՀԱՅԱՑ – 3202 մ
ԵՐԻՇԱՏ – 3124 մ
ՍԱՐԱՆԱՐ – 3076 մ
ՍՈՍԻ – 3070 մ
ՔԱՐԽԱՉ – 3062 մ
ԱՐՇԱԿԻՍԱՐ – 3016 մ

ՋԱՎԱԽՔԻ ԼԵՌՆԵՐ

ԱՉՔԱՍԱՐ – 3196 մ, Ջավախքի լեռների ամենաբարձր գագաթը
ԿԵՉՈՒՏ – 3158 մ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՉՔԱՍԱՐ – 3155 մ
ԱՆԴՐԱՆԻԿ – 3135 մ
ԳԱՅԼԱՔԱՐ – 3122 մ
ԿՈՒՐԹԱՆԱՍԱՐ – 3083 մ
ՀՈՎԱՍԱՐ – 3077 մ
ԼՈՌՈՒՍԱՐ – 3064 մ
ԽԵՆԹԱՍԱՐ – 3045 մ
ՄԹԻՆ – 3038 մ
ԼԻՃԿԱՏԱՐ – 3026 մ
ՓՈՔՐ ԼԻՃԿԱՏԱՐ – 3006 մ

ՓԱՄԲԱԿԻ ԼԵՌՆԵՐ

ԹԵԺԼԵՌ – 3101 մ, Փամբակի լեռների ամենաբարձր գագաթը
ՁԻԹՀԱՆԻՑ ՍԱՐ – 3081 մ
ՍՈՒՐԲ ԿԻՐԱԿԻ – 3074 մ
ԱՄՊԱՍԱՐ – 3053 մ
ԽԱՂԽԱՂ – 3044 մ
ԽՈՐՈՒՆԿ – 3043 մ

ԵՂՆԱՂԱԽԱՂԻ ԼԵՌՆԵՐ

ՄԵԾ ԱՂՆԱԽԱՂ – 3042 մ, Եղնաղախաղի լեռների ամենաբարձր գագաթը
ԵՌԱԿԱՏԱՐ – 3011 մ

ԲՈՎԱՔԱՐԻ ԼԵՌՆԵՐ

ԲՈՎԱՔԱՐ – 3016 մ, Բովաքարի լեռների ամենաբարձր գագաթը

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Հայկական լեռնաշխարհ